ՉԱՐԱՇԱՀԵԼ ԵՆ ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ ԴԻՐՔԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 17-ին նշանակված համայնքի ղեկավարի ընտրությունների քաղաքապետի թեկնածու, Հրազդանի գործող քաղաքապետ Արամ Դանիելյանի ընտրական շտաբի բացման օրը քարոզչությամբ զբաղվողների թվում էին նաեւ Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը եւ ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը (Բուլկի Արամ): Միջոցառումը սկսվել է ժամը 16.00-ին, այսինքն՝ աշխատանքային ժամին: Մինչդեռ ՀՀ ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի 6-րդ կետի 1-ին ենթակետն արգելում է քարոզչությամբ զբաղվել «պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաեւ՝ պետական եւ համայնքային ծառայողներին…իրենց լիազորություններն իրականացնելիս»: ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանից «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել նրա գնահատականը վերը բերված փաստի վերաբերյալ: «Կարապետ Գուլոյանը ամսի 30-ից գտնվում է արձակուրդում եւ նա նշված միջոցառմանը սկզբունքորեն չի մասնակցել որպես մարզպետ, իսկ Արամ Հարությունյանը հանդիսանում է ոչ թե պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին, այլ նախ հայեցողական պաշտոն զբաղեցնող անձ եւ երկրորդը՝ նշված միջոցառմանը ներկայացել է ոչ որպես պետական մարմնի ներկայացուցիչ, այլ կուսակցական գործիչ»,- պատասխանեց Մուկուչյանը:
Նախ տեղեկացնենք, որ իրականում Կարապետ Գուլոյանը արձակուրդում չէ, չնայած, որ նա այդ մասին հայտարարել է: Ի վերջո, Մուկուչյանը գոնե պետք է տեղյակ լինի, որ մարզպետի արձակուրդում գտնվելը ոչ թե հայտարարությունով, այլ ՀՀ վարչապետի որոշմամբ է լինում, որը տվյալ դեպքում գոյություն չունի (մենք փաստեր ունենք): Երկրորդը՝ ի՞նչ է նշանակում, Արամ Հարությունյանը հայեցողական պաշտոն է զբաղեցնում, նույն մարզպետը եւս հայեցողական պաշտոն է: Օրենքը հստակ սահմանում է, որ պետական պաշտոնյաները աշխատանքային ժամին իրենց գործով պետք է զբաղվեն, քանի որ դրա համար մեր` հարկատուների հաշվին վարձատրվում են: Ավելին՝ օրենքն արգելում է չինովնիկին չարաշահել պաշտոնեական դիրքը:
Այնպես որ, լավ կլինի, եթե Տիգրան Մուկուչյանն իր անմիջական պարտականություններով զբաղվի եւ ապահովի ԸՕ-ի միատեսակ կիրառումը, ոչ թե փորձի Գուլոյանի եւ Հարությունյանի համար «ալիբիներ» հորինել: «Սիրուն չի»:

 

 

 

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, կատարելով ՀՀ ՄԻՊ մասին ՀՀ օրենքի պահանջը, երեկ վերջապես հրապարակեց «2015թ.-ի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան զեկույցը: «Ժողովուրդ»-ին հասած տեղեկություններով՝ նորանշանակ ՄԻՊ-ը, գրեթե ոչինչ չի փոխել նախկին օմբուդսմենի` Կարեն Անդրեասյանի պատրաստած զեկույցում: Թե այդ դեպքում ինչո՞ւ էր այդքան ուշանում զեկույցի հրապարակումը, դժվար է ասել: Նկատենք, որ անցած տարի ներկայացված ՄԻՊ զեկույցը 500 էջանոց էր, իսկ այս տարվանը 455 էջանոց աշխատանք է: Հավելենք, որ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի առիթով գրված զեկույցն այդպես էլ մնաց օդից կախված:

 

 
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա առաջին երկու ամիսներին հարկերի եւ տուրքերի գծով պետական բյուջե հավաքագրված եկամուտները, անցած տարվա նույն ժամանակի համեմատ, նվազել են շուրջ 3 միլիարդ դրամով եւ կազմել են 149 միլիարդ 608 մլն դրամ: Նկատենք, որ եկամուտների նվազումը տնտեսության վատթարացող վիճակով է պայմանավորված, եւ ակնհայտ է, որ ներկա իշխանությունները չեն կարող այդ խնդիրը լուծել: Փոխարենը պետբյուջեի միջոցները ծախսելու հարցում նրանք կարող են իրավիճակը շտկել: Եթե իրենց ախորժակները մի փոքր սահմանափակեն, ապա բյուջետային միջոցների մի զգալի մասը կխնայվի: Սակայն պաշտոնական վիճակագրությունը հակառակ երեւույթի մասին է վկայում: Պարզվում է՝ չնայած եկամուտները նվազել են, բայց միեւնույնն է՝ ծախսերը շարունակել են աճել: Այսպես՝ այս տարվա երկու ամիսների արդյունքներով պետբյուջեի ծախսերը կազմել են 166 միլիարդ 431 մլն դրամ, որը անցած տարվա համեմատ աճել է 6,5 տոկոսով:

 

 

 
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ երբ Սերժ Սարգսյանին զեկուցել են «ՊԵԿ աշխատակիցների բաց նամակ» անվանումով ձայնագրության եւ դրանում բերված փաստերի մասին, նա անմիջապես հանձնարարել է ՀՀ գլխավոր դատախազությանը քրեական գործ հարուցել եւ ներկայացված կոռուպցիոն համակարգում ներգրավված բոլոր պաշտոնյաներին պատասխանատվության ենթարկել: Ըստ լուրերի՝ Սերժ Սարգսյանն ասել է, որ Հայաստանում այլեւս ոչ ոք իրավունք չունի կոռուպցիայով զբաղվել: Նույնիսկ եթե կոռումպացված պաշտոնյան, «փայ մտնողը» իր հարազատ եղբայրը կամ փեսան լինի, միեւնույն է, ԿՊԱՏԺՎԻ: Ըստ լուրերի՝ «Տրանս Ալյանս» մաքսային տերմինալի զննման պետ Ռոբերտ Գայֆաջյանը, Բագրատաշեն մաքսակետի զննման պետ Կարեն Գրիգորյանը (Կյաժ մականունով), զննման վարչության նախկին պետ Վահրամ Գյորողլյանը, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մաքսանենգության դեմ պայքարի բաժնի ղեկավար «Սեդոյը» պատժվողների ցուցակի առաջնային տեղերում են: Ի դեպ, ասում են` ՀՀ պետական պահպանության ծառայության պետ Հրաչյա Հարությունյանը` Կրակեմ Հրաչը եւս սպասում է Սերժ Սարգսյանի վերադարձին, որպեսզի հրաժարական ներկայացնի:
Ի դեպ, տարածված տեսաձայնագրությունն արդեն ջնջված է համացանցից: (Կ)

 

 

 
ԻՄԻՏԱՏԻՎ

ԱԺ ՀԱԿ խմբակցության առաջարկած 4+4+4 ձեւաչափը, ինչպես եւ զգուշացնում էին որոշ ընդդիմադիր գործիչներ, կարող է դառնալ լուրջ խաղաքարտ իշխանությունների ձեռքին: Իշխող ՀՀԿ-ն ի սկզբանե արդեն նախազգուշացրել էր, որ այդ ձեւաչափը չի կարող հավակնել որոշիչ դերակատարության, եւ իրենք ընդդիմության ու քաղհասարակության հետ գնալու են ոչ թե բանակցությունների, այլ քննարկումների, ինչը սկզբունքային տարբերություն է: Սակայն չնայած դրան` նախօրեին 4+4+4 ձեւաչափով առաջին հանդիպումը կայացավ, թեեւ բոլորովին այլ թվային համամասնությամբ` 3+6+4: Իշխանություններն, ինչպես եւ կանխավ ասել էին, ներկայացել էին 6 հոգով, եւ սա անսպասելի չէր: Անսպասելի էր այն, որ ընդդիմությանը, տվյալ դեպքում նախաձեռնության հեղինակին` Լեւոն Զուրաբյանին չէր հաջողվել ապահովել ընդդիմադիր պատգամավորների լիարժեք ներկայությունը. «Ժառանգության» ներկայացուցիչը բացակայում էր: Խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը երեկ հայտարարեց, թե «Ժառանգությունը» պաշտոնապես տեղեկացված չի եղել բանակցությունների մեկնարկի մասին, իսկ, ահա, կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն էլ իրենց բացակայությունը պայմանավորեց նրանով, որ առաջադրված 5 կետերի շուրջ իշխանությունների կողմից զիջման գնալու պատրաստակամությունը բացակայում է:
Սակայն սա այս ձեւաչափի հետ կապված միակ անհստակությունը չէ: Ձեւաչափում ընդգրկված քաղհասարակության ներկայացուցիչները պնդում են, որ քննարկվեն եւ բանակցվեն իրենց ներկայացրած բոլոր 5 առաջարկները, մինչդեռ, օրինակ, ՀԱԿ-ում սկզբունքային չեն համարում ռեյտինգային ընտրակարգի հետ կապված առաջարկի քննարկումը հենց այս ֆորմատով` դա համարելով ավելի շատ քաղաքական որոշման տիրույթի հարց: Պարզ չէ նաեւ, թե որքան ժամանակ են ընթանալու այս քննարկումները. նախօրեին Լ. Զուրաբյանը նշեց առավելագույն ժամկետը` երկու շաբաթ, սակայն երեկ արդեն ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկանն ասաց, թե պատրաստ են քննարկումները շարունակել երեք շաբաթ: Իսկ թե որն է զիջումների այն նվազագույն շեմը, որից այն կողմ ձեւաչափի ընդդիմադիր մասնակիցները կհամարեն անիմաստ, այդպես էլ որեւէ մեկը չի նշում:
Դատելով արդեն առաջին հանդիպումից հետո իշխանության ներկայացուցիչների այն հայտարարություններից, թե զիջելու մասին խոսք լինել չի կարող, ինչպես նաեւ քննարկումների առարկա հանդիսացող դրույթներում իշխանության առաջարկած «փոխզիջումային» տարբերակներից արդեն այսօր կարելի է կանխատեսել, որ 4+4+4 ձեւաչափը վերջնարդյունքում նպաստելու է ընտրական օրենսգրքի նախագծի քննարկումների լեգիտիմացմանն ու բուն խնդիրների լուծումից հանրային եւ միջազգային կառույցների ուշադրության շեղմանը: Սա ասում ենք` առանց վիճարկելու նախաձեռնության հեղինակների բարի մտադրությունները: Բայց, ինչպես նկատել է մեծն Դանթեն, դժոխքի ճանապարհը սալահատակված է բարի մտադրություններով:




Լրահոս