Մարտի 24-ին Մաշտոցի պողոտայում «Նոր Հայաստան» շարժման աջակիցները եւ «Հայ կանանց ճակատ» նախաձեռնության անդամները մի քանի քաղաքացիների հետ Գեւորգ Սաֆարյանին ազատ արձակելու պահանջով բողոքի ակցիա կազմակերպեցին: Ոստիկաններն ուժ գործադրեցին ակցիայի մասնակիցների նկատմամբ, որի ընթացքում գլխի վնասվածք ստացավ «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Կարո Եղնուկյանի կինը` Ռուզաննա Եղնուկյանը, ում խոսքով՝ հենց ոստիկաններից մեկն էր ոտքով նրան հարվածել:
Օրերս «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան ոստիկանության քայլերը դատապարտող հայտարարություն էր տարածել, որում, մասնավորապես, անդրադարձ էր կատարվել խաղաղ անհնազանդության ակցիային:
Այս առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց կոալիցիայի համակարգող Զարուհի Հովհաննիսյանի հետ:
-Ձեր հայտարարության մեջ «Հայ կանանց ճակատ» նախաձեռնության անդամների եւ մի խումբ այլ քաղաքացիների հանդեպ ոստիկանության գործողությունները հրապարակավ համարել եք ոչ իրավաչափ եւ պահանջել ԵԱՀԿ երեւանյան գրասենյակից՝ որպես ՀՀ ոստիկանության վերափոխմանն ու արդիականացմանն ուղղված ծրագրերի իրականացնողի, դեպքի առնչությամբ արտահայտել դիրքորոշում: Ի՞նչ արձագանք ունեք:
-Նախ ուզում եմ ասել, որ մենք ընդհանրապես շատ զգայուն ենք կանանց նկատմամբ կիրառվող ցանկացած բռնության հանդեպ: Ճիշտ է՝ մենք զբաղվում ենք կանանց իրավունքների պաշտպանությամբ, բայց այս հարցը միայն կանանց չի վերաբերվում: Այդ իսկ պատճառով էլ դիմել էինք ԵԱՀԿ-ին՝ գնահատական ստանալու համար: Սովորական մի բան է դարձել այն, որ ցանկացած հանրույթ, որը դուրս է գալիս փողոց, պետք է ենթարկվի ոստիկանական բռնության: Միաժամանակ բոլորս հիշում ենք Բաղրամյան պողոտայում ջրցանի կիրառման փաստը: Կազմակերպությունը, որը տրամադրել էր միջոցներ՝ տեխնիկա ձեռք բերելու համար, ընդհանրապես պատասխանատվության ձայն չհանեց: Մենք կարծում ենք, որ նման կազմակերպությունները պետք է ոստիկանությունից հաշվետվություններ պահանջեն, հետեւողական լինեն, թե ոստիկանությունը որ դեպքում է օգտագործում այդ տեխնիկան, ինչ քայլեր է անում: ԵԱՀԿ-ից դեռեւս չենք ստացել ոչ մի արձագանք:
-Եթե ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը շարունակի լռել, ի՞նչ եք անելու:
-Դարձյալ մի քանի անգամ փորձելու ենք դիմել, մինչեւ հասնենք պատասխանի:
-Հայտարարության մեջ նաեւ կոչ եք արել հատուկ քննչական ծառայությանը մանրամասն քննել ոստիկանության ծառայողների ոչ իրավաչափ գործողությունները: Ձեր կարծիքով՝ կոչը տեղ հասե՞լ է:
-Մենք գործ ունենք կնոջ գլխին ոտքի հարվածով հասցված վնասվածքի հետ: Տեսանյութում որոշակիորեն երեւում է, որ վնասվածքը հենց ոստիկանի ոտքի հարվածից է եղել: Չգիտեմ՝ կոչը ինչքանով է տեղ հասել, սակայն կարծում ենք, որ Ռուզաննա Եղնուկյանի դեպքը պետք է, իրոք, դառնա հատուկ քննության առարկա:
-Իսպանացի բանաստեղծ Լոպե Դե Վեգան ասել է, որ կանանց հարգելը պարտավորություն է, որին պետք է ենթարկվի ամեն մի ազնիվ մարդ իր ծնված օրվանից: Ըստ Ձեզ՝ Հայաստանում կա՞ այս գիտակցությունը:
-Հարգանք պետք է լինի յուրաքանչյուր քաղաքացու նկատմամբ, քաղաքացու բողոքի նկատմամբ: Օրինակ՝ այս ակցիայից հետո լսեցինք խտրական արտահայտություններ նաեւ պաշտոնյաների կողմից, որ կանայք չպետք է պառկեն, փողոց դուրս գան, կամ ինչ են մտածում նրանց ամուսինները: Մենք դա որակում ենք որպես ակնհայտ խտրական վերաբերմունք, քանի որ սա քաղաքացիական ակցիա է, եւ կանայք՝ որպես հավասար քաղաքացիներ, պետք է իրենց մասնակցությունն ունենան եւ ձայնը բարձրացնեն ցանկացած խախտված իրավունքի վերականգնման համար:
Զրուցեց ՍՅՈՒԶԻ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ
ԴԱՏԱԽԱԶԻ ՊԱՏՃԱՌՈՎ
Մարտի 31-ին Իջեւան քաղաքում, Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում պետք է կայանար սահմանամերձ Աչաջուր գյուղի բնակիչ Մեխակ Մելիքբեկյանի առեւանգման գործով դատական հերթական նիստը: 4 ամբաստանյալներից Սաշա եւ Հովհաննես Ղալթախչյանները մեղադրվում են ՀՀ քր. օր. 131 հոդ. 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով եւ 235 հոդ. 1-ին մասով, Արտակ Մանուչարյանը՝ 131 հոդ. 2-րդ մասի 1-ին կետով, Գագիկ Ալավերդյանը՝ 131 հոդ. 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով: Նշենք, որ Հ. Ղալթախչյանը Աչաջուր համայնքի ղեկավար Կամո Ղալթախչյանի որդին է: Նախորդ՝ մարտի 22-ի դատական նիստում քրեական գործով մեղադրող, Տավուշի մարզի դատախազի տեղակալ Ներսես Չիլինգարյանը դատարանից 2 օր ժամանակ խնդրեց Ղալթախչյանների, Գ. Ալավերդյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանի միջնորդության նկատմամբ դիրքորոշում արտահայտելուն նախապատրաստելու համար: Լ. Սիմոնյանը միջնորդության մեջ նշել էր, որ իր պաշտպանյալների հանդեպ սահմանված խափանման միջոցը՝ կալանքը, դատարանի կողմից բազմիցս երկարաձգվել է, ներկայումս նրանց կալանքի ժամկետները լրացել են, եւ իր պաշտպանյալներն անազատության մեջ են գտնվում ապօրինի: Ուստի նա միջնորդել էր 3 ամբաստանյալներին դատարանի դահլիճում անհապաղ կալանքից ազատ արձակել:
Մարտի 31-ի նիստին Երեւանի «Նուբարաշեն» ՔԿՀ-ից Իջեւան էին բերվել 4 ամբաստանյալները, մայրաքաղաքից ներկայացել էին ամբաստանյալների պաշտպաններ Լ. Սիմոյանը եւ Ա. Լալայանը, սակայն ներկա չէր մեղադրող Ն. Չիլինգարյանը, ով հայտնել է, որ ՀՀ գլխավոր դատախազության դատախազներից մեկը պետք է մասնակցի մարտի 31-ի նիստին: Դատարանի աշխատակիցները կապ են հաստատել գլխավոր դատախազության նշված դատախազի հետ, վերջինս ասել է, թե Ն. Չիլինգարյանը պետք է մասնակցի այդ նիստին: Դատավորը հիշեցնելով, որ նախորդ դատական նիստը հետաձգվել է Ն. Չիլինգարյանի միջնորդությամբ, նրա բացակայությունը համարեց դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք, եւ նշեց, որ դատարանը այդ կապակցությամբ գրավոր կդիմի դատախազություն՝ այսուհետեւ դատաքննությանը Ն. Չիլինգարյանի մասնակցությունն ապահովելու համար:
Ո՞ՐՆ Է ՃԱՄՓԱՆ ԹԻՖԼԻՍԻ
Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Բաղանիս գյուղի բնակիչները պատմեցին, որ օրերս տասնյակ իրանական ավտոմեքենաներ են անցել իրենց գյուղով: Իրանցիները Նովրուզը տոնելու համար Վրաստան են մեկնել ընտանիքներով, ընկերներով: Բաղանիսում կանգնեցնելով իրենց ավտոմեքենաները` կոտրտված անգլերենով հարցրել են, թե այդ ճանապարհը Վրաստա՞ն է տանում, քանի՞ կիլոմետր է մինչեւ Թբիլիսի եւ այլն: Իրանցիները գուցե չիմանալով՝ իրենց վտանգի են ենթարկել, քանի որ ՀՀ-Վրաստան միջպետական ավտոճանապարհի Ոսկեպար-Բաղանիս հատվածը գտնվում է ադրբեջանական կրակակետերի դիմաց եւ երբեմն ադրբեջանական զինուժի կողմից գնդակոծվում է: Վրաստանում ապրանքների եւ ծառայությունների գները ՀՀ-ի համեմատ բավական էժան են: Նոյեմբերյանի տարածաշրջանի շատ բնակիչներ իրենց ավտոմեքենաները բենզինով լիցքավորելու, ավտոմեքենաների համար պահեստամաս գնելու, դեղորայք ձեռք բերելու նպատակով հաճախ Վրաստան են մեկնում:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
ԱՅՍՕՐՎԱՆԻՑ ԿՎՃԱՐՎԻ 150 ՄԼՆ ԴՐԱՄԸ
Երեկ ՀՀ Արարատի մարզի Քաղցրաշեն, Նարեկ, Նորաշեն եւ Այգեզարդ գյուղերի բնակիչները փակել են Երեւան-Մեղրի ավտոճանապարհի Քաղցրաշենի հատվածի վարչական տարածքը: Նրանք պահանջում են, որ «Վինար» գինու, կոնյակի արտադրությամբ զբաղվող ընկերությունը վճարի իրենցից մթերած խաղողի գումարները:
Հիշեցնենք, որ վերոնշյալ գյուղերի բնակիչները մարտի 15-ին փակել էին Երեւան-Արտաշատ ավտոճանապարհը: Ինչի արդյունքում ընկերության տնօրեն Ավետ Գալստյանը նրանց խոստացել էր, որ գումարները կվճարի մարտի 25-ից մինչեւ ապրիլի 15-ը: Սակայն մինչ օրս ընկերությունը գյուղացիներին ոչ մի դրամ անգամ չի վճարել: Իսկ վերջիններս այս օրերին պետք է կոմունալ վարձեր վճարեն, բայց գումար չունեն: Երեկ բնակիչներին ընկերությունից փոխանցել էին նաեւ, որ վճարումներ կսկսվեն 14.00-ին: Ավելի ուշ ժամը փոխվեց, եւ ընկերությունից հայտարարեցին, որ կվճարեն ժամը 18.00-ին:
Նշենք, որ Քաղցրաշենում տեղի ունեցած բողոքի ակցիային որպես պաշտոնյա ներկա է գտնվել միայն Արարատի փոխմարզպետ Աշոտ Մուրադյանը: Սակայն գյուղատնտեսության եւ էկոնոմիկայի նախարարություններից այդպես էլ ոչ մի ներկայացուցիչ չի մոտեցել դժգոհող բնակիչներին: Քաղցրաշենցիների կողմից անցկացվող բողոքի ակցիաներին երբեւէ չի բարեհաճել մասնակցել նաեւ Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, իսկ նրա հեռախոսազանգերին պատասխանում է օգնականը՝ ոմն Նարեկ:
Մինչդեռ անցած տարվա հոկտեմբեր-նոյեմբերին, երբ գյուղացիները դժգոհում էին, որ վերամշակող ընկերությունները հրաժարվում են մթերել իրենց խաղողը, այդ ժամանակ կառավարությունը, մասնավորապես վարչապետը, գյուղնախարարը ոտքի կանգնեցին եւ գործարանների տնօրեններին ստիպեցին մթերել այն: Իսկ հիմա, երբ գործարանների տնօրենները բավարար միջոցներ չունեն մթերած խաղողի գումարները վճարելու, կառավարությունից ոչ մի օժանդակություն չկա: Չնայած որ սրա փոխարեն մեր կառավարությունը կարող էր միջոցներ ձեռնարկել այլ շուկաներ գտնել եւ գինի, կոնյակ արտահանել: Ինչի արդյունքում մեր գինեգործներն ու գյուղացիները նման խնդրի առաջ չէին հայտնվի: Սակայն ինչպես տեսնում եք՝ պատկան կառույցները դիտողի դերում են:
Երեկ Քաղցրաշենում անցկացված բողոքի ակցիային քաղցրաշենցիները պահանջել են, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նույնպես ներկա գտնվի, սակայն վերջինս էլ չի գնացել: Բացի այս՝ ընկերության տնօրեն Ավետ Գալստյանը նույնպես չի մոտեցել բողոքող գյուղացիներին: Փոխմարզպետը դժգոհող բնակիչներին խոստացել է, որ իրենք ամեն բան կձեռնարկեն, որպեսզի ընկերության ներկայացուցիչը վերադարձնի մթերած խաղողի պարտքերը: Ստիպված խաղողագործները փակել են Երեւան-Մեղրի ավտոճանապարհի Քաղցրաշենի հատվածի տարածքը:
«Ժողովուրդ»-ը գյուղացիներից տեղեկացավ, որ այն տարածքը, որը վարձակալել է «Վինար» ընկերությունը, պատկանում է ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանին: Քաղցրաշենցիների մոտ խոսակցություններ են պտտվում նաեւ այն մասին, որ ընկերության տնօրեն Ա. Գալստյանը բավականին պարտքեր է կուտակել, որոնք այսօր չի կարողանում մարել: Ըստ գյուղացիների՝ «Վինար» վերամշակող ընկերությունը իրենց պարտք է 230-250 մլն դրամ՝ մոտ 500 հազար դոլար: Աշխատանքային օրվա վերջին «Ժողովուրդ»-ը ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանից տեղեկացավ, որ ընկերության տնօրենը խոստացել է վճարումները սկսել այսօրվանից: Ի դեպ, Մակարյանի խոսքերով՝ նշված ընկերությունը գյուղացիներին պարտք է 150 մլն դրամ:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ