Տեւական ժամանակ է, ինչ մայրաքաղաք Երեւանում գործող առեւտրի կենտրոններից եւ տոնավաճառներից առեւտրականները զանգվածաբար տեղափոխվում են այլ կենտրոններ: Այս անգամ Նոր Նորք վարչական շրջանում գտնվող «Պալաս» առեւտրի կենտրոնի առեւտրականներն են դժգոհության ալիք բարձրացրել: Բանն այն է, որ Երեւանում յուրաքանչյուր նոր առեւտրի կենտրոնի բացումից հետո հաճախորդները նախընտրում են գնալ այնտեղ, ինչի արդյունքում հնաբաց կենտրոնները եկամտի կորուստներ են ունենում:
Ձեռներեցների` մի առեւտրի կենտրոնից մեկ այլ կենտրոն տեղափոխվելու օրինակները բազմաթիվ են. անցած տարի «Հրազդան» տոնավաճառի առեւտրականները բողոքի ակցիաներ արեցին եւ տեղափոխվեցին «Առինջ մոլ»: Նրանց հաջորդեցին «Սուրմալու»-ի, «Փեթակ»-ի առեւտրականները, իսկ վերջերս էլ այդ շարքին միացան «Մալաթիա» տոնավաճառի վաճառականները: Նախօրեին էլ հայտնի դարձավ, որ Նոր Նորք վարչական շրջանում գործող «Պալաս» առեւտրի կենտրոնի առեւտրականներին են բողոքում. եվ այս բոլոր դեպքերում էլ խնդիրը նույնն է՝ տաղավարների չափազանց բարձր վարձավճարները:
Նախկին տարիների համեմատ զգալիորեն նվազ շրջանառությամբ աշխատող առեւտրականները պահանջում են կիսով չափ նվազեցնել տաղավարների վարձավճարները: Սակայն անարձագանք. առեւտրի կենտրոնների սեփականատերերը չեն զիջում: Արդյունքում՝ տոնավաճառների աշխատակիցները զանգվածաբար տեղափոխվում են մեկ այլ տոնավաճառ, հիմնականում` «Առինջ մոլ»:
Նոր Նորքի վարչական շրջանում գտնվող «Պալաս» առեւտրի կենտրոնի տնօրենը բարձրացնում է տաղավարների վարձավճարները, իսկ առեւտրականներն էլ իրենց հերթին՝ ապրանքի գները: Արդյունքում՝ տարեսկզբից մինչ օրս «Պալաս» առեւտրի կենտրոնում փակվել է 10 խանութ: «Ժողովուրդ»-ը «Պալաս»-ի առեւտրականներից տեղեկացավ, որ փակվող խանութների ձեռներեցները տեղափոխվել եւ հաստատվել են «Առինջ մոլ»-ում: «Պալաս»-ի առեւտրականների պատմելով՝ տաղավարի վարձը ամսական կազմում է 250-300 հազար դրամ: Ընդ որում, էլեկտրաէներգիայի վարձը նույնպես վճարում են առեւտրականները:
«Եթե տարածքը թանկ է, առեւտուր էլ չկա, ստիպված ապրանքն ենք թանկացնում, որ գոնե կարողանանք տաղավարների ամսական վարձերը մարել: Լրացուցիչ վարկային պարտավորություններ ունենք, որոնք առեւտուր չունենալու հետեւանքով չենք մարում: Տարեսկզբից սկսեց դժվարանալ մեզ համար: Պատահում է, որ օրերով մարդ չի մտնում առեւտրի կենտրոն: Միայն մենք ենք՝ առեւտրականներով: Եթե առեւտրի կենտրոնի տնօրենը նվազեցնի տաղավարների սակագինը, ապա մենք էլ մեր հերթին կիջեցնենք ապրանքի գինը: Այս կերպ հետ կբերենք մեր հաճախորդների գոնե կեսին: Իսկ տարիներ առաջ ամեն ինչ կարգին էր. հիշում եմ, որ շաբաթ-կիրակի օրերին «Պալաս»-ը լեցուն էր հաճախորդներով, տեղ ու դադար չէր լինում»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում անկեղծացավ «Պալաս»-ի առեւտրականներից մեկը, ով հրաժարվեց ներկայանալ:
Վաճառողները բողոքում են, որ առեւտուր չկա, իսկ գնորդներն էլ՝ որ գներն են շատ բարձր: Սակայն առեւտրականներն ունեն իրենց պարզաբանումը՝ կապված հագուստի բարձր գների հետ: Թեեւ վաճառողներն առեւտուր չլինելը հիմնականում բացատրում են մարդկանց փող չունենալով, սակայն ոմանք էլ դա պայմանավորում են նոր բացված մոլերի առկայությամբ: Վաճառականների պատմելով՝ «Պալաս» մտած մարդկանց մեծ մասը պարզապես շրջում է, հարցնում ապրանքների գները, ապա հեռանում:
Ի դեպ, «Պալաս» առեւտրի կենտրոնը եռահարկ է. այսօր հիմնականում գործում է առաջին հարկը, որովհետեւ երկրորդ հարկում փակվել է տասը խանութ, իսկ նույն հարկի մյուս խանութները պարապուրդի մեջ են, քանի որ հաճախորդները չեն բարձրանում, որ մտնեն: Առեւտրի կենտրոնի երրորդ հարկում մի սրճարան է գործում, որից ժամանակ առ ժամանակ օգտվում են վաճառականները:
«Ժողովուրդ»-ին դիմած առեւտրականների խոսքերով՝ իրենց բիզնեսի անկման հարցում դեր ունեն նաեւ արդեն բացված մոլերը՝ «Ռոսիա մոլ»-ը, «Դալմա Գարդեն մոլ»-ը, «Առինջ մոլ»-ը եւ «Երեւան մոլ»-ը, որտեղ քաղաքացիները ավելի ցածր գնով են ձեռք բերում հագուստը, քան «Պալաս»-ում:
Առեւտրականները տաղավարների վարձավճարները նվազեցնելու խնդրանքով դիմել են առեւտրի կենտրոնի տնօրեն Արմեն Պալիկյանին: Սակայն վերջինս չի զիջել նրանց՝ սակագները թողնելով անփոփոխ: «Ժողովուրդ»-ը փորձեց կապ հաստատել «Պալաս»-ի տնօրինության հետ, սակայն համացանցում առկա հեռախոսահամարներին ոչ ոք չպատասխանեց:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
30 ԱՀԱԲԵԿԻՉ Է ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼ
«Իսլամական պետություն»-ը որոշ երկրներում, այդ թվում՝ Թուրքիայում, ահաբեկչություններ է նախապատրաստում Ռուսաստանի Դաշնության եւ Իսրայելի քաղաքացիների նկատմամբ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Haberturk-ին: Վերջինիս տեղեկությունների համաձայն՝ այդ տվյալները ստացվել են մարտի 8-ին Գազիանտեպում «Իսլամական պետության» անդամների հարցաքննության ընթացքում: Պարբերականը հաստատում է, որ նման հարձակումների համար 30 ահաբեկիչ է նախապատրաստվել: Եվ դրա հետ կապված՝ թուրքական իշխանությունները ուժգնացրել են անվտանգության միջոցառումները:
Հիշեցնենք, որ մարտի 19-ին Ստամբուլի Իստիկլյալ թաղամասի գլխավոր փողոցներից մեկում մահապարտ ահաբեկիչը պայթեցրել էր իրեն: Երկրի իշխանությունները հայտնել էին 5 մարդու մահվան մասին, այդ թվում՝ մահապարտի: Զոհվել էին Իսրայելի 3 քաղաքացի, մյուս 2-ը ունեին ԱՄՆ-ի եւ Իրանի քաղաքացիություն: