Առողջապահության նախարարության թողտվության պայմաններում ծնողներից հավելյալ վճարումներ են գանձվում: Այս մասին հաղորդագրություն է տարածել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը:
ՄԻՊ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Մարդու իրավունքների պաշտպանը դեռեւս իր նախորդ տարեկան զեկույցում անդրադարձել էր Երեխայի առողջության պետական հավաստագրի ծրագրի բացթողումներին: Համաձայն ծրագրի՝ մինչեւ 7 տարեկան երեխաների բուժօգնությունն անվճար է, մինչդեռ, ծնողները, ունենալով անվճար բուժօգնության համար անհրաժեշտ փաստաթուղթ, հաճախ ստիպված են լինում հավելյալ վճարումներ կատարել առանձին բժիշկների:
Խնդրի բարձրաձայնումից անցել է շուրջ մեկ տարի, սակայն դրական առաջընթաց չի գրանցվել: Ավելին, Պաշտպանի աշխատակազմը շարունակում է դիմում-բողոքներ ստանալ նմանատիպ խախտումների վերաբերյալ, հատկապես՝ ,Գյումրիի մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոցե ՓԲԸ-ի դեմ: Այս մասին Պաշտպանը պաշտոնապես տեղեկացրել է ՀՀ առողջապահության նախարարին, սակայն, որեւէ հստակ պատասխան չի ստացել, թե արդյոք իրավախախտները ենթարկվե՞լ են պատասխանատվության, թե՝ ոչ:
Այսպիսով, “Առողջապահության նախարարության թողտվության պայմաններում ծնողներից հավելյալ վճարումներ են գանձվում”,- նշում է Կարեն Անդրեասյանը եւ մեկ անգամ եւս հիշեցնում, որ հավաստագիրը հանդիսանում է հիվանդանոցային հաստատության կողմից մատուցվող անվճար բժշկական ծառայությունների կազմակերպման հիմք: Այն պոլիկլինիկայի ուղեգրի եւ ծննդյան վկայականի հետ միասին ներկայացվում է երեխայի հիվանդանոցային բուժօգնությունը իրականացնող բուժհաստատություն, իսկ անհետաձգելի օգնություն պահանջող դեպքերում հոսպիտալացումը կարող է իրականացվել բժշկի եզրակացության հիման վրա:
Պաշտպանը կոչ է անում քաղաքացիներին նման խնդրի հանդիպելիս դիմել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ, իսկ Առողջապահության նախարարությանը հորդորում է իրագործել “Երեխայի առողջության պետական հավաստագրի ծրագրի ներդրման մասին” հրամանի դրույթներն ու լիարժեք ապահովել երեխաների անվճար բուժօգնության իրավունքը: