«ՄԵՐ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՄԱՀՈՒՆՉ ԵՆ «ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ-2020»-ԻՆ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանն ասում է. «Մեր ծրագրերը համահունչ են «Առողջություն-2020»-ին»:
«Ոչ վարակիչ հիվանդությունները՝ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում բնակչության հիվանդացության եւ մահացության բարձր ցուցանիշների պատճառ են: Սնուցման, ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման, ժամանակին ախտորոշման, անարդյունավետ բուժման եւ վերահսկողության խնդիրները լուծելու նպատակով մեր ծրագրերը համահունչ են «Առողջություն 2020»-ին»,-մեզ հետ զրույցում, ներկայացնելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) «Առողջություն-2020» քաղաքականության ընդհանուր սկզբունքները, ասաց առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը: Ինչպես ասում է պարոն Խաչատրյանը, «Առողջություն-2020» նոր քաղաքականության նպատակն է աջակցել ԱՀԿ անդամ երկրներին՝ զարգացնելու ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման եւ առողջ ապրելակերպի խթանման ուղղությամբ տարվող ծրագրերը՝ ընդգծելով խնդրի արդիականությունը:
«Առողջություն 2020»-ի կարգախոսներից մեկն այն է, որ առողջապահությունը ոչ թե ֆինանսավորվող ոլորտ է, այլ երկիրը ներդրում է անում իր առողջապահության մեջ՝ դրանով ներդրում անելով սեփական երկրի տնտեսության մեջ: Այսինքն՝ երբ դու փող ես ծախսում քո ժողովրդի առողջության վրա, դու չես կորցնում քո զարգացած ու արդեն ծաղկուն ուժերի տեր մարդկանց սրտամկանային հիվանդություններից, քաղցկեղից, շաքարային դիաբետից եւ այլն: Սա շատ կարեւոր մտածելակերպ է, եւ «Առողջություն 2020»-ն այս կարգախոսով է առաջ շարժվում»:
«Առողջություն 2020»-ը ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի 53 անդամ երկրների համար, այսպես ասած, ուղենիշ է, թե այդ երկրներն իրենց առողջապահության ոլորտի քաղաքականությամբ առաջիկայում ինչ զարգացում պիտի ունենան, ուր պետք է գնան. «Դա առաջիկա մեր 10 տարիների զարգացման հեռանկարներն են:
Եվ այն խնդիրները, որոնք դրվում են ԱՀԿ-ի կողմից, մինչեւ 2020 թվականը պիտի լուծված լինեն»,-պարզաբանում է պարոն Խաչատրյանը: Ըստ նրա՝ մայրական մահացության, երեխաների մահացության, ոչ ինֆեկցիոն հիվանդությունների հիվանդացության եւ մահացության եւ այլ ցուցանիշներով 53 երկրներն էլ տարբեր մակարդակների վրա են. «Բնականաբար, այն բոլոր խնդիրները, որ ԱՀԿ-ն դնում է, դրանք իրականացնելը բավականաչափ բարդ է: Եվ հասկանալի է, որ անհավասարաչափ ֆինանսավորման պայմաններում բոլոր երկրները միեւնույն աճի միտումները չեն կարող ունենալ: Արեւելյան Եվրոպայի եւ ԱՊՀ երկրների դանդաղ աճը զսպում է աճը Արեւմտյան Եվրոպայի երկրների համար եւս: Այդ ցուցանիշներն ԱՀԿ-ի համար միասնական են, եւ մեր վատ ցուցանիշը ուղղակիորեն ազդում է Արեւմտյան Եվրոպայի ցուցանիշների վրա: Այսինքն՝ միջպետական համագործակցությունը շատ մեծ դեր ունի, որպեսզի այդ տարբերությունը հնարավոր լինի արագ վերացնել: Այն առաջնահերթությունները, որոնք այսօր ունենք մեր երկրում, ամբողջությամբ համահունչ են այն քաղաքականությանը, որոնք ձեւավորվել են, դրանք չեն էլ կարող համահունչ չլինել, որովհետեւ խնդիրները, այդ տարբերություններով հանդերձ, շատ նման են իրար»:
Փոխնախարարի ներկայացմամբ, մեր երկրում առաջնահերթ հարցերից մեկը Մոր եւ մանկան առողջության խնդիրներն են. «Մեր տարածաշրջանում Հայաստանն իր ցուցանիշներով լավագույններից մեկն է, բայց դա բավարար չէ, որպեսզի մենք համեմատվենք արեւմտյան կամ եվրոպական միջինացված ցուցանիշներին, որովհետեւ մենք դեռ շատ անելիքներ ունենք: Հաջորդ մեր գերակայությունը ոչ վարակիչ՝ սրտանոթային, քաղցկեղային եւ էնդոկրին հիվանդությունների դեմ պայքարն է: Ոչ վարակիչ հիվանդությունների մասով մենք պետք է ունենանք շատ գործուն առաջնային օղակ: Այսինքն՝ խնդիր է դրված ոչ թե բուժել ոչ վարակիչ հիվանդությունների ուշացած դեպքերը, այլ՝ վաղ հայտնաբերել եւ կանխարգելել: Այսինքն՝ համակարգը պիտի աշխատի այնպես, որ վաղ հայտնաբերված դեպքերին մենք կարողանանք արագ արձագանքել եւ բուժել կամ անհրաժեշտ միջոցառում իրականացնել, որպեսզի դրանք հետագայում չդառնան քրոնիկ: Այդ քրոնիկ ձեւերի վրա պետությունը պետք է ծախսի շատ եւ անընդհատ: Այս հիվանդությունները քրոնիկ հիվանդություններ են, մարդը ե՛ւ սեփական ռեսուրսները, ե՛ւ պետության ռեսուրսներն անընդհատ օգտագործում է»: Ինչ վերաբերում է շաքարային դիաբետով հիվանդներին, ապա պարոն Խաչատրյանն ասաց, որ տարածաշրջանում դիաբետից մահացության մեր ցուցանիշները նույնպես բարձր են. «Այստեղ նույնպես արագ արձագանքելու, նոր դեպքերը հայտնաբերելու եւ նրանց հետ աշխատելու խնդիր ունենք»:
«Առողջություն 2020» նոր քաղաքականության համար մարտահրավեր է նաեւ  հակաբորբոքային դեղամիջոցների ոչ պատշաճ օգտագործումը: Պարոն Խաչատրյանի ներկայացմամբ, չի բացառվում, որ մոտ ապագայում աշխարհը կանգնի մի նոր խնդրի առաջ. «Հակաբիոտիկների քանակն այնքան է շատացել, որ մենք զգոնությունը կորցրել ենք: Արդեն շատ երկար ժամանակ մարդիկ հակաբիոտիկներն օգտագործում են առանց բժշկի նշանակման, շատ դեպքերում մտնում են դեղատուն, հակաբիոտիկը վերցնում եւ խմում: Հազարավոր դեպքեր են գրանցվում ամբողջ Եվրոպայում, երբ հակաբիոտիկներն իրենց ուժը կորցրել են: Այսինքն՝ միկրոօրգանիզմները հարմարվել են, եւ դեղորայքն այլեւս չի ազդում մարդկանց վրա»: Ըստ Ս. Խաչատրյանի՝ մեր երկրում դեղերի շրջանառության հարցը նույնպես «Առողջություն 2020»-ի առաջնահերթությունների ցանկում է՝ սկսած դեղերի ներմուծումից մինչեւ սպառում:
Առողջապահությանը ֆինանսավորելու առումով Սերգեյ Խաչատրյանը գտնում է, որ նույնպես շատ անելիքներ ունենք. «Հայաստանը շատ երկրներից շատ ավելի ցածր դիրքերում է գտնվում, ներկայումս մեր հանրային ծախսերի 1,6%-ն են կազմում առողջապահությանը տրվող գումարները, մինչդեռ այն 3%-ից ավելի պետք է լինի: Բացի այդ, մեր ստացած ֆինանսավորման բաշխման խնդիր կա: Ֆինանսավորման մեխանիզմների փոփոխության խնդիր կա, որոնք որ նույնպես առաջնահերթություն են»:
Փոխնախարարը, «Առողջություն 2020»-ի առաջնահերթությունների ցանկում նաեւ մատնանշեց ծելու, ալկոհոլի դեմ պայքարը, որոնց օգտագործումը լուրջ հանրային սպառնալիք է եւ հանդիսանում է վտանգ մարդու առողջության համար: Առաջնահերթություններից մեկն էլ նախատեսում է առողջապահական ծառայությունների անհատական ուղղվածություն. «Այսինքն՝ առողջապահական համակարգի ներսում շատ կարեւոր են անհատական մոտեցումները, որը բերում է մարդկանց բավարարվածության, կարիքների բավարարման: Եվ, բացի այդ կարիքներից, հիվանդանոցներն ու պոլիկլինիկաները պետք է կարիքների արձագանքման հնարավորություններ ունենան, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացու կարողանան անհատապես բարձր որակի արդյունավետ ծառայություններ մատուցել: Այս է նախապայմանը լավ առողջապահական համակարգ ունենալու»:

ԱՆԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ




Լրահոս