Հուլիսի 21-ին արտառոց դեպք էր տեղի ունեցել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկի փողոցի թիվ 141 շենքում. ինքնասպան էր եղել ՀՀ կրթության եւ գիտության նախարարության աշխատակից Ստեփան Պողոսյանը: Ի՞նչն է եղել երեք երեխաների հայր, 42-ամյա Ս. Պողոսյանի ինքնասպանության պատճառը:
Մինչ դեպքի մանրամասներին անդրադառնալը «Ժողովուրդ»-ը նախ փորձեց պարզել, թե արդյոք Պողոսյանը ԿԳՆ աշխատակից է, թե ոչ: Տեղեկացանք, որ նա նախկինում աշխատել է ԿԳՆ-ում որպես վարորդ, սակայն վերջերս աշխատում էր գնահատման եւ թեստավորման կենտրոնում, որտեղ կատարվածը խորը զարմանք էր հարուցել: Մեզ հետ զրույցում ընդունարանի պատասխանատուն ասաց, որ վերջին շրջանում որեւէ տարօրինակ բան չեն նկատել Ստեփանի վարքագծում եւ ավել ոչինչ չեն կարող ասել:
Թեեւ Հայաստանում, ցավալիորեն, ինքնասպանությունների դեպքերը շատ են, եղանակներն ու մեթոդներն էլ՝ բազմապիսի, սակայն Ստեփանի դեպքը փոքր-ինչ տարբերվում է մինչ այս գրանցվածներից: Նա ննջասենյակի դռան շրջանակից է կախվել՝ այդպես վերջ տալով իր կյանքին: Ինչպե՞ս է դա տեղի ունեցել, արդյո՞ք հնարավոր է այդ եղանակով ինքնասպան լինել: Այս եւ այլ հարցերի պատասխանը ստանալու նպատակով «Ժողովուրդ»-ն այցելեց Ս. Պողոսյանի բնակարան:
Տիկին Էմման, որը Ստեփանի 30 տարվա հարեւանուհին է, ցավով պատմեց. «Ինձ համար անհավատալի էր կատարվածը: Ո՞նց կարող է մարդ ինքնասպան լինել գլանակից կախված, բայց համոզվեցի այն ժամանակ, երբ ականատես եղա այդ տեսարանին: Նա պարանը գցել էր դռան բռնակից եւ մի լավ փաթաթել բռնակի վրա ու կարճացրել այն: Եվ այդպես նստել էր իր անկողնու վրա ու կախվել»:
Հարեւանուհուց տեղեկացանք, որ Ստեփանն ապրում էր իր երկու դուստրերի եւ եղբոր որբ մնացած դստեր` Անուշիկի հետ, իսկ նրա կինն ու միակ որդին գտնվում են Բելգիայում. «Ստեփանի կնոջ քույրը Բելգիայում է բնակվում, եւ նրա կինն էլ գնացել է քրոջ մոտ աշխատելու: Այդ օրը նրա եղբոր աղջիկն աշխատանքից եկել է տուն եւ սկսել դուռը թակել, սակայն հորեղբայրը չի պատասխանել, ու երբ փրկարարները, ոստիկանները բացեցին դուռը, տեսանք այդ սարսափելի պատկերը»:
Իսկ թե ինչը կարող էր պետական ծառայության աշխատակցին դրդել ինքնասպան լինել, արդյոք նա եւս պարտքեր ուներ, ինչպես լինում է հաճախ նման դեպքերում, դեռ անհայտ է: Ինչպես ներկայացրեց մեր զրուցակից տիկին Էմման, ինքը Ստեփանին տեսել էր հենց դեպքի օրը. «Ցերեկը նստեցինք, խոսեցինք, ամեն ինչ լավ էր: Ոչ մի տարօրինակ բան չեմ տեսել նրա պահվածքում ու չեմ էլ լսել, թե պարտք ունի կամ մեկի հետ պրոբլեմ ունի: Չգիտեմ, թե ինչու պիտի նման քայլ աներ»:
Ինքնասպանության հնարավոր պատճառների մասին «Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ Ստեփանի եղբոր դստեր՝ Անուշիկի հետ, որն այդ օրն անձամբ էր հարեւաններին օգնության կանչել. «Որ ասեմ՝ պարտք ուներ, խմող էր կամ խաղատուն էր գնում, ախր նման բան չկար, ու չգիտեմ, թե ինչ մտածեմ: Ո՛չ անձնական խնդիր ուներ, ո՛չ ընտանեկան կոնֆլիկտ է եղել, նման բաներ չկան: Դեպքի օրը՝ առավոտյան, հետը խոսել եմ, ամեն ինչ կարգին է եղել: Ոնց ուղեղս աշխատեցնում եմ, ոչ մի պատճառ չեմ գտնում: Մի բան կարող եմ ասել, որ հորեղբայրս չդիմացավ ցավին: Նա հեռուստացույցի ձայնը շատ է բարձրացրած եղել, ու չգիտեմ՝ ինչի»: Թերեւս պատճառն այն է, որ իր տանջանքի ձայները հարեւաններին լսելի չդառնան:
Տեղեկացնենք, որ որպես ինքնասպանության հնարավոր վարկած՝ Ստեփանի հարազատները նշեցին նրա սիրելի մարդկանց կորուստներն իրար հետեւից. «2004թ. Լեռնային Ղարաբաղի զորամասերից մեկում ասացին, թե իր եղբոր տղան` Արմանը, իբր ինքնասպան է եղել, բայց դա այդպես չէր, ուղղակի այդպես ամեն ինչ սարքեցին: Ստեփանի եղբոր տղայի մահից հետո եղբայրը ցավին չդիմացավ, մահացավ, ու հետո էլ եղբոր տղայի կինը մահացավ: Մյուս եղբոր տղան էլ ավտովթարից մահացավ: Ուզում եմ ասել, որ մի քանի տարվա ընթացքում նա շատ թանկ մարդկանց կորցրեց ու երեւի չդիմացավ իր հարազատների կորստին, ուրիշ այլ բան մենք չենք տեսնում»:
Հավելենք, որ դեպքից անցել է 4 օր, սակայն Ստեփան Պողոսյանին դեռ չեն հուղարկավորել, իսկ պատճառն այն է, որ նրա կինը եւ որդին արտերկրում են, ու հարազատները սպասում են, որ նրանք վերադառնան:
Հ.Գ. Հայաստանում աղքատության թվի մեծացման հետ զուգահեռ աճող ինքնասպանության ցուցանիշները տարբեր պատճառներ ունեն. մի դեպքում ունեցած պարտքերն են, մյուսում՝ ընտանեկան կոնֆլիկտներն ու սոցիալական վատ պայմանները: Բայց համաձայնե՛ք, որ ինքնասպանությունը խնդրի լուծում չէ. ի վերջո, հաղթում է նա, ով պայքարում է:
ԳԹԿ ԱՇԽԱՏԱԿԻՑԸ ՉԴԻՄԱՑԱՎ ՎՇՏԻՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ