Կոնֆլիկտի սրացումը, բնականաբար, Ադրբեջանի շահերից է ելնում. ռուս փորձագետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի հարցազրույցը ՌԴ Ազգային ռազմավարության ինստիտուտի տնօրեն Միխայիլ Ռեմիզովի հետ:

– Նախևառաջ ցանկանում եմ օբյեկտիվորեն ներկայացնեք Ձեր դիրքորոշումը վերջին օրերին շփման գծում տարվող ռազմական գործողությունների վերաբերյալ: Ի վերջո, ո՞վ սկսեց, ո՞վ էր նախաձեռնողը:

– Ակնհայտ է, որ կողմերը մեղադրում են միմյանց: Պարզ է նաև, որ Լեռնային Ղարաբաղը շահագրգռված է ստատուս քվոյի պահպանմամբ, իսկ Ադրբեջանը` ոչ: Այդ պատճառով, կոնֆլիկտի սրացումը, ռևանշի փորձը, բնականաբար, Ադրբեջանի շահերից է ելնում:

– Ձեր կարծիքով, ինչո՞ւ այժմ Ադրբեջանը նման քայլի դիմեց և այստեղ կարո՞ղ ենք տեսնել Թուրքիայի հետքը:

– Երկու երկրների ղեկավարների միջև այդ դեպքերի նախօրեին ինտենսիվ և սերտ շփումներ են եղել: Իհարկե կարող ենք այս ամենում կարծել նաև Թուրքիայի շահագրգռվածությունը` բարդացնել Ռուսաստանի դիրքը, սակայն դա այդքան էլ չստացվեց: Ամեն դեպքում, Թուրքիայի կողմից շահագրգռվածությունն առկա է, և այս ամենում դա ունեցել է էական նշանակություն: Նույնիսկ մինչ ռուս-թուրքական կոնֆլիկտը, Ադրբեջանի մոտ մշտապես առկա է եղել ռևանշի ցանկությունը և դա բացեիբաց հայտարարվել է նաև ադրբեջանցի դիվանագետների ելույթներում: Այդ թեման մշտապես օրակարգային է եղել Ադրբեջանի համար և բացի թուրքական գործոնից կարող են նաև ներքին հարցեր լինել, որոնք դրդել են ակտիվության: Սակայն տնտեսական ճգնաժամի թեմայից շեղվելու համար նման քայլի դիմելու խոսակցությունները մի փոքր չափազանցված են: Ամեն դեպքում, դա ավելի կապված է քաղաքականության և Թուրքիայի  հետ:

– Իսկ ո՞րն է այստեղ Ռուսաստանի շահը:

– Ռուսաստանի շահերը կայանում են նրանում, որ պատերազմ չլինի, կոնֆլիկտը մնա սառեցված, կամ էլ` լուծում ստանա:

– Այժմ շփման գծում լարվածությունն այնքան էլ մեծ չէ, և հրադադարի մասին պայմանավորվածություն կա, որը սակայն կրկին հակառակորդի կողմից խախտվում է: Ըստ ձեզ,  հետագայում նման սրացումներ կարո՞ղ են լինել: 

– Ես կարծում եմ, որ այս ամենը կարող է շարունակվել, քանի որ Բաքուն այդ կերպ փորձում է հասնել նրան, որ միջազգային հանրությունն ուշադրություն դարձնի հիմնախնդրին: Նրանք այս կերպ ցույց են տալիս, որ իրենք չեն համակերպվել պարտության փաստի հետ և փորձելու են ամեն կերպ կրկին ակտիվացնել այդ թեման: Այդ մեսիջի համար Ադրբեջանը կշարունակի նման գործողությունների դիմել, բայց այն հարցը` Ադրբեջանն ունի՞ բլից-կրիգ-ի հնարավորություն, կամ հիմա փորձո՞ւմ էր նման քայլի դիմել, դա չեմ կարող ասել, քանի որ ուժերի հարաբերակցության մասին ավելի խորը տվյալներ են անհրաժեշտ:

– Իսկ ՌԴ պաշտոնյաների հանդիպումը հակամարտող կողմերի հետ ի՞նչ  ազդեցություն կարող են ունենալ ստեղծված իրավիճակի վրա:

 Հիմա Մոսկվան շատ լուրջ քայլեր է ձեռնարկում, որպեսզի հասնի կրակի երկարատև դադարեցման: Կհաջողվի նրանց, թե ոչ, կտեսնենք: Դեռ այդ մասով բան չեմ կարող ասել:

Զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը




Լրահոս