ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՎԱՇԽԱՌՈՒՆԵՐԸ ՉԵ՞Ն ՊԱՏԺՎՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր գյուղացիների գերակշիռ մասը վարկեր է վերցնում ոչ թե գյուղատնտեսությամբ զբաղվելու, այլ իր առօրյա խնդիրները լուծելու համար: Եվ երբ տարբեր պատճառներով մարդիկ չեն կարողանում ժամանակին մարել վարկային պարտավորությունները եւ հայտնվում են ծայրահեղ վիճակում, ստիպված դիմում են վաշխառուներին եւ «տոկոսով փող» վերցնում:

Ինչպես հայտնի է՝ վաշխառությունը քրեորեն պատժելի արարք է, եւ եթե տրված փողի տոկոսի գումարը ՀՀ ԿԲ բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը գերազանցում է, ապա դա ոչ թե դիմացինին օգնելու ցանկություն է, այլ վաշխառություն:
Սակայն, չնայած դրան, տոկոսով գումար տալու կամ վերցնելու գործընթացը մեզանում բավականին թափանցիկ եւ բացահայտ է իրականացվում: Օրինակ` List.am էլեկտրոնային կայքէջում բազմաթիվ են այն հայտարարությունները, որտեղ նշված է՝ «փնտրում եմ տոկոսով գումար» կամ՝ «տրվում է տոկոսով գումար»:
Ըստ մասնագետների՝ ՀՀ քրեական օրենսգիրքը խիստ է հատկապես վաշխառություն իրականացրած անձանց նկատմամբ: Բայց արդյոք նրանք պատժվում են: Ի դեպ, վաշխառություն կատարած անձանց սպառնում է ազատազրկում մինչեւ 4 տարի ժամկետով:
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը, անդրադառնալով այս խնդրին, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Եթե կա հայտարարություն այն մասին, որ տոկոսով գումար է տրվում, եւ հայտարարության հեղինակը չի հանդիսանում համապատասխան լիցենզավորված անձ, այսինքն՝ վարկային կազմակերպություն, բանկ, գրավատուն, ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող մի կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր, որը իր սեփական միջոցներն է տրամադրում փոխառությամբ, ապա դա անօրինական, ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն է: Այսինքն՝ եթե դրամը տվեց եւ ստացավ տոկոսները, ապա դա հանցագործություն է, եւ գործով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները»:
Փաստաբանի խոսքերով՝ անգամ միջնադարում արգելվել են նման գործողությունները, իսկ վաշխառությունը համարվել է հակաբարոյական:
Ի դեպ, տեղեկացնենք, որ «Ժողովուրդ»-ը բազմաթիվ քաղաքացիներից մշտապես հեռախոսազանգեր է ստանում «տոկոսով գումար տալու կամ վերցնելու» վերաբերյալ: Խմբագրություն զանգահարողները հիմնականում նշում են, որ իրենք տոկոսով գումար վերցնելիս ոչ մի տեսակի փաստաթուղթ չեն ստորագրում, պայմանագիր չեն կնքում: Իսկ տոկոսով գումար տվողները հիմնականում համաձայնում են գումար տալ՝ ամսական 10 տոկոսից ոչ պակաս դրույքով: Այսինքն՝ տարեկան ստացվում է 120 տոկոս: Այս խնդրի շուրջ նույնպես զրուցեցինք փաստաբան Տ. Աթանեսյանի հետ, ով դա համարեց դասական վաշխառություն: «Աշխարհում նման տոկոսադրույք՝ տարեկան 120 տոկոս, չկա: Նման բիզնես չկա, որը որ թույլ կտա մարդուն սպասարկել նման տիպի վարկ, նման տոկոսադրույքով անգամ գրավատները չեն տրամադրում, իրավունք չունեն տրամադրելու: Դա դասական վաշխառություն է, որը որ մեր երկիրն աղետի է հասցնելու»,- նկատեց Աթանեսյանը: Սակայն փաստաբանի կարծիքով՝ սա բարդ բացահայտվող հանցագործություն է, բնականաբար վաշխառուն նման հայտարարություն չի ներկայացնի, ուստի տուժող կողմը պետք է դիմի:
«Հաճախ պարզապես ընկերական, ծանոթով գումարը տրամադրում են, եւ մարդիկ բարոյական չափանիշներից ելնելով՝ նախընտրում են կորցնել ամեն ինչ, բայց չբողոքել: Ո՞ր իրավապահ մարմինը դա կգտնի, եթե տուժող կողմը դրա վերաբերյալ բողոք չի ներկայացնում: Իսկ դուք պատկերացրեք, որ նաեւ բողոք ներկայացնելիս հաճախ վաշխառուները դիմում են հանցագործ աշխարհի ներկայացուցիչներին՝ պարտքերը ստանալու համար: Նաեւ այդպիսի վախ կա»,- ներկայացրեց փաստաբանը:
Չնայած դրան` մեր զրուցակիցը նշեց, որ այս խնդրի շուրջ բողոքները բազմաթիվ են, իսկ քննչական մարմինները բավականին ծանրաբեռնված են: Սակայն տվյալ գործերն էլ քննության խնդիր ունեն, որովհետեւ մի կողմն ասում է՝ տվել եմ, բայց ոչ տոկոսով, իսկ մյուս կողմը պնդում է, որ ստացել է՝ տոկոսով: Ո՞ւմ հավատալ: «Ապացույցներ չեն լինում, որովհետեւ ոչ մի «խելացի» վաշխառու երբեւիցե ոչ մի թղթի տակ չի ստորագրում, որ տոկոս է ստացել: Այսինքն՝ քննության տեսակետից բավականին բարդ քննվող գործեր են, որովհետեւ ապացույցների ձեռք բերման աղբյուրները շատ քիչ են»,- նկատեց Աթանեսյանը:
«Ժողովուրդ»-ի հարցին՝ եթե տուժող կողմը բողոք ներկայացնի կամ դատարան դիմի, ապա որքան է հավանականությունը, որ նա հաղթող կճանաչվի, փաստաբանը պատասխանեց, որ այս հարցն ունի օրենսդրական կարգավորման լուրջ խնդիր. «Հաճախ վաշխառուները նույնիսկ չեն էլ վախենում այդ քրեական հետապնդումից, քանի որ կա այսօր դատական մի ակտ, որը որ հաստատում է պարտքի գոյությունը: Եթե անձը չի մարել իր պարտավորությունները, նա ավելի վատ վիճակում է հայտնվում, որովհետեւ ստիպված է դա խոստովանել դատարանում»:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս