ԼՂ-ում ռազմական գործողությունների ավարտը կայացավ Հայաստանի ու Ադրբեջանի ԳՇ պետերի համաձայնությամբ եւ Մոսկվայի միջամտության հետեւանքով: Դրանից անմիջապես հետո ՌԴ ԱԳ նախարար Լավրովը այցելեց Բաքու եւ հայտարարեց, որ սեղանին դրված է մի «փայլուն» փաստաթուղթ եւ կողմերը դրանով ավելի մոտ են գտնվում հակամարտության լուծմանը, քան կարելի է պատկերացնել:
Հաշվի առնելով ԼՂ հակամարտության շուրջ ընթացած վերջին տարիների զարգացումները` Լավրովը նկատի ունի կազանյան հայտնի փաստաթուղթը, որ մշակվել էր ռուսական կողմի անմիջական ջանքերով, սակայն միանշանակորեն մերժվել Ադրբեջանի կողմից: Նախ եւ առաջ հարկ է նկատել, որ 2011թ. հունիսին Կազանում կայացած հանդիպմանը հայկական կողմի կեցվածքը խիստ տարօրինակ էր:
Սերժ Սարգսյանը քանիցս բավականին դրական էր արտահայտվել ռուսական առաջարկների շուրջ եւ չէր էլ թաքցրել, որ Ադրբեջանի համաձայնության պարագայում Կազանում ԼՂ-ի հարցով փաստաթուղթ, այն էլ ոչ հռչակագրային մակարդակով, հաստատապես ստորագրվելու էր: Ելնելով այն հանգամանքից, որ Ադրբեջանին չհաջողվեց կայծակնային գործողություններով ետ գրավել առնվազն մեկ շրջան եւ հատկապես ռուսական կողմի գերշահագրգռվածությունը գործընթացում, կարող ենք փաստել, որ կազանյան առաջարկները խիստ ակտուալ են դառնում նաեւ այս պահին: Սրա մասին է խոսում նաեւ կազնայան առաջարկների հեղինակային իրավունքի տիրոջ` ՌԴ վարչապետ Մեդվեդեւի` հակամարտության սրմամբ պայմանավորված այցը Բաքու:
Կասկած չկա, որ պաշտոնական Մոսկվան, ռազմական գործողությունների հրահրման ու ավարտի մեջ մեծագույն դերակատարությամբ, այսօր փորձելու է գործնական օգուտներ քաղել նաեւ բանակցային ասպարեզում: Ի դեպ, Մոսկվայում ԼՂ-ի մասնակցության աննպատակահարմարության մասին ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանի` մեղմ ասած տարակուսելի հայտարարությունը հենց Ռուսաստանի քաղաքական շահերի իրական դրսեւորումներից է:
2011թ. հունիսի 24-ին տեղի ունեցավ Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումը: Այս հանդիպումը հավականում էր դառնալ շրջադարձային, որովհետեւ ռուսական բարձրաստիճան պաշտոնյաներն իրար հերթ չթալով հայտարարում էին խնդրի կարգավորման մեծագույն պատեհության մասին, իսկ հայկական կողմն էլ պնդում էր, որ արված առաջարկները խիստ գոհացուցիչ են: Միայն Ադրբեջանի իշխանություններն էին զուսպ արտահայտվում, եւ իրենց կեցվածքին առարկայական բնույթ հաղորդեցին, երբ բանակցային սեղանի շուրջ 10 նոր առաջարկներ ներկայացնելով` ուղղակի վիժեցրին գործընթացը:
Այդուհանդերձ, այսօր հարկ է հիշել, թե այդ ինչ առաջարկների հետ էր համաձայնվել Սերժ Սարգսյանը, իսկ Ալիեւը` մերժել: Ամերիկյան «Ջոն Հոփկինս» համալսարանի ներկայացուցիչները 2013թ. այցելել էին տարածաշրջան ու հանդիպումներ ունեցել կողմերի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ: Եվ ահա նրանց հրապարակված տվյալների հիման վրա պարզվում է, որ հարցի կարգավորումը լինելու էր փուլային տարբերակով: Հայաստանը վերադարձնելու էր 5 շրջանները, որին պիտի հաջորդեր Քելբաջարի ու Լաչինչ վերադարձը. վերջինի դեպքում հայկական կողմին մնալու էր մի նեղ միջանցք Հայաստանն ու Արցախը կապելու համար:
ԼՂ-ից հեռացած ադրբեջանցիները պիտի վերադառնային իրենց բնակավայրեր, իսկ երրորդ փուլում վերացվեր Հայաստանի շրջափակումը: Հարկ է արձանագրել, որ Քլեբաջարի ու Լաչինի վերադարձը հայկական կողմի պնդմամբ նախատեսվում էր իրականացնել Արցախում հանրաքվեի անցկացումից հետո: Ալիեւը հրաժարվել է ստորագրել փաստաթուղթը այս վերջին հանգամանքի, ինչպես նաեւ խաղաղարար ուժերում ռուսական ներկայության մեծաքանակության պատճառներով: 2011թ. նոյեմբերին եւ 2013թ. հունվարին ՀՀ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանը հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է ստորագրել Կազանի առաջարկները` առանց Ադրբեջանի ուղղումների: Ահա այսպիսի խայտառակ փաստաթղթի տակ էր Սերժ Սարգսյանը 2011թ. պատրաստվում դնել իր ստորագորթյունը: Եվ ահա հենց այս նույն պայմաններն է այսօր կրկնում ռուսական «ազնիվ» միջնորդությունը:
Գաղտնիք չէ, որ Կազանի հանդիպումից հետո ԼՂ-ի հարցով որեւէ լուրջ գործընթաց այլեւս չի ընթացել: Ցավոք, եթե 18 տարի առաջ ԼՂ-ը իբրեւ հակամարտության լիիրավ կողմ կարող էր եւ այդքան ուժ ուներ գործընթացը տապալելու, ապա այժմ այդ հնարավորությունը չկա: Սերժ Սարգսյանը, իր նախագահության համար պարտական լինելով ռուսական կողմին, ինչի համար, ի դեպ, ամեն անգամ հարկադրված է շնորհակալություն հայտնել, Կրեմլից եկող հրամանին «ոչ» ասելու կարողություն չունի: Արդեն իսկ բացահայտվեց, որ հակառակորդի տիրապետության ներքո են մնացել մի քանի դիրքեր, որոնք արցախյան ռազմական ուժերը «չեն հասցրել» ետ նվաճել:
Նման անհեթեթություն կարող էր ծագել միայն այն երկրում, որի քաղաքական ղեկավարությունն օգտվում է ամենամեծ շռայլություններից` բանակին թողնելով «80-ականների» զենքի հույսին: Իսկ որեւէ մեկը կարո՞ղ է երաշխավորել, որ Ադրբեջանի նոր հարձակման ու գուցե թե ռուս-թուրքական աջակցության պայմաններում թշնամուն մեկ-երկու շրջան զիջելուց հետո նոր ռուսական հրաման չի գա, ըստ որի` պետք է դադարեցնել կրակն ու համակերպվել կորստի հետ:
Հանուն հետագա հաղթանակների` այսօր պետք է ընդունել, որ ռազմատեխնիկայի առումով զգալիորեն ետ մնալուն զուգահեռ, հայկական կողմում դրսեւորվեց նաեւ քաղաքական իշխանության ու ժողովրդի միջեւ առկա իսկական ջրբաժանը` ի հեճուկս անգամ էյֆորիկ «համախմբման»:
Այլեւս ակնհայտ է, որ Մոսկվայից կարող են հրահանգել դադարեցնել կռիվը եւ մեր իշխանությունն ունակ չէ ընդդիմանալ դրան: Սա նշանակում է, որ Հայաստանին օր առաջ անհրաժեշտ է օրինական ճանապարհով ընտրված իշխանություն: Այսօր արդեն ակնհայտ է, որ լեգիտիմ իշխանության բացակայությունը ոչ միայն հարստահարում է Հայաստանը, այլեւ ուղղակի սպառնալիք է Լեռնային Ղարաբաղի անվտանգության համար: Այս հարցում Սերժ Սարգսյանը որոշում կայացնելու հնարավորություն իսկապես ունի: Որոշում, որ անխուսափելիորեն ճակատագրական է լինելու Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի համար:
Ն. Հովսեփյան