Օրերս հայտնի դարձավ, որ իտալացի երգիչ եւ երգահան Էրոս Ռամազոտին չեղյալ է հայտարարել Perfetto համաշխարհային շրջագայության շրջանակներում Ռուսաստանում, Էստոնիայում եւ Հայաստանում կայանալիք իր համերգները` տուրի ռուսաստանյան կազմակերպիչ Global Communications ընկերության կողմից պայմանագրային պարտավորությունների խախտման պատճառով:
Հայաստանյան համերգի կազմակերպիչ Forpostart Production-ը համերգի չեղարկումից հետո հայտարարեց տոմսերի վաճառքի դադարեցման մասին: Ընկերությունը տեղեկացրեց, որ իր եւ Global Communications-ի միջեւ կնքվել է գործակալական պայմանագիր, որի համաձայն՝ առաջինը հանդիսանում է Երեւանում Էրոս Ռամազոտտիի համերգի կազմակերպման գործընթացի տեխնիկական կատարողը, իսկ երկրորդը` ի դեմս գլխավոր տնօրեն Անդրեյ Ագապովի, պատվիրատուն: Հաղորդագրույթյան մեջ շեշտվում է, որ նախապատրաստական աշխատանքների 6 ամիսների ընթացքում Global Communications-ը բազմիցս խախտել է Forpostart Production-ի նկատմամբ իր պարտավորությունները՝ կապված Էրոս Ռամազոտտիի շոուի անցկացման ծախսերի վճարումների հետ: Պայմանագրում առանձին կետով սահմանվում է, որ Global Communications-ի կամ արտիստի մեղքով միջոցառման չեղարկման դեպքում գործակալը որեւէ պատասխանատվություն չի կրում հնարավոր վնասները հատուցելու հարցում, բոլոր պահանջները ներկայացվում են պատվիրատուին: Ընկերության հայտարարության մեջ նաեւ ասվում է, որ միջոցառման տոմսերի իրացմամբ զբաղվող տոմսարկղերը եւ գործակալները, ինչպես նաեւ՝ Forpostart Production-ը եւ նրա երեւանյան ներկայացուցիչ «Շոուսթար» ընկերությունը չեն կրում տոմսերի ետ վերադարձի դիմաց դրամական փոխհատուցման կամ որեւէ այլ վնասի հատուցման պատասխանատվություն: Նշվում է, որ բնակչության դրամական միջոցների փոխհատուցումը (ոչ գործակալի մեղքով չեղարկված միջոցառման տոմսերի վերադարձը) իրականացվում է պատվիրատուի կողմից, ինչի կապակցությամբ էլ Forpostart Production-ը, որը նույնպես հանդիսանում է տուժող կողմ, ամենասեղմ ժամկետներում կպատրաստի բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը եւ Global Communications ընկերության դեմ դատական ատյաններին հայցադիմում կներկայացնի: Իսկ իրացված տոմսերի ետ վերադարձը եւ դրանց դիմաց դրամական փոխհատուցումը հնարավոր կլինի դատական գործընթացի ավարտից հետո:
Այս բացատրությունները, սակայն, Ռամազոտիի հայաստանյան համերգի տոմսերը գնած քաղաքացիներին քիչ են հետաքրքրում: Նրանք ոչ մի կերպ չեն հանդարտվում եւ պահանջում են վերադարձնել իրենց գումարները: «Ֆեյսբուք» սոցցանցում նույնիսկ ստեղծվել է մի խումբ` «Էրոս Ռամազոտիի տոմսերի փոխհատուցում» անունով: Իրենց դժգոհությունն արտահայտող քաղաքացիներից Աստղիկ Բաբասյանը «Ժողովուրդ»-ին պատմեց, որ ինքը Showticket ընկերության (որը հանդիսանում է «Ֆորպոստարտ փրոդաքշըն»-ի հայաստանյան մասնաճյուղը) ֆեյսբուքյան էջում հանդես է եկել հարցադրմամբ, թե ինչու է Forpostart-ը համարվում տուժած կողմ, կոնկրետ ինչով է ընկերությունը տուժել. «Showticket-ից ինձ պատասխանեցին, որ ընկերությունը գումարներ է ծախսել հեռուստատեսությամբ, պաստառների միջոցով եւ ամսագրերում գովազդներ ներկայացնելու համար: Այնինչ՝ ես այն համոզման եմ, որ այդ գովազդները պատվիրվում են նախօրոք` տոմսերի վաճառքից առաջ: Հետեւաբար մենք ուզում ենք իմանալ` ուր են ուղղվել մեր վճարած գումարները: Ինչ վերաբերում է դատական գործընթացին, ապա հայտնի չէ, թե այն երբ կավարտվի: Գուցե մենք այդ ժամանակ ծերացած լինենք եւ մոռանանք մեր գումարների մասին: Պահանջում ենք շտապ վերադարձնել մեր փողերը, այլապես մենք էլ հայաստանյան համերգի կազմակերպչին դատի կտանք»:
Մեկ այլ քաղաքացի` Մարինա Խեչումյանը, մեզ հետ զրույցում իր դժգոհությունը հայտնեց այն առնչությամբ, որ վերջերս մոտեցել է Showticket-ի երեւանյան տոմսարկղ, որը, սակայն, փակ է եղել: Ի դեպ, այս առթիվ սոցցանցում իրենց զայրույթն են արտահայտել մի շարք քաղաքացիներ. «Կարծում եք` տոմսարկղը փակելով կամ մեր զանգերին չպատասխանելով կկարողանաք շրջանցե՞լ այս հարցը»,-գրել են նրանք:
«Մինչեւ Showticket-ի տոմսարկղ գնալը ես մոտեցա Արամ Խաչատրյանի անվան համերգասրահի տոմսարկղ, ինձ ասացին, որ այդ հարցը պետք է լուծվի Forpostart-ի կողմից, եւ իրենք կհայտարարեն, թե երբ մոտենանք տոմսարկղեր` մեր գումարները ետ ստանալու համար: Մեզ համար էական չէ, թե ով ում պետք է դատի տա, մենք մեր տոմսերը Global Communications-ից չենք գնել, ուրեմն ումից գնել ենք, թող վերջինս էլ վերադարձնի մեր փողերը»,-եզրափակեց նա:
Հիշեցնենք, որ Ռամազոտիի երեւանյան համերգը պետք է կայանար 2016-ի ապրիլի 26-ին՝ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
ԽՈՍՏԱՆՈՒՄ ԵՆ ՏԻՐՈՒԹՅՈՒՆ ԱՆԵԼ «ՉՆՉԻԿ»-ԻՆ
«Ժողովուրդ»-ը գրել էր այն մասին, որ ռեժիսոր Արամ Շահբազյանի «Չնչիկ» ֆիլմի ճակատագիրը կախված է օդից: Ռեժիսորն իր ֆիլմի վրա սկսել է աշխատել ավելի քան տասը տարի առաջ: 2010-ին կինոժապավենը հանձնվել է Մոսկվայի «Саламандра» լաբորատորիա:
Ինչպես մեզ հետ զրույցում ավելի վաղ նշել էր ռեժիսորը, քանի որ գումար չի եղել, որպեսզի ֆիլմը սքան արվեր (դրա համար անհրաժեշտ է շուրջ 2.5 միլիոն դրամ), այն մնացել է լաբորատորիայում: Մոտ երկու տարի առաջ, սակայն, ռեժիսորը տեղեկացել է, որ լաբորատորիան փակվել է: Հաջողվել է պարզել, որ ժապավենը տեղափոխել են այլ արխիվ (Госфильмофонд РД): Ա. Շահբազյանի խոսքով` 2014-ի աշնանից մինչեւ այսօր ինքը դիմում է Հայաստանի ազգային կինոկենտրոնին եւ ՀՀ մշակույթի նախարարությանը` ժապավենը սքան անելու եւ Հայաստան բերելու խնդրանքով: Նրա խոսքով` նախարարը խոստացել է կարճ ժամանակահատվածում լուծել խնդիրը, սակայն չի կատարել իր խոստումը:
Մենք խոստացել էինք ներկայացնել նաեւ թեմայի շուրջ ՀՀ մշակույթի նախարարության եւ Հայաստանի ազգային կինոկենտրոնի ներկայացուցիչների մեկնաբանությունները: «Ժողովուրդ»-ը մշակույթի նախարարությունից հետաքրքրվեց` ինչ քայլեր է մինչ օրս ձեռնարկվել` «Չնչիկ» ֆիլմը սքանավորելու եւ այն փրկելու համար, ի՞նչն է պատճառը, որ նախարար Հասմիկ Պողոսյանն այդպես էլ չի կատարել իր խոստումը: Նախարարությունից մեզ պատասխանեցին, որ Հայաստանի ազգային կինոկենտրոնը պայմանավորվածություն է ձեռք բերել Ռուսաստանի Դաշնության կինոարխիվում ֆիլմը պահպանելու համար եւ ՀՀ մշակույթի նախարարության հանձնարարությամբ բանակցություններ է տանում համապատասխան կառույցների հետ` այդ նյութերը բարձր ֆորմատով թվային կրիչի վրա տեղափոխելու ուղղությամբ:
Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանն էլ իր հերթին «Ժողովուրդ»ի հետ զրույցում հավաստիացրեց, որ թեեւ ֆիլմի ճակատագրի պատասխանատուն պրոդյուսերն է, ով թողել-գնացել է ԱՄՆ (նկատի ունի ֆիլմի պրոդյուսերներից մեկին` Արայիկ Մնացականյանին, հեղ.), կինոկենտրոնը բանակցություններ է վարում` ֆիլմի պահպանությունն ապահովելու, այն սքանավորելու եւ բարձր որակի կրիչով Հայաստան բերելու ուղղությամբ. «Դրա համար մենք դիմել ենք նախարարությանը եւ խնդրել տրամադրել լրացուցիչ գումար: Մենք անում ենք պրոդյուսերի չարած գործերը: Ի վերջո, սա հայկական ֆիլմ է, պրոդյուսերը չկա, պետք է մենք տիրություն անենք»,-եզրափակեց նա:
«Ժողովուրդ»-ը կհետեւի` որքանով կողմերը կկատարեն իրենց խոստումները, եւ ինչ ճակատագիր կունենա «Չնչիկը»:
Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ
ԲԱՑԱՌԻԿ ՊԵՂՈՒՄՆԵՐ
Հայ հնագետները բացառիկ պեղումներ են իրականացնում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»¬ը՝ հնագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, հայ գերմանական արշավախմբի ղեկավար Արսեն Բոբոխյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է Վիշապ քարակոթողները, որոնց մի մասի ուսումնասիրությունը կատարվում է 3 հազար մետր բարձրության վրա: «Մենք սկսեցինք հետախուզական աշխատանքներ թե՛ Հայաստանի Հանրապետության եւ թե՛ Արեւմտյան Հայաստանի տարածքում, որովհետեւ վիշապաքարի կուտակում առկա է նաեւ Արեւմտյան Հայաստանում: Առաջին փուլում 2012 թվականին Արագածի հարավային լանջերին հայտնաբերեցինք լանդշաֆտ 3000 մետր բարձրության վրա, որտեղ վիշապներ էին կուտակված եւ գտնվում էին իրենց նախնական վիճակում: 2012 թ¬ից սկսած ուսումնասիրում ենք, եւ դա բացառիկ է նրանով, որ պեղումները 3 հազար մետրի վրա են տեղի ունենում: Հնագիտության պատմութան մեջ շատ քիչ նման օրինակներ կարող ենք գտնել: Հիմնականում 2 400 մետրից այն կողմ չեն անցնում»,¬ ասել է Արսեն Բոբոխյանը: Նշենք, որ Վիշապ քարակոթողները գիտությանը հայտնի են 20¬րդ դարասկզբից: Արսեն Բոբոխյանի խոսքով՝ դրանք Հայկական լեռնաշխարհի համար էնդեմիկ երեւույթ են, մոնումենտալ արվեստի օրինակներ:
ՎԱԽՃԱՆՎԵԼ Է
Տեւական հիվանդությունից հետո ութսունվեց տարեկանում կյանքից հեռացել է 2002 թվականի գրականության նոբելյան մրցանակակիր Իմրե Կերտեսը։ Այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը: Նշենք, որ հրեական ծագմամբ հունգարացի գրողը 1944-1945 թվականներին եղել է Աուշվիցի եւ Բուխենվալդի համակենտրոնացման ճամբարների գերի: Այդ ճամբարների կյանքի թեման հետագայում տեղ է գտել նրա ստեղծագործություններում: «Առանց ճակատագրի» անվանումով առաջին վեպը Կերտեսը գրել է 1975 թվականին, այն, սակայն, սառն ընդունելության է արժանացել քննադատների կողմից: 1988 թվականին նա հեղինակել է երկրորդ՝ «Ֆիասկո» վեպը, որին հաջորդել է արդեն «Հիշատակի աղոթք չծնված երեխայի համար» (1990) գործը: Գրողի մասին, սակայն, արտասահմանցի ընթերցողներն իմացել են միայն 20¬րդ դարի 90-ական թվականներից, երբ նրա գործերն առաջին անգամ թարգմանվեցին անգլերեն:
ՔԵՐԻՆ ՔՐՈՋԸ ՉԻ ՕԳՆՈՒՄ
Ամերիկյան հայտնի երգչուհի Մրայա Քերիի քույրը, որը գտնվում է մահամերձ վիճակում, հրապարակայնորեն դիմել է իր աստղային արյունակցին` աղերսելով փրկել իր կյանքը։ The Daily Mail-ի փոխանցմամբ` ՄԻԱՎ վարակակիր Էլիսոն Քերին, ով նաեւ թմրամոլ է, ասել է, որ շատ ծանր ֆինանսական դրության մեջ է։ Անցած տարվա ապրիլին տեղի ունեցած ավազակային հարձակումից հետո կինը պետք է գլխուղեղի ու ողնաշարի վիրահատության ենթարկվի, սակայն բավարար գումար չունի: Հիշեցնենք, որ ավելի վաղ երգչուհու եղբայրը` Մորգան Քերին, անկեղծ հարցազրույց էր տվել The Sun պարբերականին` ասելով, որ. «Մրայա Քերին անչափ սառնասիրտ է ու չի ցանկանում օգնել մահամերձ քրոջը»: