ԱՐԱԳԱՉԱՓԵՐԸ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԹԱԼԱՆԵԼՈՒ ՄԻՋՈՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին տարիներին ավտոմայրուղիներին եւ քաղաքների խաչմերուկներում տեղադրվել են տեսագրող սարքեր եւ արագաչափեր: Դրա արդյունքում, իհարկե, երթեւեկությունը որոշակիորեն կանոնակարգվել է, սակայն ճանապարհատրանսպորտային պատահարները չեն նվազել:

Ինչպես հայտնի է՝ Հայաստանում արագաչափերն ու տեսախցիկները ներկրում եւ տեղադրում է «Սեքյուրիթի Դրիմ» ընկերությունը ոստիկանության վերահսկողությամբ: Արձանագրված խախտումներից գանձվող գումարների 50 տոկոսը ստանում է «Սեքյուրիթի Դրիմ»-ը, իսկ մնացածը փոխանցվում է ոստիկանության արտաբյուջետային ֆոնդ: Ընկերությունը 25 տարի սպասարկման պայմանագիր է կնքել՝ պարտավորվելով 2011-2017 թվականների ընթացքում մոտ 10 մլն եվրոյի (մոտ 5,5 միլիարդ դրամ) ներդրումներ կատարել: Սակայն խոստացած ներդրումները ընկերությունը 6 տարվա փոխարեն կատարել է երկու տարվա ընթացքում, եւ նույն ժամանակահատվածում էլ հետ է բերել ներդրված գումարը` ստանալով 13,5 միլիոն եվրոյի եկամուտ:
«Ժողովուրդ»-ին դժգոհած բազմաթիվ վարորդների խոսքերով՝ արագաչափերն ու տեսախցիկները դրվում են իրենց թալանելու նպատակով: Հիմա էլ «Սեքյուրեթի Դրիմ» ընկերությունը սկսել է խորամանկ քայլերի դիմել. հենց որ վարորդները սովորում են համապատասխան արագաչափի ներկայությանը, եւ այդ տարածքն այլեւս «փողաբեր» չի լինում, արագաչափն անմիջապես տեղափոխում են` առանց այդ մասին հայտարարելու: Այս խնդրի շուրջ «Ժողովուրդ»-ը բազմաթիվ քաղաքացիներից հեռախոսազանգեր է ստանում: Խմբագրություն դիմած քաղաքացիները պնդում են, որ իրենք երեւանյան փողոցներում ավտոմեքենա վարելիս նկատում են, որ մի օր արագաչափը մեկ ուղղությամբ է տեղադրված, իսկ հաջորդ օրը այն փոխված է եւ ֆիքսում է այլ ուղղություն: Նմանօրինակ երեւույթ «Ժողովուրդ»-ին դիմած վարորդները նկատել են, մասնավորապես, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Սեւակի փողոցում:
Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց ««Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Էդիկ Հովհաննիսյանի հետ: «Իսկ որտե՞ղ է գրված, որ արագաչափը պետք է տեղադրեն ու այդ մասին զգուշացնեն վարորդին: Ոչ մի իրավական ակտով նշված չէ, որ վարորդին զգուշացնեն, թե Երեւան քաղաքում արագությունը 60 կմ/ժ է: Ոչ մի տեղ գրված չէ, որ արգելված է, որ մի օր այս արագաչափը կարող է նկարել այստեղից, հաջորդ օրը՝ այնտեղից: Ի դեպ, տեղեկացնեմ, որ կան արագաչափեր, որոնք նկարում են եւ հանդիպակաց ուղղությամբ գնացող տրանսպորտային միջոցների արագությունը եւ համընթաց գնացողներինը: Այսինքն՝ այն ունի երկու ռեժիմ. նկարում է ե՛ւ առջեւից, ե՛ւ հետեւից»,- ներկայացրեց Է. Հովհաննիսյանը:
Մասնագետի խոսքերով՝ ոչ մի իրավական ակտով սահմանված չէ, թե որտեղ պետք է տեղադրվեն այդ արագաչափերը: Բայց ճանապարհային ոստիկանությունը սովորաբար արագաչափի առկայության մասին նշաններ է տեղադրում:
«Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ «Սեքյուրեթի դրիմ» ընկերության հիմնադիր տնօրեն Ալիկ Զաքարյանի հետ, ով փոխանցեց, որ ճանապարհային ոստիկանությունն է որոշում, թե որտեղ պետք է տեղադրվեն արագաչափ սարքերը, այլ ոչ թե «Սեքյուրեթի Դրիմ»-ը: «Մենք ամեն ինչ անում ենք ոստիկանության հանձնարարականով: Բայց նշեմ, որ խախտում չանելու համար զգուշացում պետք չէ, եթե քաղաքացին վարորդական վկայական է ստացել, ապա նա արդեն իսկ պետք է իմանա, որ արագությունը գերազանցել չի կարելի: Ոչ մի տեսակի օրենք գոյություն չունի, որով պետք է զգուշացնեն այն մասին, որ չի կարելի խախտել: Հիմա դուք վաղը գնաք, մարդ սպանեք ու մյուսներին մեղադրեք, թե ինչի չեք զգուշացրել, որ մարդ սպանել չի կարելի՞: Ես սա ասում եմ որպես քաղաքացի»,- պարզաբանեց ընկերության ներկայացուցիչը:
Սակայն ըստ վարորդների՝ արագաչափերի եւ տեսախցիկների ներդրումը ոչնչով չի նպաստել երթեւեկության կարգավորմանը, դրանք ընդամենը մարդկանց տուգանելու համար են: Քաղաքացիները հիմնականում բողոքում են, որ արագաչափ սարքերը տեղադրվում են միայն այն վայրերում, որտեղ շատ խախտումներ են գրանցվում: Մինչդեռ ըստ ՃՈ-ի՝ դրանք տեղադրվում են վթարայնության հետ կապված որոշակի վերլուծության արդյունքում ստացված տվյալների հիման վրա:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս