ՀՀ Տավուշի մարզը Ադրբեջանի հետ ունի շուրջ 350 կիլոմետր սահման, որից 17 կիլոմետրը բաժին է ընկնում Բարեկամավան գյուղին: Ադրբեջանական դիրքերից գյուղի տները շատ մոտ են: Գյուղի հողատարածքների մեծագույն մասը չի մշակվում, քանի որ հակառակորդի կրակի տակ է:
Ինչպես հայտնի է՝ ապրիլի 2-ին Ադրբեջանն աննախադեպ լայնածավալ հարձակում ձեռնարկեց՝ հարվածելով ոչ միայն Արցախի ռազմական օբյեկտներին, այլեւ խաղաղ բնակավայրերին, որի հետեւանքով զոհվեցին եւ վիրավորվեցին խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ անմեղ երեխաներ: Այս հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց ՀՀ Տավուշի մարզի Բարեկամավանի Մայիս Ղարաքեշիշյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Աստղիկ Ազատյանի հետ:
-Տիկի՛ն Ազատյան, ԼՂՀ-ում տիրող իրավիճակի շուրջ ի՞նչ են մտածում բարեկամավանցիները:
-Հենց նոր համակարգչի առաջ նստած վերջին լուրերն էի կարդում: Բարեկամավանցիները, ինչպես միշտ, հոգով-սրտով ղարաբաղցիների հետ են: Մեր գյուղում որդիներ կան, ովքեր ծառայում են ԼՂՀ-ում: Բոլորս էլ լավ նորութունների ենք սպասում, ու դրանք ուշացնել չեն տա…
-Այս օրերին գյուղում ի՞նչ իրավիճակ է:
-Գյուղում ամեն բան նորմալ է, սովորական, կրակոցներ չկան, մեզ մոտ ամեն ինչ նորմալ հունով ընթանում է: Գյուղից բացակայող չկա, բոլորը տեղում են, երեխաները դպրոց են գալիս: Միայն բոլորի ուշքը Ղարաբաղում է: Նույնիսկ մեր գյուղից կամավորներ կային, ովքեր պատրաստվեցին Արցախ մեկնել, բայց թույլ չտվեցին: Ասեցին, որ պետք լինի, կկանչենք: Ապրիլի 2-ին կային կրակոցներ: Հիմա մեզ մոտ ավելի խաղաղ է, քան նախորդ գիշերներին: Մենք գիտենք, մեր խաչն է, ու կրում ենք: Այդ նույն բաները մենք էլ ենք տեսել՝ տուն մտնելը, մարդ մորթելը եւ այլն: Մեզ համար դրանք նորություն չեն: Միեւնույն է՝ մենք չենք վախենում թշնամուց:
-Գյուղացիները վերլուծում են: Ի՞նչ պատճառներ են քննարկում:
-Բոլորս էլ հասկանում ենք, թե ինչ է կատարվում, պարտադիր չէ, որ քաղաքագետ լինենք: Ռուսը որ կողմնապաշտություն է անում, այդ մեկը մենք բոլորս էլ հասկանում ենք:
-Իսկ դպրոցում աշակերտների մոտ ինչպիսի՞ն է արձագանքը:
-Կարելի է ասել, որ այսօր առաջին դասաժամը հենց այս թեմային էլ նվիրեցինք: Երեխաների տրամադրվածությանը ծանոթացա: Մենք անկեղծ զրուցեցինք, բոլորն էլ դատապարտում են տեղի ունեցածը:
Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ