ՄԵՆՔ ԿԿԱՐՈՂԱՆԱՆՔ ՀԱՂԹԱՀԱՐԵԼ ՆԱԵՎ ԱՅՍ ՓՈՒԼԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերվանից սկսած ղարաբաղա-ադրբեջանական սահմանում մարտական գործողությունները թեեւ նույն ինտենսիվությամբ չեն շարունակվում, բայց եւ այնպես չեն էլ դադարում: Թե ինչով է պայմանավորված Ադրբեջանի կողմից շարունակվող այս ագրեսիան, մանավանդ այն դեպքում, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կողմից զինադադարի ռեժիմին անցնելու հայտարարություններ եղան, փորձեցինք պարզել ՀՀ տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանից եւ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանից (Բուռնաշ):

ՀՀ տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյան
-Պարո՛ն Լոքյան, ըստ Ձեզ՝ վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական սահմանագծում ռազմական գործողություններ ինչո՞ւ սկսվեցին եւ ինչո՞վ կավարտվեն:
-Սա պարզապես ագրեսիա էր եւս մեկ անգամ իր անկախությունը օրինական ֆիքսած Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նկատմամբ: Սա պրոցես էր, երբ միլիտարիզացված Ադրբեջանը օգտագործեց իր ռազմական հնարավորությունները եւ փորձեց դրանցով ճնշում գործադրել հայ ժողովրդի վրա, բայց դա չհաջողվեց եւ արժանի հատուցում ստացավ: Կարծում եմ, որ սա վերջնական դասերից մեկն է բոլորիս համար, որ մենք պետք է ճանաչենք մեր հարեւանին եւ ուժեղանանք, չզիջենք ոչինչ: Ընդհանուր առմամբ, Ղարաբաղում շատ բարձր կամային տրամադրություն կա, Հայաստանում՝ նույնպես: Կարծում եմ, որ մենք կկարողանանք հաղթահարել նաեւ այս փուլը:
-Արդյո՞ք, ի վերջո, այս ամենը չի վերաճի լայնամասշտաբ ռազմական գործողությունների:
-Չեմ կարծում, որ շարունակությունում կունենանք լայնամասշտաբ գործողությունների փուլ, քանի որ աշխարհի խոշորագույն երկրներն այս պրոցեսին արդեն մասնակցել են: Շատերի համար հստակորեն արդեն պարզ է, որ ագրեսիան սկսված է Ադրբեջանի կողմից: Կիրառված են զենքի բոլոր տարատեսակները եւ միջազգային հանրությունը, երկրները այդ խնդիրը չեն թույլատրի:
-Այս շրջանում Դուք հանդիպումներ ունեցե՞լ եք Հայաստանի տարբեր բնակավայրերի բնակիչների հետ: Ինչպիսի՞ն է նրանց տրամադրվածությունը:
-Ես մի քանի օր է՝ մարզերում եմ, մասնակցել եմ հուղարկավորությունների, մեր հերոսների թաղմանը` երեկ Սիսիանում, նախորդ օրը՝ Լոռիում: Իրավմամբ, մարդկանց մեջ չկա հուսահատություն, վախ: Բարձր, կամային, հայրենասիրական զգացմունքներ են իշխում:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյան
-Պարո՛ն Աղաբաբյան, ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերվանից սկսած ղարաբաղա-ադրբեջանական սահմանում ընթացող մարտական գործողությունները, ըստ Ձեզ, ինչի՞ արդյունք էին, եւ որքանո՞վ կարելի է հուսալի համարել հրադադարի մասին համաձայնությունը:
-Վաղը մեր ջոկատի տղաների հետ զենք ենք ստանալու ու գնանք: Կարեւորը մենք պաշտպանում ենք մերը. թշնամին ուրիշի ունեցվածքի վրա է գալիս, եւ մեր գործը արդար պետք է լինի, մենք ճիշտ ենք եւ մենք պետք է պաշտպանենք մեր հողն ու ջուրը: Իսկ ինչ մնում է հետագային, մենք հասկանալով, որ թուրքերն ունեն շատ խորամանկ դիվանագիտություն, գիշերով են հարվածում, թիկունքից… դրա համար ես չեմ հավատում այս զինադադարին:
-Ի՞նչ եք կարծում՝ այս գործողությունները կարող են լայնամասշտաբ պատերազմի վերաճել:
-Ինձ թվում է՝ այս ամենը կշարունակվի, եւ հիմա էլ կրակոցներ կան: Դրա համար մենք պետք է բոլորս պատրաստ լինենք դրան: Մեր քաղաքական դաշտում մտայնություններ կան, որ Թուրքիան նախագահ փոխելու խնդիր ունի, որ իրենով անի Ադրբեջանը: Բնականաբար այս բազում զոհերից հետո Ադրբեջանի հանրապետությունում միգուցե հեղափոխություններ սկսվեն, նրանց ժողովրդի մեծ մասը կողմ չէ պատերազմի: Եւ, ընդհանրապես, նրանք կռվել չգիտեն, եթե վերցնում ենք մեր կորուստները եւ նրանց կորուստները… բոլոր դեպքերում միգուցե շարունակվի: Պատրաստվենք վատին, որ ուժեղ լինենք:

 

 

 
ՊՐՈԲԱՑԻԱՆ ԿՆՎԱԶԵՑՆԻ ԿՐԿՆԱՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ազգային ժողովի երեկվա նիստի ընթացքում, ի թիվս այլ նախագծերի, քննարկվեց նաեւ «Պրոբացիայի մասին» ՀՀ օրենքի նախագիծը: ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ այն արդարադատություն իրականացնելու այլընտրանքային մեխանիզմ է:

«Պրոբացիայի գաղափարն այն է, որ մենք պետք է ավելի արդյունավետ մեխանիզմներ ներդնենք, որպեսզի ազատությունից չզրկելու հետ կապված պատիժները, այլընտրանքային խափանման միջոցները եւ նոր քրեական օրենսգրքով նախատեսված անվտանգության միջոցներն իրականացվեն համապատասխան լիազոր պետական ծառայության միջոցով, որը պետք է գործի քաղաքացիական կամ պետական ծառայության համակարգում»,- նշեց նախարարը:
Նրա խոսքով՝ պրոբացիայի նորմալ իրականացման դեպքում նվազում են կրկնահանցագործությունները, պատիժ կրող քաղաքացին չի կտրվում հասարակությունից, եւ ապահովվում է նրա վերասոցիալականացումը:
«Երբ երկրում սկսում է արդյունավետ աշխատել պրոբացիայի ծառայությունը, մենք դատապարտյալների թվի կրճատում ենք ունենում, բնականաբար, կախված կոնկրետ պատժատեսակներից»,-ասաց Հովհաննիսյանը:
Պատասխանելով ՕԵԿ խմբակցության պատգամավոր Իշխան Խաչատրյանի հարցին, թե այս ծառայությունն ի՞նչ ազդեցություն կունենա պետական բյուջեի վրա ու ինչպիսի՞ հաստիքային փոփոխություններ տեղի կունենան, արդարադատության նախարարն ասաց, որ այս տարի ստեղծելով պրոբացիայի ծառայությունը՝ պետական բյուջեի հետ կապված որեւէ լրացուցիչ ծախս չի լինելու:
«Հաջորդ տարի արդեն պայմանավորված կլինի կոնկրետ միջոցներով: Համագործակցում ենք նաեւ միջազգային գործընկերների հետ, որպեսզի պետական բյուջեի վրա լրացուցիչ բեռ, թեկուզ հաջորդ տարիներին, սրա հետ կապված չառաջանա»,- ընդգծեց Ա.Հովհաննիսյանը:
Նիստի ընթացքում պատգամավորները երկրորդ ընթերցմամբ քննարկեցին նաեւ ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի կողմից ներկայացված «Հրազդան-ցեմենտ» փակ բաժնետիրական ընկերությանը հարկային եւ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով արտոնություններ տալու մասին» օրինագիծը: Քննարկման ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարարը տեղեկացրեց, որ այս նախագծի առնչությամբ առաջարկներ են ներկայացրել Աժ պատգամավորներ Վարդան Այվազյանը, Արայիկ Հովհաննիսյանը, Արամ Մանուկյանը, որոնք ընդունվել են:
Այնուհետեւ Մինասյանը ներկայացրեց «Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:
Արծվիկ Մինասյանը տեղեկացրեց, որ փաթեթը երկրորդ ընթերցմամբ քննարկման փուլում համալրվել է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերով:
Նախարարը շեշտեց, որ առաջարկվում է տեսչական մարմնի ղեկավարի վարձատրությունը հավասարեցնել կառավարման ոլորտում գործող պետական մարմնի վարձատրության մեծությանը եւ սահմանել տեսչական մարմինների կառավարման առանձնահատկությունները:

Նյութերը՝ ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ

 

 
ՀԱՆՑԱՎՈՐ ԽՄԲԻ ԳՈՐԾՈՎ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ անցած տարվա նոյեմբերի 25-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից վնասազերծած «հանցավոր» խմբի գործով կալանավորված, Արմավիրի մարզի Արեւիկ համայնքի բնակիչ Մարտին Թադեւոսյանին օրերս ազատ են արձակել: Նշենք, որ արեւիկցիներից միայն Մարտին Թադեւոսյանը չէ, որ այս գործով կալանավորված էր: Նույն գործով կալանավորվել էին նաեւ Արեւիկ համայնքի բնակիչներ Ավետիս Բարեյանը, Վաղինակ Ստեփանյանը եւ Արթուր Եղիազարյանը: Նրանք կալանավորվել էին խմբի բացահայտումից երկու ամիս անց: Արեւիկցիներից Ավետիս Բարեյանը եւ Մարտին Թադեւոսյանը օրերս ազատ են արձակվել, նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ հանրապետությունից չհեռանալը: Իսկ մյուս երկուսը շարունակում են մնալ կալանքի տակ: Հիշեցնենք, որ խմբի բացահայտումից հետո ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ի եւ 2-րդ մասերով եւ 235-րդ հոդվածի 3-րդ մասով:

 

 

ԵՐԿՐՈՐԴ  ՎԿԱՆ  
Ինչպես հայտնի է՝ անցած տարվա օգոստոսի 5-ին իր բնակարանում շուրջ 50 դանակի հարվածով սպանվել էր էքստրասենս Անի Մաջնունյանը, որի գործով կալանավորվել էր «Յանուս» թատրոնի տնօրեն Մուշեղ Մխիթարյանը: Վերջինս մինչ օրս չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: Այս գործով կարեւոր վկան՝ Աննա Միսակյանը, իրավապահներին պատմել է, թե ինչպես է ամեն ինչ տեղի ունեցել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Աննա Միսակյանը այս գործով միակ վկան չէ: Կա եւս մեկ վկա, որին Մուշեղ Մխիթարյանը պատմել է եղելությունը, թե իբր ինչպես է սպանել Անի Մաջնունյանին եւ հետո գնացել պատմել, թե դա արել է ու հիմա չգիտի ինչ անել: Ի դեպ, 2016 թվականի մարտի 22-ին ՀՀ քննչական կոմիտեն այս գործն ուղարկել է դատարան:

 

ՊԱԼԱՉԻ «ՄԱՆՐ» ՊԱՐՏՔԵՐԸ
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում «Աբովյան հեռուստախմբագրություն» ՍՊԸ-ն ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի աշխատակազմին պարտք է 860 հազար դրամ: Բացի այս՝ «Աբովյան» Հ/Ը-ն պարտք է նաեւ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի Կոտայքի տարածքային հարկային տեսչությանը՝ մոտ 751 հազար դրամ եւ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին՝ մոտ 143 հազար դրամ: Հիշեցնենք, որ «Աբովյան» Հ/Ը-ն Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2015 թվականի դեկտեմբերի 10-ի վճռով սնանկ էր ճանաչվել: Սնանկանալուց մոտ մեկ տարի առաջ այս հեռուստաընկերությունը գնել էր ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի սանիկ, սնանկացած մեկ այլ՝ «Քինգ դե լյուքս» ընկերության տնօրեն Արթուր Հարությունյանը՝ Պալաչը:




Լրահոս