«ՄԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ» ՂԱԶԱԳԻՐ` ՄԵԿ ՔԱՅԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի քաղաքական համայնապատկերում ընթացող գործընթացները արդեն իսկ հստակեցնում են դաշտում խաղացողների իրական եւ ենթադրյալ հավակնությունները: Ըստ այդմ, կարող ենք արձանագրել, որ ինչպես միշտ 2017 թվականի ընտրություններում եւս քաղաքական դաշտում կլինեն տարատեսակ գերընդգծված ռուսամետ կամ արեւմտամետ քաղաքական ուժեր, որոնց բանուգործը լինելու է հինգ կամ վեց մանդատ «կպցնելը»:

Անցած տարիների խորհրդարանական ընտրությունների փորձը հուշում է, որ եթե քաղաքական ուժը լուրջ հավակնություններ ունի, ապա այն չի կարող ռուսամետ կամ արեւմտամետ լինել: Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ իշխանությունը, որպիսին դառնալ ձգտում է ցանկացած իրեն հարգող քաղաքական ուժ, պարտավորված է լինելու աշխատել աշխարհաքաղաքական բոլոր կենտրոնների հետ, շատ կարեւոր է այն, որ այդ ուժի առաջնորդների մոտ լինի ընկալումը, որ իրենց գործունեության միակ առանցքը պետք է լինի Հայաստանի շահերը սպասարկելն ու պետությանը օգուտներ բերելը:
Ի դեպ, հատկապես «արեւմտամետի» դիրքերից հանդես եկողները նույնիսկ մի այսպիսի թեզ են առաջ քաշել, թե իբր աշխարհաքաղաքական կենտրոնների հարցում հստակ կողմնորոշում չարտահայտելը «թաքնված ռուսամետություն» է: Քարոզչական այս հնարքն ամենեւին էլ պատահական չի առաջ քաշվել: Իրականում նման տեսակետ արտահայտողներն ընդամենը ինքնապաշտպանական մղումներով են առաջնորդվում եւ փորձում են իրենց դեմքը փրկել, քանի որ նրանց մեծ մասը, ինչպես հայտնի է, «ընդդիմադիր» դիրքերից է հանդես գալիս:
«Մետությունը» կուսակցություններին փաստացի զրկում է իրենց նպատակին հասնելու` իշխանություն դառնալու հնարավորությունից: Ի վերջո, ընտրողներից յուրաքանչյուրը աշխարհաքաղաքական կենտրոնների վերաբերյալ սեփական կարծիքն ունի: Ցանկացած կուսակցություն, երբ սկսում է հանդես գալ իբրեւ որեւէ կենտրոնի միանշանակ «գաղափարակից», նա փաստացի ազդարարում է, որ ինքը հավակնում է ստանալ ընտրողների միայն մի մասի քվեն: Ավելին՝ այդ «մասի» տեսակարար կշիռն էլ վերջնահաշվարկում շատ փոքր է լինելու, քանի որ աշխարհաքաղաքական կենտրոնների հարցում կուսակցության հետ «համախոհ» ընտրողի քվեն ստանալու համար անհրաժեշտ է լինելու, որ նա տվյալ կուսակցության` ներհայաստանյան կյանքին վերաբերող ծրագրերին եւս համակարծիք լինի: Ասել կուզի, երբ որեւէ քաղաքական ուժի ներկայացուցիչները սկսում են այս կամ այն «մետության» կաղապարներում հանդես գալ, դա նույնն է, թե նրանք հայտարարեն, որ իրենց նպատակը պատգամավորի հինգ կամ վեց մանդատ ստանալն է: Բնականաբար, նրանք նման բան երբեք չեն խոստովանի, ավելին՝ կհայտարարեն, որ իրենք ամենալուրջ կուսակցությունն են, եւ որ իշխանությունների իրական այլընտրանքն իրենք են եւ այսպես շարունակ, սակայն իրականում նրանք իրենք էլ շատ լավ գիտակցում են, որ նման գործելաոճով երբեք չեն կարող խորհրդարանում մեծամասնություն ստանալ, եթե անգամ իշխանությունները հրաժարվեն ընտրությունները կեղծելու մտքից:
Այլ կերպ ասած՝ երբ որեւէ քաղաքական ուժի ներկայացուցիչներ իրենց «մետության» մասին են հայտարարում եւ սկսում են աշխարհաքաղաքական կենտրոններից որեւէ մեկին գովերգել, նրանք այդպիսով Հայաստանի իշխանությունների հետ «հրապարակային գաղտնի» պայմանագիր են կնքում առ այն, որ իրենք իշխանությունների համար որեւէ վտանգ չեն ներկայացնում: Դրանից հետո տվյալ քաղաքական ուժի ներկայացուցիչները կարող են իրենց սրտի ուզածի չափ քննադատել իշխանություններին, դա չի խանգարի, որպեսզի իշխանական լրատվամիջոցները նույն այդ քաղաքական ուժերի «ընդդիմադիր» գործունեությունն անկաշկանդ լուսաբանեն: Ի վերջո, մարդիկ ի սկզբանե ազդարարում են, որ իրենք ցանկանան էլ, չեն կարող իշխանությունների համար վտանգ ներկայացնել, ինչու պետք է նրանց առջեւ խոչընդոտներ հարուցվեն:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 
ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ՄԻՇՏ ԿԱՆ
2017 թվականին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ տարբեր քաղաքական ուժեր բանակցություններ են սկսել միասին դաշինքով հանդես գալու ուղղությամբ: «Ժողովուրդ»-ը մասնավորապես «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանից հետաքրքրվեց, թե արդյոք իրենց կուսակցությունը եւս դաշինք կազմելու նպատակով բանակցելու է այլ ուժերի հետ: ««Ազատ դեմոկրատներն» ունի իր հստակ քաղաքական օրակարգը երկրի այսօրվա թե՛ արտաքին, թե՛ ներքին մարտահրավերների նկատմամբ: Մենք գտնում ենք, որ միավորումները, համախմբումները արդարացված են, եթե դա տեղի է ունենում բացառապես գաղափարական հենքի վրա: Իսկ այն քաղաքական գործիչները կամ ուժերը, որոնք գործում են ազատական դաշտում, որոնց տեսլականները համընկնում են մեր տեսլականների հետ կարեւորագույն խնդիրների հետ կապված` սկսած Սահմանադրությունից, վերջացած Հայաստանի զարգացման ուղղությունների վերաբերյալ, նրանց հետ բանակցելու առանձնապես կարիք չկա, որովհետեւ նրանց հետ հանդիպումներ գրեթե միշտ եղել են»,- մեր հարցմանն ի պատասխան՝ ասաց Խաչատուր Քոքոբելյանը:

 

 

ՔԱՐՈԶԱՐՇԱՎԸ ՍԿՍՎԵՑ
Այսօրվանից Հրազդանում սկսվում է ապրիլի 17-ին կայանալիք քաղաքապետի ընտրությունների պաշտոնական քարոզարշավի փուլը: Հիշեցնենք, որ Հրազդանում քաղաքապետի պաշտոնի համար առաջադրվել է երեք թեկնածու՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը, գործող քաղաքապետ, ՀՀԿ անդամ Արամ Դանիելյանը եւ «Հայկական վերածնունդ միավորում» կուսակցության անդամ Արթուր Միսակյանը: Ի սկզբանե պարզ է, որ հիմնական պայքարը ընթանալու է Արամ Դանիելյանի եւ Սասուն Միքայելյանի միջեւ:

 

 

ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻ ՏՈԿՈՍՆԵՐԸ
ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի դրամական միջոցները 2015 թվականին 2014-ի համեմատ ավելացել են 12 մլն դրամով եւ 5 մլն դրամից դարձել են 17 մլն դրամ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի կողմից ներկայացված պաշտոնական հայտարարագրից: Տեղեկացնենք, որ Մկրտումյանի ամսական միջին աշխատավարձը կազմել է 1 մլն 400 հազար դրամ: Նա ունեցել է նաեւ «այլ եկամուտ», որը կազմել է 1254 դոլար, իսկ տրված փոխառություններից տոկոսի վճարի տեսքով ստացած եկամուտները կազմել են 6 մլն 851 հազար դրամ: Վճռաբեկ դատարանի նախագահի տված փոխառությունների չափը կազմել է 185 հազար 790 դոլար: Ի դեպ, վճռաբեկ դատարանի նախագահի կնոջ՝ Մարինե Մկրտումյանի դրամական միջոցները կազմել են 30 հազար դոլար: Այն դեպքում, երբ նա ոչ մի տեղ չի աշխատում:

 

 

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ԱՅՑԵԼԵԼ Է
ԱԺ պատգամավոր, Հրազդանի քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանի շտաբի պետ Նիկոլ Փաշինյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ այցելել է Հրազդանի քաղաքապետարան:«Հույս ունեմ՝ այս այցից գործող քաղաքապետ Արամ Դանիելյանը շատ չի ճնշվի: Ես նրան անկեղծորեն առողջություն եմ մաղթում եւ մեծ հաջողություններ նոր աշխատանքի փնտրտուքի գործում: Օդում կախված լուրերի համաձայն՝ ապրիլի 17-ի ընտրություններից հետո նրան Կոտայքի մարզպետի տեղակալ են նշանակելու: Հույս ունեմ՝ նա սերտորեն կհամագործակցի նոր քաղաքապետի հետ, եւ 14 տարիների ընթացքում իր ձեռք բերած դրական (միայն դրական) փորձը կներդնի քաղաքի հետագա զարգացման գործում: Հ.Գ. Ցավոք, այսօր պարոն Դանիելյանի հետ շփվելու առիթ չունեցա: Ինչքան հասկացա՝ նա ժամանակին աշխատանքի ներկայանալու սիրահար չէ: Սա ասում եմ որպես վերադաս մարմնի անդամ՝ ԱԺ պատգամավոր:)»,- գրել է Փաշինյանը:

 

 

ՇՐՋԱՅՑԵՐՈՎ
«Լուսավոր Հայաստան» կուսակցության լսումների շրջայցի (Listening tours) պաշտոնական մեկնարկից՝ սույն թվականի մարտի 12-ից հետո, կուսակցության աշխատանքային խմբերը քաղաքացիների հետ հանդիպել եւ զրուցել են յոթ քաղաքներում՝ Գյումրիում, Վանաձորում, Աբովյանում, Սիսիանում, Չարենցավանում, Աշտարակում։
Այս այցերին զուգահեռ մշտապես հանդիպումներ են եղել նաեւ Երեւանում։ Շրջայցերի ընթացքում կուսակցության անդամները զրուցել են շուրջ երկու հազար քաղաքացիների հետ՝ քննարկելով տեղական եւ համապետական հիմնախնդիրները:
 

 

ԳԱՍՊԱՐԻԻՆ ՏՈՒԳԱՆԵՑԻՆ
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի երեկ հրապարակված վճռով ակտիվիստ Վարդգես Գասպարին մեղավոր է ճանաչվել եվ տուգանվել 450 հազար դրամով՝ դատավորին վիրավորելու համար։ Ակտիվիստը դատավճռի հրապարակմանը ներկա չի եղել՝ հեռակա հայտարարելով, որ համաձայն չէ դատավորի որոշման հետ։ ՀԻշեցնենք, որ Գասպարին մեղադրվում է 2014 թվականի ապրիլին Վարչական դատարանի դատավորներից մեկին վիրավորելու համար: Այս գործի շրջանակներում ակտիվիստն անգամ 7 օրով կալանավորվել էր:

 

 

ՈՐԴԻՆԵՐԻ ՀՈՒՅՍԻՆ
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը 2015 թվականի հայտարարագրում դրամական միջոցների մասին ոչ մի տվյալ չի հրապարակել, ասել է, թե ԱԺ նախագահը գումար չունի եւ ապրում է որդիների հույսին: Հայտարարագրում նա միայն իր եկամուտի մասին տվյալն է հրապարակել, որից պարզ է դառնում, որ մեկ տարվա ընթացքում աշխատանքի վարձատրությունից եւ կենսաթոշակից 12 մլն 716 հազար դրամ է վաստակել: Իսկ ԱԺ նախագահի կինը` Ժաննա Աղաբաբյանը, ով պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի քույրն է, ոչ միայն դրամական միջոցներ ունի, այլեւ մեկ տարվա ընթացքում հասցրել է դրանք ավելացնել: 2015 թվականի սկզբին նա ունեցել է 100 մլն դրամից ավել գումար, իսկ արդեն տարվա վերջում դրանք դարձել են 126 մլն 433 հազար դրամ:

 

 

ՀԻՏԼԵՐԻ ՕՐԻՆԱԿՈՎ
Անդրադառնալով ՀՀԿ քաղաքական դպրոց ստեղծելու որոշմանը` քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանն armlur.am-ին ասել է. «Դժվար թե այն ապագա ունենա: Նման օրինակներ ամբողջ աշխարհում կան: Եթե հիշում եք, ոչ հեռու անցյալում Սովետական Միությունը նույնպես ուներ բարձրակարգ դպրոց, Եվրոպայում առաջին նմանատիպ դպրոցը հիմնեց Ադոլֆ Հիտլերը: Թե ՀՀԿ դպրոցը հետո ինչի կվերածվի, չգիտեմ, բայց կարծում եմ, որ ապագա չի ունենա»:

 

 

ՀԱՍՏԱՏԵԼ ԵՆ
Մարտի 29-ին տեղի է ունեցել ՀՀ վերահսկիչ պալատի խորհրդի նիստ, որը վարել է ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը: Նիստի ընթացքում ՎՊ խորհուրդը քննարկել եւ միաձայն հաստատել է ՀՀ վերահսկիչ պալատի 2015թ. տարեկան հաշվետվությունը:




Լրահոս