Նույն տրամաբանությամբ պիտի գնայինք ու մասնակցեինք Սերժ Սարգսյանի հայտնի ֆոտոսեսիային. Արմեն Մկրտչյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացման օրվանից անցել է շուրջ 4 ամիս, բայց այդպես էլ Հայաստանի կառավարման համակարգում իշխանության կողմից խոստացված էական փոփոխությունները, կարծես թե, չեն նկատվում: Ավելին՝ իշխող կուսակցությունը պարապ չի նստում, նա այս անգամ զբաղված է ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելով, ինչը շատերի համար ընդունելի է, շատերի համար` ոչ:

«Ժողովուրդ»-ը երեկ այս եւ այլ հարցերի շուրջ զրուցել է «Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Մկրտչյանի հետ:

-Պարո՛ն Մկրտչյան, սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացման օրվանից անցել է շուրջ 4 ամիս: Իշխանական կուսակցության ներկայացուցիչները հայտարարում էին, որ այն ընդունվելուց հետո մեր երկրում կառավարման համակարգը էապես կփոխվի, եւ մենք կարթնանանք այլ երկրում: Դուք տեսնո՞ւմ եք այդ փոփոխությունը:

-Ի սկզբանե ակնհայտ էր, որ սահմանադրական փոփոխությունները արվում են ոչ թե ժողովրդի, այլ իշխող թիմի վիճակը բարելավելու ու կյանքը երկարաձգելու համար: Հանրաքվեի օրը տեղի ունեցած կեղծիքների ծավալը վկայում էր արդեն, որ մեր ակնկալիքները ճիշտ էին: Սահմանադրության կեղծիքներով ընդունումից հետո քանի գնա, սոցիալական ու բարոյահոգեբանական վիճակը ավելի ու ավելի է վատանալու: Նույն պնդումները հիմա անում ենք ընտրական օրենսգրքի վերաբերյալ: Այն ընդունվելու է միմիայն իշխող թիմի վերարտադրությունն ապահովելու համար: Իշխանությունները մի քանի ակնհայտ աբսուրդ կետեր են մտցրել` ազգային փոքրամասնությունների մասով, դիտորդների թվի սահմանափակման մասով եւ այլն, որպեսզի հետ վերցնեն ու դա ներկայացնեն իբրեւ զիջում: Թվում էր, թե ներքին իշխանափոխության պրոցեսը գոնե այս հայտնի ու բացահայտված գործիքների էվոլյուցիայի կհանգեցնի, բայց փաստորեն նույն մեթոդոլոգիան է:

-ՀԱԿ-ն առաջարկում է 4+4+4 ձեւաչափով քննարկել ընտրական օրենսգիրքը: Դուք որեւէ կերպ կմասնակցե՞ք այդ ֆորմատին: Ու, ընդհանրապես, ինչպե՞ս եք վերաբերվում այդ նախաձեռնությանը:

-Չենք մասնակցի, որովհետեւ նույն տրամաբանությամբ պիտի գնայինք ու մասնակցեինք Սերժ Սարգսյանի հայտնի ֆոտոսեսիային` սահմանադրական փոփոխությունների հարցով: Եթե ոչ մի ընդդիմադիր չի ժխտում, որ իշխանությունները օրինագիծը պատրաստել են սեփական քիմքին հատուկ ու սեփական վերարտադրման համար, դրանից հետո այդպիսի ֆորմատների առկայության իմաստը հայտնի չէ: Դա հավասար է նրան, որ մեկը ողջ տունս թալանի, գնամ բանակցեմ, որ գոնե հեռուստացույցը թողնի, զբաղվելու բան ունենանք: Ընդհանրապես, Սերժ Սարգսյանի հետ բանակցելուց այս ընթացքում ոչ մեկ հաղթած դուրս չի եկել:ՀԱԿը նման իրավիճակ 2011-ին էլ ստեղծեց, բայց հիշում ենք՝ ինչ ավարտ ունեցավ: Ընդհանրապես ինձ համար ու մեր թիմի համար ռեժիմի հետ բանակցելը, համոզելը անընդունելի են: Իսկ 4+4-ին մասնակցողներին կարծում եմ ժողովուրդը 2017-ի ճիշտ գնահատական կտա:

-Հրազդանում կայանալու են քաղաքապետի ընտրություններ: Ո՞րն է Ձեր կուսակցության դիրքորոշումը: Միակ քաղաքն է, որտեղ թեկնածու ունի նաեւ ընդդիմությունը: Առաջադրված թեկնածուներից որեւէ մեկին սատարո՞ւմ եք:

-Ինչքան գիտեմ՝ 3 թեկնածուներ կան Հրազդանում: Մենք մեր ուժերի ներածին չափով պատրաստ ենք օգնել ոչ ՀՀԿ-ական թեկնածուներին` պահպանելու ժողովրդի ընտրության իրավունքը: Շփումներ եղել են Միքայելյանի շտաբի հետ, ու ողջունելի է, որ նրանց ու մեր կարծիքները ժողովրդի քվեի պաշտպանության առումով համընկնում են: Ակնհայտ է նաեւ, որ ՀՀԿ թեկնածուի թիմը արդեն իսկ դիմում է տարբեր իրենց հատուկ քայլերի՝ փորձելով կանխորոշել ընտրության ավարտը: Ի վերջո, ՀՀԿ-ն ունի զրոյական վարկանիշ, ու իրենց ցանկացած թեկնածու հավասարապես ուտելու է իրենց թիմի հանդեպ ժողովրդի տածած ատելության պտուղները: Առավել եւս Դանիելյանը, ում օրոք Հրազդանում գրեթե ոչինչ չի փոխվում:

ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ




Լրահոս