«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ կրթության եւ գիտության նորանշանակ նախարար Լեւոն Մկրտչյանը սկսել է վերանորոգել իր աշխատասենյակը: ԿԳ նախարարի մամուլի քարտուղար Լուսինե Մարգարյանն այս առիթով «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Քանի որ նախարարը նախագահի հետ ԱՄՆ-ում է, սա հարմար առիթ է աշխատասենյակը վերանորոգելու համար: Նա դեռ նախարարության աշխատակիցներին ներկայացնելու ժամանակ հայտարարել էր, որ կփոխի գույները: Հիմա աշխատասենյակի գույները փոխարինում է իր համար աշխատանքային, պարզ գույներով»: Հիշեցնենք, որ ԿԳ նախարարությունը նոր է տեղափոխվել այս տարվա սկզբին շահագործման հանձնված ՀՀ կառավարության՝ Վազգեն Սարգսյան 3 հասցեում տեղակայված շենք: Լեւոն Մկրտչյանն էլ զբաղեցնում է նախկին նախարար Արմեն Աշոտյանի ճաշակով հարդարված եւ կահավորված աշխատասենյակը, որի առաջին օգտագործողն ինքն է, քանի որ նախկին «տերը» այդպես էլ չհասցրեց այն վայելել: Եւ այս իրավիճակում մեզ մնում է արձանագրել, որ կա՛մ Արմեն Աշոտյանն այնքան վատ ճաշակ ունի, որ ըստ նրա ճաշակի ձեւավորված պայմաններում հնարավոր չէ աշխատել, կա՛մ էլ Լեւոն Մկրտչյանն է չափից ավել քմահաճ, որ նույնիսկ մի քանի ամիս չի ցանկանում սպասել, որպեսզի առկա հարդարումը գոնե մի փոքր հնանա:
Հայ-ադրբեջանական շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը վերջին երկու տարիներին սկսել են պարբերական բնույթ կրել: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կոչերը եւս որեւէ կերպ ազդեցություն չեն ունենում: «Ժողովուրդ»-ը ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանից հետաքրքրվեց, թե ըստ իրեն՝ ինչն է պատճառը, որ համանախագահների կոչերն արդյունք չեն տալիս: Ըստ Հարությունյանի՝ միանշանակ է, որ Ադրբեջանը չի ցանկանում ո՛չ հիմնախնդիրը կարգավորել փոխհամաձայնության միջոցով, ո՛չ էլ ստատուս քվոյի պայմաններում բանակցել: «Բաքվի վերնախավը երկու տարբերակի պարագայում էլ վտանգ է զգում իր մաշկի համար, այդ պատճառով նախընտրում է հայրենասիրության քողի տակ հոխորտալ՝ «հայկական սպառնալիքի» եւ «կորուսյալ հայրենիքի» միջոցով սեփական իշխանության ամրության հարցերը լուծելով: Գլխավոր պատճառը, բնականաբար, Բաքվում է, սակայն միջազգային հանրությունը եւս անելիք ունի այդ ուղղությամբ»,- ասաց ԼՂՀ վարչապետը:
Անցած տարվա նոյեմբերի 25-ին Մարաշում վնասազերծված «հանցավոր» խմբի անդամների գործի քննությունը կարծես մոտենում է ավարտին: ՀՀ ԱԱԾ-ի՝ նշված գործը քննող քննիչները գործով անցնող մեղադրյալների ցանկը, ըստ ամենայնի, այլեւս չընդլայնելու հանձնարարություն են ստացել: «Ժողովուրդ»-ին լուրեր հասան, որ կալանավորվածներից մի քանիսի ցուցմունքներում ներկա եւ նախկին տարբեր պաշտոնյաների անուններ են նշվել, այդ թվում ՀՀ պաշտպանության նախարարության եւ ԱԱԾ-ն ներկայացնող, ինչպես նաեւ Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատի գործարարների անուններ: Ուստի ԱԱԾ-ն այդ իմաստով փակուղում է հայտնվել: Եթե բոլոր այդ ցուցմունքներին ընթացք տան, ապա ներիշխանական խառնաշփոթ կարող է սկսվել. Սերժ Սարգսյանի թիմի մեծ մասը պետք է ԱԱԾ գնա: Բայց մյուս կողմից էլ կասկածներ կան, որ կալանավորվածները միտումնավոր են այդպես վարվում՝ փորձելով հնարավորինս շատ մարդկանց ներքաշել այս պատմության մեջ:
Վերջին օրերին մամուլի ուշադրության կենտրոնում են հայտնվել պաշտոնյաների գույքի եւ եկամուտների հայտարարագրերը: Լրագրողները մեկը մյուսին հերթ չեն տալիս այս կամ այն պաշտոնյայի հայտարարագիրը հրապարակելու հարցում: Սակայն պարզվում է՝ Հայաստանում կան նաեւ արտոնյալ բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնց հայտարարագրերը ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կողմից չեն հրապարակվում: Խոսքը Հայաստանի երկու քննչական գերատեսչությունների՝ ՀՀ քննչական կոմիտեի եւ ՀՀ հատուկ քննչական ծառայության ղեկավար կազմի մասին է: ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանի եւ ՀՔԾ ղեկավար Վահրամ Շահինյանի գույքի եւ եկամուտների մասին հայտարարագրերը, չգիտես ինչու, գաղտնի են պահվում: Նկատենք, որ անգամ Սերժ Սարգսյանի ու Հովիկ Աբրահամյանի հայտարարագրերն են հասանելի բոլորին: Ավելին՝ բաց է նաեւ ԱԱԾ տնօրենի ու պետեկամուտների կոմիտեի նախագահի ունեցվածքի ինֆորմացիան, որոնք եւս, ինչպես հայտնի է, քննչական գործառույթներ ունեն: Հետաքրքիր է՝ ինչո՞ւ են արտոնյալ Հովսեփյանն ու Շահինյանը, ի՞նչ են թաքցնում նրանք:
ՆՎԱՍՏԱՑՈՒՑԻՉ
ԱԺ Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովը երեկ լսում էր ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանի գործը` կապված փետրվարի 19-ին վերջինիս կողմից լրագրողների հասցեին թույլ տրված անվայելուչ արտահայտությունների եւ սեռական բնույթի հայհոյանքների հետ: Հանձնաժողովը երկուշաբթի կլսի նաեւ Սեդրակյանին, իսկ մինչ այդ անտեսելով ներկայացված տեսագրությունները` լսողության հետ խնդիրներ ունեցող /բացառությամբ Թեւան Պողոսյանի/ հանձնաժողովի անդամները, որոնք այդպես էլ չեն կարողացել ներկայացված երեք տեսանյութերում լսել, թե ինչպես է Սեդրակյանը հայհոյում լրագրողներին, դրանում համոզվելու համար կդիմեն այդ միջադեպին ներկա այլ լրագրողների:
Իհարկե, հանձնաժողովի որոշումից առանձնապես ակնկալիքներ չկան` նկատի առնելով մինչ այս նույն Մ. Սեդրակյանի եւ մեկ այլ ՀՀԿ-ական Առաքել Մովսիսյանի մասնակցությամբ միջադեպերի վերաբերյալ հանձնաժողովի որոշումների զրոյական ազդեցությունը: Սակայն այս հանձնաժողովի նիստերը երեւան են հանում շատ ավելի մտահոգիչ մի պատկեր, երբ, այսպես ասած, ոչ այնքան ինտելեկտուալ պատգամավորների վարքը քննող «սուպեր ինտելեկտուալ» հանձնաժողովականներն իրենց ավելի տգեղ են պահում, քան նույն Սեդրակյանը կամ Մովսիսյանը, որոնք գոնե չեն թաքցնում իրենց էությունը «ինտելեկտուալի» դիմակի ներքո եւ հանդես են գալիս այնպես, ինչպես կան:
Իսկ, ահա, մասնավորապես հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը, մարդ, ով նախկինում զբաղեցրել է ՀՀ վարչապետի եւ Աժ նախագահի բարձր պաշտոնները, այսօր ոչ միայն վատ չի զգում Մ. Սեդրակյանի կամ Ա. Մովսիսյանի պահվածքը քողարկելու, չդատապարտելու համար, այլեւ դեռ մի բան էլ իրեն իրավունք է վերապահում որոշելու, թե լրագրողները ինչով պետք է զբաղվեն Ազգային ժողովում:
Իր կարգազանց կուսակիցներին կարգի հրավիրելու փոխարեն Աժ էթիկայի հանձնաժողովի նախագահը երեկ որոշել է «կարգի հրավիրել» լրագրողներին` ասելով, թե լրատվամիջոցների դերակատարումը Ազգային ժողովում այդ պատգամավորներին անընդհատ խոսեցնելու մեջ չէ եւ կոչ անելով պատգամավորներին անսպասելի հարցեր չտալ, որովհետեւ նրանք կարող են անպատրաստ լինել:
Այնպիսի տպավորություն է, թե խոսքը ոչ թե Ազգային ժողովի մասին է, որը այդ նույն պատգամավորների աշխատավայրն է, եւ որտեղ նրանք պարտավոր են պատրաստ լինել լրագրողների հարցերին պատասխանելուն, այլ այդ մարդկանց առանձնատների, որտեղ անակնկալ այցելած լրագրողները կարող են հանկարծակիի բերել պատգամավորներին: Եթե լրագրողներին նման հորդորով դիմեին Ա. Մովսիսյանը, Մ. Սեդրակյանը կամ Սեյրան Սարոյանը, երեւի թե զարմանալի ոչինչ չէր լինի, բայց երբ որ դա անում է Խոսրով Հարությունյանը, դա արդեն էթիկայից դուրս որակման է արժանի:
Տխուր է հետեւելը, թե ինչպես են իրենց ինտելեկտուալ ներկայացնող պատգամավորները այդ աստիճան նվաստանում` իրենց մականունավոր գործընկերներին հաճոյանալու համար: