ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԽԻՍՏ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՊԱՀԱՊԱՆՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հերթական անգամ Հայաստանի քաղաքական կյանքում տեղի է ունենում մի գործընթաց, որտեղ մենք ականատես ենք լինում, թե ինչպես են արմատական ընդդիմության դիրքերից հանդես եկող գործիչները փոշիացնում իշխանության հետ բանակցությունների արդյունքում զիջումների հասնելու հնարավորությունը:

Ինչպես հայտնի է՝ անցած տարվա սահմանադրական հանրաքվեի քարոզարշավից առաջ մի խումբ անհատներ հայտարարեցին «Նոր Հայաստան» անվանումով միավորում ձեւավորելու մասին՝ իրենց նախաձեռնությունը ներկայացնելով իբրեւ «հանրային փրկության ճակատ»: Այս նախաձեռնությանը միացած գործիչները, որոնց թվում կան նաեւ երկարամյա քաղաքական գործունեության փորձ ունեցող անձինք, հայտարարեցին սահմանադրական հանրաքվեի շրջանակներում իշխանափոխութուն իրականացնելու մասին: Նրանց նախաձեռնությունը, սակայն, այդպես էլ լուրջ հանրային աջակցություն չստացավ, մասամբ նաեւ այն պատճառով, որ «Նոր Հայաստանին» միացած գործիչներից շատերը անցած տարվա ընթացքում արդեն երկրորդ անգամ էին իշխանափոխություն խոստանում. նրանք դեռեւս 2014-ից հայտարարել էին, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը` 2015 ապրիլի 24-ը, ՀՀ քաղաքացիները դիմավորելու են «առանց ռեժիմի»: Իսկ թե ինչ եղավ դրանից հետո, հայտնի է բոլորին:
Սակայն օրերս հայտնի դարձավ, որ «Նոր Հայաստանը» իշխանափոխության նոր դրդապատճառ է հղացել: Մոտ քսան օր առաջ, երբ քաղաքական շրջանակները սկսել էին քննարկել ընտրական նոր օրենսգրքի նախագիծը, հասարակական կազմակերպությունների կողմից շրջանառության մեջ դրվեց մի փաստաթուղթ, որով ՀԿ-ները ամրագրել էին ԸՕ հետ կապված 5 պահանջ: Առաջին եկու պահանջները վերաբերում էին ընտրական ցուցակները «մաքրելուն» եւ ընտրողների կողմից ստորագրված ցուցակները հրապարակելուն, հաջորդը` ԱԺ ընտրությունները համամասնական պարզ կարգով անցկացնելուն` առանց տարածքային եւ վարկանիշային քվեարկության: Մնացած երկու պահանջներից մեկը ընտրությունների ողջ ընթացքը տեղամասերում նկարահանելու եւ օնլայն հեռարձակելու մասին էր, իսկ մյուսը` ընտրողներին մատնահետքերով նույնականացնելու, մատերը թանաքոտելու (այդ թվում՝ անզեն աչքով չերեւացող թանաքով) վերաբերյալ։ Օրերս պարզվեց, որ այս առաջարկները «Նոր Հայաստանը» դարձրել է իր հիմնական զենքը եւ այժմ էլ դրանցով է պատրաստվում իշխանափոխություն իրականացնել:
Երեկ «Նոր Հայաստանը» հայտարարություն տարածեց, որում ասված է. «Նոր ընտրական օրենսգրքի ընդունման գործընթացը նույնպես կարող է հնարավորություն ստեղծել հանցավոր վարչախմբին հեռացնելու եւ արտահերթ ընտրություններ անցկացնելու նպատակով ընդդիմության համախմբման ու նրա քաղաքական բեւեռի կայացման համար: Ընդդիմադիր ուժերի եւ քաղհասարակության համախմբումը հնարավոր է նախագծի վերաբերյալ վարչախմբին ներկայացված հինգ պահանջների ընդունումը պարտադրելու նպատակի շուրջ՝ դրանք դիտելով որպես մեկ ամբողջություն եւ բացառելով զիջումներն այդ պահանջներից որեւէ մեկի մասով»:
Առաջին հայացքից խիստ ընդդիմադիր հռետորաբանությամբ այս հայտարարությունն ուղղակի նվեր է իշխանությունների համար: Այսպես՝ եթե քաղաքական ուժերը եւ հասարակական կազմակերպությունները դրան հետեւեն եւ ամեն ինչ կամ ոչինչ մոտեցմամբ առաջնորդվեն, ապա դա իշխանություններին հնարավորություն կտա բոլոր առաջարկներն անկաշկանդ անտեսել: Այնուհետեւ հերթական տապալված «իշխանափոխությունը» կնպաստի, որպեսզի ԱԺ ընտրությունների շեմին հիասթափվելու եւս մեկ առիթ ունենանք: Այսինքն՝ «Նոր Հայաստանի» բոլոր գործողությունները միտված են նրան, որ անընդհատ սնեն «իշխանության դեմ խաղ չկա» խաբկանքը, որի շնորհիվ էլ Հայաստանի իշխանությունները կարողանում են իրենց իրերը պահպանել: Իհարկե, բացառված չէ, որ այդ օրումեջ իշխանափոխություն խոստացող նախաձեռնության շարքերում նաեւ բազմաթիվ անձինք կան, որոնց շարժառիթը Հայաստանը փոխելու, ժողովրդավարական երկիր դարձնելու ազնիվ մղումն է, սակայն փաստն այն է, որ այս նախաձեռնությունն իր սկզբնավորման առաջին իսկ օրից, իր«խիստ» ընդդիմադիր գործողություններով նպաստում է իշխանությունների ծրագրերի կյանքի կոչմանը` ամեն ինչ անելով, որպեսզի Հայաստանում լուրջ քաղաքական խմորումներ տեղի չունենան, ու հասարակության լայն շերտերը պարզապես հոգնեն այս ուժի` արդեն զավեշտալի դրսեւորումներ ստացող հանրահավաքային պայքարին հետեւելուց:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 

ՆԱԽԿԻՆ ՕԵԿ-Ի ՈՒՆԵՑՎԱԾՔԸ
«Օրինաց երկիր» կուսակցությունը՝ այժմյան «Հայկական վերածնունդ»-ը, հրապարակել է իր անցած տարվա հունվարի 1-ից մինչեւ դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում հաշվում մուտք արված դրամական միջոցների մասին հաշվետվությունը: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ կուսակցությունը դեռ 2015թ. հունվարի 1-ի դրությամբ ունեցել է 407 հզ. 600 դրամ: Սակայն անցած տարվա ընթացքում ֆիզիկական անձանց կողմից նվիրատվություններ է ստացել, որն էլ կազմել է 6 մլն 485 հզ. դրամ: Իսկ օրենքով նախատեսված կարգով ստացված բյուջետային ֆինանսավորումը կազմել է 4 մլն 246 հզ. 400 դրամ: Ստացվում է, որ կուսակցությունն անցած տարի ունեցել է ընդամենը 11 մլն 139 հզ. դրամ: Այդ գումարից կուսակցությունը ֆիզիկական անձանց աշխատավարձ է տվել, մոտ 2 մլն դրամ, գույքի վարձակալության գումարը՝ 1 մլն 860 հզ. դրամ, կոմունալ վճարումները՝ մոտ 5 մլն 200 հզ. դրամ, հարկեր, տուրքերը՝ 132 հզ. դրամ: Նախկին ՕԵԿ-ը այլ ծախսերի համար վճարել է մոտ 1 մլն 720 հզ. դրամ: Այսինքն՝ կուսակցությունը անցած տարվա ընթացքում ծախսել է ընդամենը 10 մլն 905 հզ. 400 դրամ: Իսկ տարվա վերջին մնացորդը կազմել է 233 հզ. 600 դրամ: Իսկ թե ինչ միջոցներով են պահվում կուսակցության «Հ3» հեռուստաընկերությունը, էլեկտրոնային կայքերը, այդպես էլ մնում է անհայտ: Հավանաբար ԱԽՔ պաշտոնը ստանալուց հետո շեշտակի հարստացած Արթուր Բաղդասարյանը ֆինանսական այլ հոսքեր էլ ունի: Տեղեկացնենք, որ նախկին ՕԵԿ-ը Աբովյան 43 հասցեում ունի հասարակական շինություն, որի գնահատման արժեքը կազմում է 31 մլն 302 հզ. դրամ: Նաեւ «Օպել Վեկտրա», «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաներ՝ 2 մլն 920 հզ. դրամ արժեքով:

 

 

ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄ
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ այս տարվա մարտի սկզբին ՀՀ Արագածոտնի մարզպետի խորհրդական Սեդրակ Վարդանյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Մարզպետի օգնականի պաշտոնից էլ ազատվել է Կարեն Տոնոյանը: Նրանց աշխատանքից ազատել է Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանը: Իսկ նորանշանակ մարզպետ Գաբրիել Գյոզալյանը, ի տարբերություն իր նախորդի, սկսել է նշանակումներ անել: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ վերջինս օրեր առաջ իր օգնականի պաշտոնում նշանակել է Սարգիս Թադեւոսյանին: Նա 1994-2000 թթ.-ին աշխատել է որպես Աշտարակի տարածքային հարկային պետական տեսչության պետ, 2000 թ-ից՝ Արագածոտնի մարզային տարածքային հարկային տեսչության Ապարանի բաժնի պետ:

 

 

ԼՈԿԱԼ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
Մի շարք քաղաքական ուժեր 2017թ. խորհրդարանական ընտրություններին ընդառաջ սկսել են միմյանց հետ բանակցություններ վարել դաշինք կազմելու կամ համագործակցության այլ ֆորմատների նպատակով: «Ժողովուրդ»-ը «Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատ հնչակյան» կուակցության նախագահ, ՀԱԿ խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք այդ ուղղությամբ նա եւս բանակցություններ է սկսել. «Դեռ 2017 թ. ընտրությունների բանակցությունները տեսանելի չեն, միգուցե ինչ-որ լոկալ քննարկումներ լինում են, բայց վստահաբար կարող եմ ասել, որ այսօր բանակցությունները եւ շփումները պայմանավորված են զուտ ԸՕ-ով: Դեռ նախանշել, թե ինչ թիմեր կառաջանան, կարծում եմ՝ վաղ է: Վստահ եմ, որ ոչ մեկի մոտ էլ այդ հստակությունը դեռ չկա»:

 

 

 

ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ԱՐՏԱՔԻՆՊԱՐՏՔԻ ԳԾՈՎ
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պատրաստվում է Հայաստանի արտաքին պարտքի շուրջ անկախ աուդիտի հանձնաժողով ստեղծել: «Հայաստանի արտաքին պարտքի անընդհատ աճը եւ ներգրավված միջոցների անարդյունավետ ծախսվելու փաստը բազմաթիվ հարցեր են առաջացնում թե՛ մասնագետների եւ թե՛ հասարակության լայն շերտերի շրջանում: Կուսակցությունը կոչ է անում բոլոր մասնագետներին, շահագրգիռ կողմերին համագործակցության կազմակերպման նպատակով կապ հաստատել կուսակցության քաղաքական պլատֆորմի տնտեսական ենթախմբի ներկայացուցիչների հետ, որպեսզի այդ քննարկումների արդյունքում վեր հանվեն բոլոր կողմերի համար խնդրի լուծման ընդունելի տարբերակներ», – ասված է կուսակցության հայտարարությունում։

 

 

ԿՄԱՍՆԱԿՑԵՆՔ
Մարտի 31-ից ապրիլի 23-ը Հոհենֆելսում (ԳԴՀ) տեղակայված ԱՄՆ ԶՈՒ միացյալ բազմազգ վարժական կենտրոնում անցկացվելու է «Միաձուլված սուր-2016» բազմազգ զորավարժությունը, որին մասնակցելու է նաեւ ՀՀ զինված ուժերի 32 հոգանոց բժշկական ստորաբաժանումը: Զորավարժությանը նախատեսվում է շուրջ 18 երկրների՝ ընդհանուր թվով մինչեւ 5.000 զինծառայողների մասնակցություն: Նշված զորավարժության ընթացքում հայկական կողմն ապահովելու է ՆԱՏՕ-ի չափանիշներով 2-րդ մակարդակի բուժօգնություն:

 

 

ՆՈՐ ՑՐՏԱՀԱՐՈՒԹՅՈՒՆ
Մարտի 30-ի լույս 31-ի եւ 31-ի լույս ապրիլի 1-ի գիշերային ժամերին Արարատյան դաշտում եւ նրա նախալեռներում, առանձին հատվածներում, օդում հնարավոր են մինչեւ -2, իսկ հողի մակերեւույթին` անհամեմատ ավելի ցածր ջերմաստիճաններ։ Այս մասին հաղորդում է գյուղատնտեսության նախարարությունը՝ գյուղացիական տնտեսություններին հորդորելով «ցուցաբերել զգոնություն, անհրաժեշտության դեպքում ձեռնարկել համապատասխան միջոցներ»։

 

 

ՐԱՖՖԻՆ ԷԼ Է ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի հիմնադիր տնօրեն Րաֆֆի Հովհաննիսյանը Ատլանտյան խորհրդի հրավերով գտնվում է Վաշինգտոնում։ Կուսակցության փոխանցմամբ՝ Հովհաննիսյանը խորհրդում ներկայացրել է Հայաստանի արդի քաղաքական լանդշաֆտը՝ իր ժողովրդավարական թերություններով ու արտաքին քաղաքական մարտահրավերներով:

 

 

4+6+3
Երեկ Ազգային ժողովում ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ «4+4+4» ձեւաչափով աշխատանքային հանդիպումը սկսվել է սկանդալով: Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների՝ Արտակ Զեյնալյանի, Տիգրան Եգորյանի, Դանիել Իոնիսյանի եւ Սոնա Այվազյանի անունները նախապես ներկայացված չեն եղել ԱԺ անցակետ, այնուհետեւ խնդիր է առաջացել անձը հաստատող փաստաթղթերը անցակետում թողնելու հետ կապված: Նշենք, որ իշխանության կողմից մասնակցել են ոչ թե 4, այլ 6 հոգի` Դավիթ Հարությունյանը, Արփինե Հովհաննիսյանը, Հովհաննես Սահակյանը, Արմեն Ռուստամյանը, Աղվան Վարդանյանը եւ Հրայր Թովմասյանը, իսկ, ահա, ընդդիմության ներկայացուցիչները մեկով պակաս էին. չէր ներկայացել «Ժառանգության» ներկայացուցիչը, ընդդիմությունը ներկայացնում էին Լեւոն Զուրաբյանը, Հովհաննես Մարգարյանը եւ Նաիրա Զոհրաբյանը: Կես ժամ ուշացումով սկսված քննարկումը, ի վերջո, որոշվել է անցկացնել առանց տեսախցիկների:




Լրահոս