Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ անցած տարվա ամփոփ տվյալներով գործազրկությունը կազմել է 18, 5 տոկոս` նախորդ տարվա 17,6 տոկոսի համեմատ: Իրականում, սակայն, գործազրկության մակարդակը շատ ավելի բարձր է: Պարզապես ՀՀ ազգային վիճակագրական ծառայության մասնագետները որոշակի թվային մեքենայությունների միջոցով փորձել են իրավիճակն ավելի մեղմ լույսի ներքո ներկայացնել:
Այսպես, ըստ ԱՎԾ-ի՝ 2014-ի տվյալներով Հայաստանի բնակչության աշխատանքային ռեսուրսը կազմել է 2 մլն 180 հազար 200 մարդ: Նկատենք, որ աշխատանքային ռեսուրսի մեջ մտնում են 15-ից 75 տարեկան եւ օրենքով գործունակ բոլոր քաղաքացիները: 2015 թվականի արդյունքներով, չգիտես ինչ հրաշքով, գործունակ քաղաքացիների թիվը կտրուկ նվազել է եւ կազմել 2 մլն 105 հազար 900 մարդ: Այսինքն՝ ստացվում է, որ աշխատանքային ռեսուրսի կազմից միանգամից 74 հազար 300 մարդ «անհետացել» է: Ի դեպ, նման բան միայն մեկ դեպքում կարող էր տեղի ունենալ` արտագաղթի դեպքում: Սակայն, ինչպես հայտնի է, ԱՎԾ-ն 2015-ի արտագաղթի վերաբերյալ թվերն ավելի «համեստ» է ներկայացրել: Մասնավորապես, ինչպես ժամանակին հրապարակել են, ըստ ԱՎԾ-ի՝ անցած տարվա ընթացքում Հայաստանից հեռացել եւ չի վերադարձել 47 հազար 600 ՀՀ քաղաքացի:
Ինչեւէ, շարունակենք ներկայացնել ԱՎԾ-ի աճպարարությունը, ըստ որի՝ 2014-ի արդյունքներով Հայաստանի՝ տնտեսապես ոչ ակտիվ բնակչությունը, որի մեջ մտնում են ուսանողները, ժամկետային զինծառայողները, մասնագիտական ուսումնական հասատությունների սովորողները, կենսաթոշակի տարիքից շուտ թոշակի մեկնած անձինք, կազմել է 804 հազար 500 մարդ: Եթե ավելի պարզ բնորոշենք աշխատանքային ռեսուրսի մեջ մտնող մարդկանց այս խմբին, ապա նրանք այն մարդիկ են, որոնք կարող են աշխատել, բայց օբյեկտիվ պատճառներով չեն աշխատում: Ահա, այս մարդկանց թիվը 2015-ի արդյունքներով կազմել է 790 հազար 100 մարդ: Ի դեպ, այս դեպքում ԱՎԾ-ի մասնագետները մի փոքր «համեստություն» են արել եւ իրենց աճպարարության համար այս ցուցանիշը չեն օգտագործել:
Նրանք խնդիրը ավելի պարզ եւ կացնային եղանակով են լուծել: Այն է՝ 2014-ի արդյունքներով, ըստ ԱՎԾ-ի, տնտեսապես ակտիվ բնակչության թիվը եղել է 1 մլն 375 հազար 700 մարդ: 2015-ի արդյունքներով այս ցուցանիշը մեխանիկորեն դարձել է 1 մլն 315 հազար 800 մարդ: Այլ կերպ ասած՝ նախ մոտ 75 հազար մարդ աշխատանքային ռեսուրսի ցուցանիշից է անհետացել, այնուհետեւ տնտեսապես ակտիվ բնակչության թվից էլ մոտ 60 հազար մարդ է «կորել»: Այս ամենի վերջնական նպատակը եղել է գործազուրկների թվի աճ թույլ չտալը: Բանն այն է, որ ըստ ԱՎԾ-ի՝ Հայաստանում զբաղվածների թիվը կազմում է 1 մլն 72 հազար 100 մարդ: Սա միակ ցուցանիշն է, որը ԱՎԾ մասնագետների ցանկությամբ պայմանավորված չէ, այլ ձեւավորվում է գործատուների ներկայացրած հաշվետվությունների հիման վրա: Վերը բերված աճպարարության, այսինքն՝ մարդկանց տասնյակ հազարներով «անհետանալու» շնորհիվ տնտեսապես ակտիվ բնակչության եւ զբաղվածների տարբերությունը հնարավոր է եղել փոքրացնել: Այդ տարբերությունն է հենց կազմում գործազուրկների թիվը: Ըստ ԱՎԾ-ի՝ գործազուրկների թիվը 2014-ին եղել է 242 հազար 100 մարդ, իսկ 2015-ին դարձել է 243 հազար 700: Հաշվի առնելով այն փաստը, որ անցած տարի առնվազն 45 հազար հոգու արտագաղթ ենք ունեցել, հիմք ընդունելով վերը բերված տվյալները՝ ստացվում է, որ գործազուրկների թիվն առնվազն 20 հազարով արհեստական նվազեցվել է:
Այսինքն՝ այս տարվա սկզբի դրությամբ գործազրկության մակարդակն իրականում ոչ թե 18,5 տոկոս է եղել, այլ շուրջ 20 տոկոս:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
ՀԵՏԻՆ ԹՎՈՎ ԱՎԵԼԱՑՎԵՑ
Հայաստանում արդեն մոտ յոթ տարի է՝ Հայաստանի վարչապետի որոշումները հրապարակվում են ՀՀ կառավարության պաշտոնական «ՀՀ էլեկտրոնային կառավարում» կայքէջում: Օրինակ՝ այդ կայքից ցանկացած ոք կարող է տեղեկանալ, որ այս կամ այն մարզպետը, մարզպետների տեղակալները, նախարարները, փոխնախարարները, պետական մարմինների այլ ղեկավարներ արձակուրդ կամ գործուղման են մեկնել: Երեկ «Ժողովուրդ»-ը տեղեկացրել էր, որ չնայած կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը նախորդ օրը` մարտի 30-ին, Հրազդանի քաղաքապետի թեկնածու ՀՀԿ-ական Արամ Դանիելյանի քարոզարշավին մասնակցելիս հայտարարել էր, թե ինքը գտնվում է արձակուրդում, սակայն «ՀՀ էլեկտրոնային կառավարում» կայքի «Վարչապետի որոշումներ» բաժնում երեկվա դրությամբ համապատասխան որոշումը բացակայում էր : Իսկ երեկ «Ժողովուրդ»-ի կողմից խնդրին անդրադառնալուց հետո վարչապետ Հովիկ Աբրահամյանի ստորագրած որոշումների շարքում արդեն նման փաստաթուղթ հայտնվեց: Հասկանալի է, որ «հետին թվով» գրել ու ավելացրել են որոշումը:
Ի դեպ, ՀՀ կոտայքի փոխմարզպետ Կարեն Մարգարյանը եւս մարտի 29-ից գտնվում է արձակուրդում՝ կրկին Հրազդանի քաղաքապետի թեկնածու Արամ Դանիելյանի քարոզչությամբ զբաղվելու համար: Այսպիսով կարող ենք արձանագրել, որ Կոտայքի մարզպետարանում մեկ մարզպետից եւ նրա երեք տեղակալներից պաշտոնապես աշխատանքի մեջ են մնացել միայն երկու փոխմարզպետները` Համլետ Հայրապետյանը եւ Վալերիկ Բակլաչյանը: Վերջինս էլ մինչեւ ապրիլի 15-ը իրականացնելու է մարզպետի պարտականությունները:
ԱՇՆԱՆԸ ԿՈՐՈՇԵՆ
«Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանից երեկ «Ժողովուրդ»-ը հետաքրքրվեց՝ արդյոք 2017 թվականին կայանալիք խորհրդարանական ընտրություններին նորից պատրաստովում է ՀՀԿ-ի ցուցակով հանդես գալ, թե այլ ծրագրեր ունի: «Այդ հարցերը քննարկվելու են կուսակցության համագումարում, որը տեղի կունենա 2016 թվականի աշնանը»,- տեղեկացրեց պարոն Գեղամյանը:
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ
ՀԱՆԴԻՊԵԼ Է
Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող Սերժ Սարգսյանը մարտի 31-ին Բոստոնից ժամանել է Վաշինգտոն, որտեղ նույն օրը Սպիտակ տանը հանդիպում է ունեցել ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի հետ: Զրուցակիցները երկուստեք ընդգծել են, որ Հայաստանի անկախությունից ի վեր հայ-ամերիկյան հարաբերությունները մշտապես վերընթաց զարգացում են ապրում համատեղ ջանքերի ու փոխադարձ քաղաքական կամքի շնորհիվ: Սերժ Սարգսյանի գնահատմամբ` հայ-ամերիկյան գործընկերությունն այժմ գտնվում է երկկողմ հարաբերությունների պատմության մեջ ամենաբարձր մակարդակի վրա, որի մասին են վկայում նաեւ վերջին տարիների տարբեր մակարդակի փոխայցելությունները:
ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑ
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հետ: Զրուցակիցները քննարկել են Մեդվեդեւի՝ առաջիկայում Հայաստան նախատեսվող պաշտոնական այցին եւ Հայաստանում անցկացվելիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին վերաբերող հարցեր:
ՎԵՐԸՆՏՐՎԵՑ
Երեկ կայացել է Երեւանի շախմատի ֆեդերացիայի համաժողովն ու նախագահության հերթական նիստը, որի արդյունքում ֆեդերացիայի նախագահ է վերընտրվել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
«Ինչպես խոստացել էինք՝ այս տարի ամբողջությամբ կավարտենք մայրաքաղաքում շախմատի դպրոցներ հիմնելու ծրագիրը, ինչի արդյունքում Երեւանի բոլոր 12 վարչական շրջաններն ապահովված կլինեն շախմատի հարմարավետ դպրոցներով», – ասել է շախմատիստ քաղաքապետը:
ՄԻԱՅՆ ՀՀ ՑԱՆԿՈՒԹՅԱՄԲ
ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային ձեաչափը կարող է փոխվել միայն այն դեպքում, եթե լինի կողմերի համաձայնությունը: Եթե հայկական կողմը նպատակահարմար չգտավ, ուրեմն ձեւաչափը չի փոխվի: Այս մասին «Մեդիա կենտրոն»¬ին տված հարցազրույցում նշել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը: «Ակնհայտ է, որ Բաքվին միայն մեկ միջնորդ է ձեռք տալիս` Թուրքիան: Ադրբեջանը դրան հասնելու համար փորձում է օգտագործել Գերմանիան, Իրանը: Թուրքիայի դեպքում Հայաստանը միշտ դեմ է եղել: Հայտնի է, որ նրա մոտեցումները չեն տարբերվում Ադրբեջանի դիրքորոշումներից»,¬ ասել է Քոչարյանը: ԱԳ փոնախարարի գնահատմամբ` համանախագահների հայտարարություններում շեշտադրման փոփոխություն է նկատվում: Եթե մինչ այդ հավասարության նշան է դրվել, ապա վերջին շրջանում դա չի արվում:
ՉԵՆ ՀՐԱՊԱՐԱԿԻ
Ընտրություններից հետո ընտրացուցակների հրապարակում չի լինի, սակայն դիտորդներն ու վստահված անձինք հնարավորություն կունենան ցանկության դեպքում ծանոթանալ դրանց: Այդ մասին երեկ հայտարարել է արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը` անդրադառնալով ընդդիմության գլխավոր պահանջին: Նա նշել է, որ իրենք մեկ քայլ առաջ են գնացել եւ դիտորներին եւս հնարավորություն կտան ծանոթանալ այդ ցուցակներին: Նախարարը նաեւ հավելել է, որ առաջիկա քառօրյային նոր ընտրական օրենսգիրքը չի քննարկվի: