ԿԳՈՐԾԻ՞ ՍԱՍՈՒՆՑԻ ԴԱՎԻԹ ԿԻՆՈԹԱՏՐՈՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Շարունակելով կինոթատրոնների թեման` նշենք, որ այսօր մայրաքաղաքում գործում է երկու կինոթատրոն` “Մոսկվա” եւ “Նաիրի”: 
“Մոսկվա” կինոթատրոնի շենքը կառուցվել է 1937թ. (ճարտարապետներ` Տ. Երկանյան եւ Գ. Քոչար), վերակառուցվել է 1960թ.` ճարտարապետներ Գ. Քոչարի եւ Թ. Գեւորգյանի նախագծով, ապա 1983թ.` ճարտարապետներ Բ. Արզումանյանի, Զ. Զաքարյանի, Ա. Իսրայելյանի, Ա. Մելիքյանի նախագծով։ Կինոթատրոնի շենքում կա չորս դահլիճ` մեծ դահլիճ` Կարմիր դահլիճ (491 նստատեղով), Կապույտ դահլիճ (352), բարձրակարգ` առանձնացված (35), եւ բացօթյա ամառային դահլիճ։ Իհարկե, խոսելով ամառային կինոդահլիճի մասին` պետք չէ մոռանալ, որ այն ցանկանում էին, այսպես ասած, հորով-մորով անել: ՀՀ կառավարությունը, հիշեցնենք, որոշում էր ընդունել Երեւանի “Մոսկվա” կինոթատրոնի ամառային դահլիճի շենքի զբաղեցրած հողատարածքն անհատույց` սեփականության իրավունքով օտարել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին` նախկինում խորհրդային իշխանության կողմից քանդված Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցու տեսքին համապատասխան նոր եկեղեցի կառուցելու համար։ Սակայն մտավորականության, հասարակական կազմակերպությունների ընդվզումը խանգարեց այդ ծրագրի իրականացմանը: Օրինակ` ճարտարապետ Լեւոն Վարդանյանի համոզմամբ` “Մոսկվա” կինոթատրոնի ամառային դահլիճը “հետթամանյանական շրջանում ժամանակակից ճարտարապետության ասպարեզում ամենափայլուն օրինակն է”:
Իսկ “Նաիրի”-ն Երեւանի ամենահին կինոթատրոնն է, որը 1920-50-ականներին գտնվել է Ամիրյան փողոցում` ներկայիս արտաքին գործերի նախարարության տեղում։ Ունեցել է փակ եւ բաց (ամառային) դահլիճ, որտեղ ցուցադրվել է հայկական առաջին ֆիլմը` “Զարե”-ն։ 1952-1954թթ. կինոթատրոնը տեղափոխվել է Մաշտոցի պողոտայի եւ Իսահակյան փողոցի խաչմերուկում Ալ. Թամանյանի նախագծով (այնուհետեւ նրա որդի Գ. Թամանյանի) կառուցված նոր շենք։ ,Նաիրիե կինոթատրոնում կան մեծ (231 նստատեղով), փոքր (42 նստատեղով) եւ բարձրակարգ` առանձնացված (12 նստատեղով) դահլիճներ։ Մենք լավ գիտենք, որ այդ կինոթատրոնն էլ այսօր, այսպես ասած, կիսով չափ է կինոթատրոն… 
Անցյալ տարի նոյեմբերին Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը հայտարարել էր, որ Երեւանի Կայարանամերձ հրապարակում նախորդ դարի 60-ականներից գործող եւ 80-ականներին քանդված “Սասունցի Դավիթ” կինոթատրոնը կարող է վերականգնվել: Ըստ նրա` քաղաքապետարանն առաջիկայում Կայարանամերձ հրապարակում` կինոթատրոնի տեղում, կիսակառույց հյուրանոցի շենքի քանդման թույլտվություն կտա: “Շենքի քանդման աշխատանքներին զուգահեռ կավարտվեն քաղաքապետարանի հետ շինարարական նախագծերի, այդ թվում՝ “Սասունցի Դավիթ” կինոթատրոնի վերականգնման քննարկումները”,-ասել էր գլխավոր ճարտարապետը: Կինոթատրոնի տեղում խորհրդային ժամանակներում սկսվել է հյուրանոցային համալիրի կառուցում, որն այդպես էլ չի ավարտվել: Երեւանի գլխավոր ճարտարապետի հանրային կապերի գծով պատասխանատու Անահիտ Եսայանի պատասխանը կներկայացնենք հաջորդ համարում:  
Ռ. ԹԱԹՈՅԱՆ
“Ժողովուրդ” օրաթերթի 586 համար




Լրահոս