Շուտով կլրանա 4 ամիսը, ինչ Հայաստանում գործում է նոր Սահմանադրությունը, սակայն առայժմ մեր քաղաքական եւ հանրային կյանքում որեւէ փոփոխություն նկատելի չէ: Թե ինչով է պայմանավորված այս հանգամանքը, «Ժողովուրդ»-ը փորձել է պարզել սահմանադրական փոփոխությունների ջատագովներից, որոնք նոր Սահմանադրության ընդունումից կարճ ժամանակ անց նշանակալի բարելավումներ էին խոստանում:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայան
-Տիկի՛ն Եսայան, շուտով կլրանա 4 ամիսը, ինչ ընդունվել է ՀՀ նոր Սահմանադրությունը: Երբ Դուք քարոզում էիք այո քվեարկել սահմանադրական փոփոխություններին, հայտարարում էիք, որ դրանից հետո Հայաստանում իրավիճակ է փոխվելու: Կնշեք, թե ի՞նչն է փոխվել:
-Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո, բնականաբար, ամբողջ Սահմանադրությունը միանգամից ուժի մեջ չի մտնելու: Այսինքն՝ որոշ հոդվածներ պետք է անցնեին, օրինակ, մարդու իրավունքների պաշտպանության գլուխը եւ այլն, հետո մյուսներն` աստիճանաբար: Եւ դրա հաջորդ փուլը ընտրական օրենսգրքի մի քանի օրենքների փոփոխությունն է, որի շրջանում մենք հենց հիմա գտնվում ենք: Սահմանադրությունը փուլ առ փուլ եւ աստիճանաբար է ստանալու կյանքի իրավունք, եւ ամբողջական փոփոխություններ կտեսնեք միայն այն ժամանակ, երբ Սահմանադրությանը կհամապատասխանեցվեն ՀՀ բոլոր օրենքները, եւ առաջինն այս պահին ԸՕ-ն: Կարծում եմ, որ 2017-ի ընտրություններից, ապա 2018-ի ապրիլից հետո, երբ ՀՀ նախագահի լիազորությունները կավարտվեն, եւ այլեւս խորհրդարանը կընտրի երկրի նախագահ, այդ ժամանակ շատ ավելի տեսանելի կլինեն փոփոխությունները:
-Ձեր ընդդիմախոսները հիմնականում հայտարարում էին, որ սահմանադրական փոփոխությունները հանգեցնելու են կոլեկտիվ անպատասխանատվության: Այսօրվա իրավիճակը նման է նկարագրվածին, այդպես չէ՞:
-Ոչ ճիշտ մեկնաբանություն է: Ընդհակառակը, հիմա կոլեկտիվ պատասխանատվություն կա, քանի որ ե՛ւ իշխանական, ե՛ւ ոչ իշխանական քաղաքական ուժերը, հասարակական կազմակերպությունները միասին հավաքված խելք խելքի են ուզում տալ` կարգին ընտրական օրենսգիրք ունենալու համար: Իսկ նրանք, ովքեր ուզում են, ովքեր երազում են տեսնել կոլեկտիվ անպատասխանատվություն, երբեք դա չեն տեսնելու, ինչպես չեն տեսնելու իրենց ծոծորակը: Այսօր քաղաքական դաշտում դոմինանտ քաղաքական ուժերն ավելի պատասխանատու են, քան այն ուժերը եւ այն գործիչները, ովքեր ուզում են Հայաստանում տեսնել կոլեկտիվ անպատասխանատվություն: Մենք միշտ լինելու ենք պատասխանատու եւ համախմբված:
-Բայց, կարծես թե, ընտրական նոր օրենսգրքի հետ կապված իշխանությանը չի հաջողվում վստահության մթնոլորտ ձեւավորել: Ինչո՞ւ ընդդիմությունը չի հավատում իշխանության կողմից տրվող հավաստիացումներին, թե առաջարկվող նախագծով նվազագույնի են հասցվելու ընտրակեղծիքները:
-Ցավոք սրտի, այդպես է: Որոշ ընդդիմադիրի թվում է, թե երբ իրենք ինչ-որ առաջարկ են անում, ապա պետք է անեն վերջնագրի տեսքով, որպես վերին ատյանի ճշմարտություն: Երբ մենք ասում ենք՝ եկեք, միասին քննարկենք, միասին գտնենք ընդհանուր` բոլորիս համար ընդունելի տարբերակներ, նկատի ունենք, որ եկեք, միասին մարդկային, հասկանալի լեզվով նստենք եւ քննարկենք: Բայց երբ որոշ ընդդիմադիր գործիչներ ուլտիմատումի ձեւով են խոսում նախագծի հեղինակների եւ իշխող քաղաքական ուժի հետ, դա չի կարող ընդունելի լինել: Դրանից զատ` մի բան կա, որ կրկնակի անգամ այդ ամենը տխուր է դարձնում. դա այն է, որ ընդդիմադիր ՀԱԿ-ի «4+4+4» բանաձեւն այսօր չեն ընդունում իրենց գործընկերները: Ես նայել եմ ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչների հարցազրույցները, հայտարարությունները, որոնք շատ ազնվորեն խոստովանում են, որ այդ բանաձեւը որեւէ տրամաբանության չի դիմանում: Իրենց ընդդիմադիր հայտարարած քաղաքական գործիչները լավ կլինի՝ քարը փեշներից թափեն եւ աշխատանքային վիճակի գան եւ աշխատանքային հոգեբանություն ունենան, ոչ թե պահանջներ ներկայացնեն:
-Տիկի՛ն Եսայան, առջեւում ՏԻՄ ընտրություններն են, որոնց ընթացքում իշխանությունը կարող է փաստացի ապացուցել, որ իսկապես իրավիճակը փոխելու կամք ունի: Կարո՞ղ է, թե՞ ոչ:
-Կարծում եմ, այո: Կլինեն ընտրություններ, որոնց արդյունքում կտեսնեք, որ կա այդ քաղաքական կամքը, կտեսնեք, որ այն թեկնածուները, ովքեր կստանան ժողովրդի վստահության քվեն, նրանք էլ կհաղթեն ՏԻՄ ընտրություններում::
ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյան
-Պարո՛ն Թովմասյան, սահմանադրական հանրաքվեից անցել է 4 ամիս, սակայն այս ընթացքում նոր Սահմանադրությունից բխող փոփոխությունները տեսանելի չեն: Ո՞րն է պատճառը:
-Այն, որ փոխվում է ընտրական օրենսգիրքը, հիմա դրա ականատեսն ենք: Փոխվում է թե՛ բովանդակությունը, թե՛ ծավալը, թե՛ որակը եւ այլն, ինչպես նաեւ մարդու իրավունքների պաշտպան էինք ընտրում, եւ ընտրում էր Ազգային ժողովը: Պետք է հաշվի առնենք հետեւյալ հանգամանքը, որ Սահմանադրության հիմնական մասը ուժի մեջ կմտնի 2018 թվականից, այսինքն՝ ռեալ քաղաքական բարեփոխումները կզգաք այդ փուլից: Հիմա այդ ամբողջը նախապատրաստական փուլում է գտնվում, ինչը կարող է առաջին հայացքից չզգաք, բայց այդ պրոցեսները ընթանում են:
-Պարո՛ն Թովմասյան, ընդդիմությունը մտավախություն ուներ, որ նոր Սահմանադրության ընդունումից հետո ձեւավորվելու է կոլեկտիվ անպատասխանատվության մթնոլորտ: Արդյո՞ք այսօր հենց այդպիսի վիճակում չենք արդեն:
-Ոչ, եւ ես այդ մասին բազմիցս նշել եմ: Հիմա Գերմանիայի համար կա կոլեկտիվ անպատասխանատվությո՞ւն, Անգելա Մերկելը ավելի քիչ պատասխանատո՞ւ է, քան Օլանդը: Ով ասաց այդպիսի բան, անպատասխանատվություն չկա: Այս դեպքում կա մի անձ, որը չունի քաղաքական հիմք, գալիս է, գնում է, չկան պատասխանատուներ, ինքն է որոշում, միանձնյա է որոշում, բայց կուսակցությունների դեպքում այդպես չի: Այսինքն՝ պարլամենտական կառավարման ձեւը որոշումների ընդունման այլ մշակույթ է ենթադրում:
ՀՐԱԶԴԱՆՈՒՄ ՍԿՍՎԵՑ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՔԱՐՈԶԱՐՇԱՎԸ
Երեկ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում մեկնարկեց քաղաքապետի ընտրությունների նախընտրական քարոզարշավը: Համայնքի ղեկավարի պաշտոնի համար մրցակցող թեկնածուները հրազդանցիների առջեւ հանդես եկան նախընտրական խոստումներով:
Հրազդանի գործող քաղաքապետ Արամ Դանիելյանն իր նախընտրական շտաբի բացումից հետո վստահեցրեց, որ կրկին վերընտրվելու է եւ չափազանց բարձր գնահատեց իր շանսերը: «Ես համոզված եմ, որ հինգերորդ անգամ կընտրվեմ քաղաքապետ: Իմ գործունեության 14 տարիների ընթացքում բազմաթիվ աշխատանքներ ենք իրականացրել այս քաղաքում: Տեղյակ ենք խնդիրներից եւ ամեն տարի ձգտում ենք բարելավել»,- նշեց նա: Անդրադառնալով քաղաքում առկա լուծման կարոտ բազմաթիվ խնդիրներին` Դանիելյանն արդարացավ, թե ամեն ինչ հնարավոր չէ միանգամից անել եւ նշեց, թե քիչ-քիչ առաջ է գնում:
Քաղաքապետի մյուս թեկնածուն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Սասուն Միքայելյանն էլ հայտարարեց, որ ինքը գաղափարի մարդ է: Նրա խոսքով` շատերն են երջանկացել, երբ ինքը բանտում է եղել, չեն մտածել հրազդանցու մասին, սակայն հիմա ասում են` իմ թիմը հրազդանցին է: «Եկել եմ, որ մեր երեխաների փայլուն ապագան ապահովեմ եւ վերացնեմ վախի մթնոլորտը: Ուզում եմ գալ քաղաքապետարան` այս քաղաքը նորմալ տեսքի բերելու եւ մարդկանց հույսը վերականգնելու համար: Ուզում եմ, որ բոլորս գիտակցենք, որ քաղաքապետարանը պետք է դառնա այս բոլոր մարդկանց հայրենի օջախը»,-հայտարարեց քաղաքապետի թեկնածուն:
Նյութերը՝ ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ
ԶԵԿՈՒՅՑԻ ՎԵՐՋԻՆ ՕՐԸ
Փետրվարի 23-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան նշանակված Արման Թաթոյանը մինչեւ այս տարվա մարտ ամսվա վերջը պետք է հաստատեր եւ գերատեսչություններին ուղարկեր ՄԻՊ-ի 2015 թ.զեկույցը: Այսինքն՝ Թաթոյանը ստիպված է ներկայացնել նախորդ օմբուդսմենի՝ Կարեն Անդրեասյանի կողմից կազմված զեկույցը: Նշենք, որ ըստ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքի հոդված 17-ի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր տարվա առաջին եռամսյակի ընթացքում պաշտպանը ՀՀ նախագահին, օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմիններ է ներկայացնում նախորդ տարվա ընթացքում իր գործունեության եւ երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտման մասին զեկույց, իսկ Ազգային ժողովի գարնանային նստաշրջանի ընթացքում դա ներկայացնում է Ազգային ժողովի նիստում: Սակայն Թաթոյանը խախտելով օրենքը՝ մինչ օրս չի ներկայացրել իր զեկույցը:
Երեկ «Ժողովուրդ»-ը ՄԻՊ գրասենյակից փորձեց պարզել՝ ի վերջո, ե՞րբ է պատրաստվում հրապարակել զեկույցը: Ի պատասխան մեր հարցման՝ ՄԻՊ գրասենյակի մամուլի պատասխանատու Ռոնա Ահարոնյանը հայտնեց. «Աշխատակազմում այս պահին զեկույցի վրա աշխատում են, եւ օրենքով նախատեսված ժամկետում զեկույցը կհրապարակվի, լույս կտեսնի եւ կտարածվի»:
Հետաքրքրվեցինք, թե դեկտեմբերի 6-ին կայացած սահմանադրական հանրաքվեի մասին զեկույցը ե՞ւս տարեկան զեկույցի հետ կհրապարակվի, Ռոնա Ահարոնյանը պատասխանեց. «Հանրաքվեի մասով զեկույցի մասին չեմ կարող ասել, միայն այս պահին տարեկան զեկույցի մասին կարող եմ ասել»:
Հիշեցնենք՝ «Ժողովուրդ»-ը փետրվարին գրել էր, որ դեռ այս տարվա հունվարի վերջից պատրաստ է ՄԻՊ զեկույցը անցած տարվա դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ, սակայն այն եւս չի հրապարակվում:
ՍԿՍՈՒՄ ԵՆ ԲԱՆԱԿՑԵԼ
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի ղեկավար Ժիրայր Սէֆիլյանը մարտի 17-ին հայտարարել էր իշխանափոխության երրորդ փուլը նախաձեռնելու, մի քանի ընդդիմադիր ուժերի հետ միավորվելու ցանկության մասին եւ ներկայացրել իշխանափոխության հասնելու՝ 3 կետից բաղկացած ծրագիր:
Այսօր «Նոր Հայաստան»-ի քաղաքական խորհրդի անդամները կսկսեն բանակցել ընդդիմադիր ուժերի հետ, եւ պետք է որոշվի, թե անդամներից ամեն մեկը կոնկրետ որ ընդդիմադիր ուժի հետ է բանակցելու:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում «Նոր Հայաստան»-ի քաղխորհրդի կազմում ընդգրկված «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը տեղեկացրեց, որ առաջիկա օրերին նա բանակցելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ: «Բնականաբար, տարաձայնություններ կան ու կարող են լինել տարբեր ուժերի միջեւ, մինչ այժմ եղել են բանակցություններ, սակայն մենք շարունակելու ենք: Քաղխորհրդի յուրաքանչյուր անդամ, ըստ մարդկային փոխհարաբերությունների, որոշում է, թե ում հետ է բանակցելու»: