«ՈՐ ԵՐԵՎԱՆԸ ՄԵԾ ԳՅՈՒՂԻ ՏԵՍՔ ՍՏԱՆԱ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի ժամանակակից արվեստի թանգարանում օրերս բացվեց հանրահայտ աբստրակցիոնիստ նկարիչ, քանդակագործ Վան Սողոմոնյանի անհատական ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են արվեստագետի վերջին մի քանի տարվա գործերը: Դրանք ցուցադրվելու են մեկ ամիս:
Վան Սողոմոնյանը ծնվել է Թբիլիսիում 1937թ., վերջին անգամ Հայաստանում նրա ստեղծագործությունները ցուցադրվել են 2010թ. Հայաստանի նկարիչների միությունում: Նա այդ միության, ինչպես նաեւ Գերմանիայի նկարիչների մասնագիտական միության, Լեհաստանի «Կերամոս» արվեստի միջազգային ակադեմիայի անդամ է:
Ինչպես «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց նկարիչը, գործերի կեսը ստեղծել է վերջին երեք տարիների ընթացքում: Ընդ որում, նոր նկարները հատուկ ցուցահանդեսի համար չի նկարել. դա նկարչի համար պարզապես կյանքի պրոցես է: Ցուցահանդեսը նախատեսել էր դեռ մի քանի տարի առաջ, բայց այն հիմա կայացավ: Նկարիչը չկարողացավ հիշել, թե դա իր որերորդ ցուցահանդեսն է, միայն նշեց. «Հայաստանում վերջին քսան տարվա ընթացքում սա երրորդ ցուցահանդեսն է: 1980-ին, երբ նոր էր ձեւավորվել ժամանակակից արվեստի թանգարանը, նկարիչներից մեկի հետ առաջին անգամ հենց այստեղ ներկայացա ցուցահանդեսով»: Ընդհանրապես Վ. Սողոմոնյանի գլխավոր սկզբունքներից մեկը քիչ խոսելով շատ բան արտահայտելն է. «Մեկ-երկու բառով ավելի հետաքրքիր բան կարելի է ասել, քան մի քանի էջ գրվածքով: Նույնը` գեղանկարչությունում»: Ցուցահանդեսում ներկայացված են վերջին մի քանի տարվա 35 գեղանկար եւ 4 քանդակ: Նկարիչն ապրում է Հայաստանում եւ Գերմանիայում, որտեղ բազմաթիվ ցուցահանդեսներ են կազմակերպվում, բայց, ցավոք, նկարները չեն գնվում: Նրա ստեղծագործություններից ցուցադրվում են Ռուսաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Հայաստանի պատկերասրահներում:
Վ. Սողոմոնյանը ցավով փաստեց, որ այսօր աշխարհում դժվար է գտնել այնպիսի վատ շենքային պայմաններ ունեցող թանգարան, ինչպիսին Երեւանի ժամանակակից արվեստի թանգարանն է. «Մենք առաջինն էինք ԽՍՀՄ-ում, բայց այսօր նման ողբալի վիճակում ենք: Իսկ ընդհանրապես զարմանում եմ, թե ինչով է զբաղված երկրի, քաղաքի ղեկավարությունը: Երեւանում ամենուր անճաշակություն է, եւ դրանում համոզվելու համար ընդամենը մե՛կ անգամ պտտվեք քաղաքում, տեսե՛ք ձեւավորումները, այդ սաքսոֆոնները, Առնո Բաբաջանյանի արձանի կողքի անճաշակությունները… դա պարզապես գեղցու մոտեցում է»: Կավից սարքած, այսպես կոչված, արձանները, ինչպես նաեւ նստարաններն էլ են անճաշակ. «Էս ի՞նչ է կատարվում, չգիտեմ` ով է անում, հանցագո՞րծ են, փո՞ղ են աշխատում դրա վրա: Ոչ ոք պատասխան չի տալիս: Ի դեպ, նկարիչներից, արվեստագետներից շատերն են ասում, որ ինչ-որ մեկն այս ամենը հատուկ է անում, որ Երեւանը մի հատ մեծ գյուղի տեսք ստանա»:
Երբ հիշեցինք տարիքի մասին, մեր զրուցակիցն ընդգծեց. «Արվեստում տարիք գոյություն չունի. մեկը երիտասարդ, մյուսը հասուն տարիքում է արվեստ մուտք գործում: Կարեւորն ասելիք ունենալն է»:

Ռ. ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս