2015թ. սեպտեմբերի 19-ին՝ առավոտյան ժամը 7-ի սահմաններում, Մաշտոցի պողոտայում դանակահարվել էր ՀՀ ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանի օգնականը:
Եվ այսպես՝ «Ժողովուրդ»-ը պարզեց, որ նշյալ օրը 5 երիտասարդներ՝ Անդրանիկ Գաբրիելյանը, Գարիկ Բաբախանյանը, Հակոբ Բոյաջյանը, Սամվել Սաֆարյանը, Գեւորգ Մարգարյանը Հայաստանի մայրաքաղաք Երեւանի կենտրոնում, առավոտյան 7-ի սահմաններում անհասկանալի պատճառով վիճաբանել են միմյանց հետ: Վերջիններս նախ միմյանց են քաշքշել, ապա գետնին տապալելով՝ ծեծի են ենթարկել իրենց ընկեր Գեւորգ Մարգարյանին: 4 հոգուց առնվազն երեքը ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել ասֆալտին փռված երիտասարդին:
Անցորդները, ավտոմեքենաները Մաշտոցի պողոտայով անցնելով՝ չեն համարձակվել որեւէ կերպ միջամտել տղաների վիճաբանությանը: Միայն զարմացած ու վախեցած հայացքներով արագ լքել են տարածքը:
Սակայն տղաների ծեծին անտարբեր չի գտնվել ՀՀ ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանը: Պատգամավորը տեսնելով գետնին տապալված երիտասարդին ու նրա վրա ոհմակի պես հարձակված խմբին՝ փողոցի մեջտեղում կանգնեցրել է իր ավտոմեքենան եւ փորձել կարգի հրավիրել տաքարյուն երիտասարդներին: Տեսնելով պատգամավորի ավտոմեքենան՝ 4 հոգանոց խումբը թողել է իր զոհին` թիրախավորելով ԱԺ պատգամավորին:
Նախ երիտասարդները բացել են պատգամավորի ավտոմեքենայի դուռը, ինչից հետո Գուրգեն Արսենյանը ստիպված է եղել իջնել ու լսել իր հասցեին ուղղված հայհոյանքներ եւ սպառնալիքներ, ինչը դուր չի եկել նրա օգնական Ավետիս Գալստյանին: Վերջինս նախ փորձել է հանդարտեցնել ագրեսիվ քառյակին, ապա տեսնելով, որ չի ստացվում, բռունցքով հարվածել է Հակոբ Բոյաջյանին: Հարվածից հետո 4 հոգով հարձակվել են Ավետիսի վրա: Այդ ընթացքում Անդրանիկ Գաբրիելյանը հաջողացրել է իր մոտ եղած դանակով հարվածել Ավետիսի կրծքավանդակին` պատճառելով լուրջ վնասվածք:
Պատգամավոր Գուրգեն Արսենյանը՝ տեսնելով, որ իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից, մեքենայից ցուցադրաբար վերցրել է իրեն ամրակցված ատրճանակը եւ փորձել սթափեցնել երիտասարդներին: Ավետիս Գալստյանը իրավիճակի լրջությունը սեփական մաշկի վրա զգալով՝ նկատել է, որ իրեն դանակահարած Անդրանիկ Գաբրիելյանը դանակը ձեռքին այս անգամ էլ մոտենում է պատգամավորին, դարձյալ գործի է դրել բռունցքները: Նա մեկական հարված է հասցրել երիտասարդներին՝ նրանցից երկուսին տապալելով: Մյուս երկուսը, տեսնելով պատգամավորի ձեռքի զենքն ու գետնին փռված ընկերներին, փախել են:
Այսպիսով, դեպքի առթիվ հարուցված է քրեական գործ եւ արդեն գտնվում է Կենտրոն եւ Նորք-Մարաշ շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Չորս երիտասարդներն էլ կալանավորված են:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Գարիկ Բաբախանյանի փաստաբան Վարդան Զուռնաչյանը հայտնեց, որ իր պաշտպանյալը որեւէ հակահասարակական արարք թույլ չի տվել. «Եղել է դանակահարություն, ինչ-որ քաշքշոցներ: Ես գիտեմ, որ իմ պաշտպանյալը որեւէ հակահասարակական արարք թույլ չի տվել: Հույս ունենք, որ դատարանն էդ ամբողջ պատմությունը կբացահայտի, եւ կտեսնենք՝ ով ինչ արարք է արել»:
Անդրանիկ Գաբրիելյանի պաշտպան Մերի Ալավերդյանը, Հակոբ Բոյաջյանի փաստաբան Լյուդվիգ Ավետիսյանը, Սամվել Սաֆարյանի փաստաբան Թամարա Բաղդասարյանը նշեցին, որ իրենց պաշտպանյալները չեն ընդունում իրենց մեղքը:
Ինչեւէ: «Ժողովուրդ»-ը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց նաեւ ԱԺ պատգամավոր, ՄԱԿ կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանի հետ` նախ պարզելու, թե ո՞ւր էր գնում պատգամավորը առավոտյան 7-ին. «Մենք մի ակումբ ունենք, որտեղ վերջին 15 տարին ընկերներով ուրբաթ, շաբաթ գիշերներն ենք անցկացնում: Առավոտյան «Մաֆ» ակումբից տուն էի վերադառնում, որի ճանապարհը անցնում է Մաշտոցի պողոտայով:
-Ինչո՞ւ կանգնեցիք եւ միջամտեցիք տղաների վեճին:
-Կարծում եմ, որ ցանկացած ինքն իրեն հարգող տղամարդ, ականատես լինելով նման իրավիճակի, միջամտելու իրավունք ունի:
-Ի՞նչ էին ասում Ձեզ տղաները, երբ միջամտեցիք իրենց վիճաբանությանը:
-Դա Ձեր ականջների համար չէ, թե ինչ էին ասում երիտասարդները իմ հասցեին:
-Ինչո՞ւ եք մեքենայից հանել զենքը, բայց չեք կրակել:
-Պատրաստ էի կիրառելու զենքը հատկապես այն պահին, երբ օգնականս ասաց, որ դանակով հարվածել են իրեն սրտից: Ես պատրաստ էի կիրառել, բայց քանի որ ավտոբուս կանգնեց, որից կանայք իջան, նրանց ներկայությամբ մի քիչ ավելի զուսպ էր պետք լինել:
-Մեր ձեռքում հայտնված տեսանյութում երեւում է, որ Դուք չեք հետապնդում դեպքի վայրից փախչող տղաներին, որոնցից մեկը հենց Ձեր օգնական Ավետիս Գալստյանին դանակահարած Անդրանիկ Գաբրիելյանն էր:
-Շտապեցինք, որպեսզի արագ հասնեմ հիվանդանոց, որովհետեւ երբ ասաց, որ խփեցին սրտիցս, ինձ ստիպեց, որպեսզի շատ արագ օգնականիս հասցնեմ հիվանդանոց: 130-140 արագությամբ գնում էի հիվանդանոց: Փառք աստծո, դանակի հարվածը, որն ուղղված էր եղել սրտին, մոտ 1 սմ տարբերությամբ չէր հասել սրտին: Կարող էր շատ ավելի ողբերգական հետեւանք լինել:
-Ի վերջո, ովքե՞ր էին այդ երիտասարդները, ի՞նչ գիտի նրանց մասին Ազգային ժողովի պատգամավորը:
-Նրանք հասարակական շատ լկտի դրսեւորումով էին սկսել իրենց օրը: Հետո իմացա, որ դա եղել է շարունակություն, մինչեւ այդ նրանք մեկ այլ հանցագործություն են իրականացրել Հանրապետության հրապարակի տարածքում: Իրենք մի քանի միջադեպով են հիմա դատվելու:
Ես առանձնապես շնորհակալություն եմ ուզում հայտնել ճանապարհային ոստիկանության աշխատակիցներին, որոնք իրականացրին ձերբակալումը եւ վնասազերծման վերջին փուլը:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ»-Ը «ՔՑՈ՞ՒՄ Է»
«Հայբիզնեսբանկը» հանձնվեց Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանին:
«Ժողովուրդ»-ը գրել էր, որ դեռեւս 2014 թվականի սեպտեմբերի 11-ից «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ն դիմել էր Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով իր վարկային պարտավորությունները չկատարած դատավորից գանձել 1 միլիոն 177 հազար 750 դրամ: Շուրջ երկու տարի բանկի եւ դատավորի միջեւ ձգված դատական քաշքշուկը չօգնեց «Հայբիզնեսբանկ»-ին, որպեսզի դատավորից կարողանա բռնագանձել իրեն հասանելիք գումարը:
«Ժողովուրդ»-ը գրել էր, որ 2013թ. բանկի եւ Իշխան Բարսեղյանի միջեւ կնքվել է վարկային պայմանագիր, որով դատավորին տրամադրվել է 1 միլիոն դրամ: Համաձայն պայմանագրի՝ դատավորը նախատեսված ժամկետում պետք է կատարեր իր վարկային պարտավորությունները, սակայն չի կատարել, որի համար էլ բանկը դիմել է դատարան: 2014 նոյեմբերի 11-ին գործը նախագահող դատավոր Ավագ Գաբրիելյանը որոշել էր բանկի հայցը բավարարել եւ դատավորից գանձել 1 միլիոն 177 հազար 750 դրամ: Սակայն դատավոր Իշխան Բարսեղյանը չէր հաշտվել դատարանի որոշման հետ եւ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը բողոքարկել էր ՀՀ վերաքննիչ դատարանում:
Արդյունքում, վերաքննիչ դատարանը 2015 թվականի հոկտեմբերի 16-ին որոշել էր գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության: Ահա, այստեղ արդեն հայտնի է դարձել, որ դատավոր Իշխան Բարսեղյանը կատարել է իր վարկային պարտավորությունները, ուստի բանկի իրավաբանական դեպարտամենտի տնօրեն Ա. Տեպանոսյանը 2016 թվականի փետրվարի 23-ին դատարան ներկայացված դիմումով հրաժարվել է իրենց հայցից՝ խնդրելով կարճել գործի վարույթը:
Այս գրության հիման վրա էլ 2016 թվականի մարտի 9-ին Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սերոբ Մանուկյանը կարճել է դատավոր Իշխան Բարսեղյանի դեմ բանկի կողմից ներկայացված հայցը:
Այս պատմությունն ուշագրավ է երկու իմաստով: Նախ, որ «Հայբիզնեսբանկը» հաճախ է իր հարցերը դատարանի միջոցով կարգավորում: Տպավորություն է, թե բանկը չի վստահում իր հաճախորդներին: Եւ երկրորդ՝ «ՉԻ»-ն գրեց, որ ««Հայբիզնեսբանկը» քցում է իր հաճախորդներին. «Հայբիզնեսբանկի» պատասխանատու պաշտոնյաների կողմից իրականացված ֆինանսական մախինացիաների մասին է» խոսքը: Այս գործելաոճը կամաց-կամաց սպառնում է վնասել բանկի հեղինակությանը, ինչի մասին պետք է լրջորեն մտածել: Դատական գործընթացները հետապնդում են «Հայբիզնեսբանկին»:
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՄԱՍՆԱԿՑԵԼ Է
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ Ժնեւում մասնակցել է Սիրիայից փախստականների հարցերին նվիրված բարձր մակարդակի հանդիպմանը, որին ներկա էին շուրջ հինգ տասնյակ երկրների նախարարներ, բարձրաստիճան պատվիրակություններ եւ բազմաթիվ միջազգային կազմակերպությունների ղեկավարներ: Նալբանդյանն իր ելույթում նշել է, որ Հայաստանն առաջիններից մեկն էր, որը խստորեն դատապարտեց «ԴԱԻՇ»-ի, Ալ-Նուսրայի եւ այլ ահաբեկչական խմբավորումների կողմից Սիրիայի էթնիկ եւ կրոնական փոքրամասնությունների, այդ թվում՝ հայերի եւ նրանց մշակութային ու կրոնական ժառանգության դեմ բարբարոսությունները։ «Այսօր Սիրիայից շուրջ 20 հազար փախստականներ ապաստան են գտել Հայաստանում՝ մեր երկիրը դարձնելով բնակչության թվի հարաբերակցությամբ սիրիացի փախստականներ ընդունած երրորդ պետությունը Եվրոպայում: Սա զգալի թիվ է ընդամենը 3 միլիոն բնակչություն ունեցող երկրի համար, որը ոչ վաղ անցյալում արդեն հարյուր հազարավոր փախստականների էր ընդունել Ադրբեջանից»,- նշել է Նալբանդյանը:
1000 ԿՐԱԿՈՑ
Մարտի 29-ին եւ լույս 30-ի գիշերը Արցախի եւ Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1000 կրակոց: