ԻՆՉՊԵՍ ԵՆ ԳՈՐԾՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՀԵՏԱԽՈՒՅԶՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տեւական ժամանակ է, ինչ Ադրբեջանի հետախուզական ծառայության ուշադրության կենտրոնում եղել են ԼՂՀ ՊԲ եւ ՀՀ ՊՆ զորամասերը: Դեռ ամիսներ առաջ նրանք շարունակ հետաքրքրվել են Արցախի դիրքերի, կոնկրետ զորամասերի մասին:

Եվ այսպես՝ դեռեւս 2015 դեկտեմբերի 9-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում պարզվել էր, որ ՀՀ Արմավիրի մարզի բնակիչ, պահեստազորի մայոր Գարիկ Մարությանը, որը երկար տարիներ աշխատել էր ՀՀ ՊՆ տարբեր զորամասերի հետախուզության պետ, համացանցային սոցիալական կայքերի միջոցով կապ էր հաստատել Թուրքիայում գործող ադրբեջանական հատուկ ծառայությունների հետ եւ վարձատրության դիմաց նրանց փոխանցել բանակում իրեն հայտնի դարձած պետական գաղտնիք պարունակող տվյալներ:
Իսկ ինչպե՞ս է Գարիկ Մարությանը ծանոթացել Ադրբեջանի հետախույզների հետ, եւ, առհասարակ, ինչպես են ադրբեջանական հատուկ ծառայությունները կապ հաստատում հայերի, առավել եւս ՊՆ աշխատակիցների հետ՝ նրանց գումարի դիմաց ինֆորմացիա տալու առաջարկ անելով: Պարզվել է, որ Գարիկ Մարությանը 1997 թվականից մինչեւ 2014 թվականի դեկտեմբերի 29-ը ՀՀ ՊՆ տարբեր զորամասերի հետախուզության պետի պաշտոնն է զբաղեցրել, իսկ աշխատանքից դուրս գալուց հետո «նոր գործ» է գտել իրեն: Բանն այն է, որ 2015թ. հուլիսի սկզբներից «Օդնոկլասնիկ» սոցիալական ցանցում իր անունով՝ «M.G.X», Մարության Գագիկ Խաչիկի տառերով էջ է բացել: Սկսել է տարբեր մարդկանց հետ շփվել «Օդնոկլասսնիկի» ցանցի միջոցով եւ ծանոթացել է օգտատեր Vazgen Kirakosyan-ի հետ:
Իսկ Վազգեն Կիրակոսյանը Գարիկ Մարությանին ներկայացել է որպես օտար երկրում ապրող հայ, հայերեն լեզվով անկեղծ զրուցներ է ունեցել: Մինչդեռ իրականում նա Թուրքիայում գործունեություն ծավալած Ադրբեջանի հետախուզական ծառայության աշխատակից է եղել:
Արդյունքում՝ Գարիկը Vazgen Kirakosyan տվյալներով հանդես եկող անձին 750 ԱՄՆ դոլլարի դիմաց արժեքավոր տեղեկություն է տրամադրել ՀՀ զինված ուժերի մասին, որոնք Ադրբեջանական հետախուզությունը կարող էր օգտագործել ՀՀ զինված ուժերը վարկաբեկելու համար:
Նշենք, որ բացի «Օդնոկլասսնիկի ռու» սոցիալական ցանցից՝ Գարիկ Մարությանը կապ էր հաստատել նաեւ Ադրբեջանի հետախուզության հետ բջջային հեռախոսակապի «Վիբեր» ծրագրի միջոցով:
Իսկ կոնկրետ ի՞նչ տեղեկություններ են հետաքրքրել Ադրբեջանի հետախույզներին: Քրեական գործի նյութերից պարզ է դառնում, որ ադրբեջանցի հետախույզներին հետաքրքրել են ՀՀ ՊՆ զորամասերի սպառազինությունից, դիրքերի, դիտակետերի դասավորվածությունից մինչեւ զինծառայողների վերաբերյալ կոնկրետ տվյալները:
ԱԱԾ-ն Գարիկ Մարությանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` պետական դավաճանություն, եւ կալանավորել նրան:
«Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Գարիկ Մարությանը իրավապահներին հայտնել է, որ ինքը չի իմացել, որ իր հետ զրուցած քաղաքացին եղել է Ադրբեջանցի հետախույզ, եւ ինքը նրա հետ ընդամենը կիսվել է իր ծառայության ընթացքում կատարած աշխատանքների մասին:
Երբ իրավապահները հետաքրքրվել են, թե ինչի՞ դիմաց էին նրան գումար ուղարկել կամ հեծանիվ նվիրել, Մարությանը պատասխանել էր, թե ընդամենը որպես լավ մարդ ցանկացել են իրեն գումար ուղարկել եւ նվերներ տալ:
Այսպիսով՝ պետք է շատ զգույշ լինել, հատկապես պետական համակարգին առնչվող մարդիկ, լավ կլինի, անծանոթ մարդկանց հետ «չկիսվեն» երկրում առկա իրավիճակի, ունեցած մտահոգությունների մասին, քանի որ թշնամին ամենուր է գործում: Նրանք ոչնչի առջեւ կանգ չեն առնում:
Ցավոք, ադրբեջանական հետախույզների թիրախում միայն Գարիկ Մարությանը չէ: Մյուսներին կներկայացնենք հաջորդիվ:
Շարունակելի

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԴԱՏԱՐԱՆԻՑ ՓԱԽԵԼ Է
Երեկ հայտնի դարձավ, որ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանից փախուստի է դիմել դատապարտյալ Սպարտակ Դանիելյանը, որ 2015 թ. կալանավայրից զանգերի միջոցով մի խումբ մարդկանց թալանել էր:
2015թ. հոկտեմբերի 23-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկների վարչությունը ստուգումներ էր իրականացրել՝ դատապարտյալների շրջանում առկա «բեսպրիդելը» կանխելու համար:
Իսկ ինչն էր եղել ստուգման պատճառը: Բանն այն է, որ մի շարք քաղաքացիներ 2015թ. ընթացքում դիմել էին իրավապահներին՝ հայտնելով, թե իրենք ունեցել են ապրանքներ, որոնք ենթակա են եղել վաճառքի: Տարբեր վայրերում փակցված հայտարարություններից գնորդները տեղեկացել են վաճառքի հանված ապրանքի մասին, զանգահարել` ցանկություն հայտնելով գնել այն: Պայմանավորվածության համաձայն՝ ապրանքը ուղարկել են, իսկ վարորդը անհետացել է: Երբ փորձել են գտնել, չեն կարողացել:
Քաղաքացիների հայտարարության հիման վրա իրավապահները քննություն են սկսել, եւ պարզվել է, որ տարբեր քաղաքացիների զանգահարած եւ ապրանքներ գնելու ցանկություն հայտնած, իսկ վերջում անհետացած զանգերը հիմնականում եղել են «Նուբարաշեն» ՔԿՀ-ից: «Ժողովուրդ»-ի այս հրապարակումից 2 շաբաթ անց ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց այն մասին, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալ Ս. Դանիելյանը կալանավայրից շուրջ 40 մարդկանց է թալանել: Հրապարակումից կարճ ժամանակ անց ՀՀ քննչական կոմիտեն 25-ի դեպքերի մասով հիմնավորումներ ձեռք բերելով՝ գործը ուղարկեց դատարան, իսկ մյուս դեպքերի մասով կոմիտեում քննությունը շարունակվում է:
Ապրիլի 5-ին առաջին ատյանի դատարանում տեղի է ունեցել դատապարտյալ Ս. Դանիելյանի կողմից հափշտակությունների գործով առաջին դատական նիստը, ինչի ավարտից հետո վերջինս, շրջանցելով ոստիկանության աշխատակիցներին եւ դատական կարգադրիչներին, կարողացել է փախուստի դիմել:
Նկատենք, որ դատական նիստի օրը Սպարտակը մուգ ակնոցներով եւ բավականին կոկիկ հագնված է եղել, ինչը ներկաների մոտ տպավորություն է թողել, որ նա պլանավորած է եղել իր փախուստը: Ավելին՝ տեղեկացանք, երբ գործը նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը Ս.Դանիելյանին հարց է տվել, թե մեղավոր ճանաչում է իրեն, դատապարտյալը պատասխանել է. «Հրաժարվում եմ դիրքորոշում հայտնելուց»:
Ահա այսպես՝ իրավապահների քթի տակից 40-ից ավել քաղաքացիներին թալանած մարդը փախուստի է դիմել, ինչը ցույց է տալիս դատարանում կարգադրիչների եւ ոստիկանների անտարբերությունը: «Ժողովուրդ»-ը ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացավ, որ փաստի առթիվ ՀՀ քր. օրենսգրքի 355 հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ` փախուստ: ՀՀ դատական դեպարտամենտի արարողակարգի եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արման Խաչատրյանի փոխանցմամբ՝ նշանակվել է ծառայողական քննություն՝ կարգադրիչների գործողությունների իրավաչափությունը պարզելու նպատակով:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ Է
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության այսօր տարածած հաղորդագրությունը, թե իբր հայկական ուժերը տարբեր տրամաչափի ականանետերից կրակ են արձակում, իրականությանը չի համապատասխանում: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները խստորեն հետեւում են կրակի դադարեցման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությանը:

 

 

ՈՉՆՉԱՑՆԵԼՈՒ ՁԵՎ
Ինչպե՞ս հայտնաբերել եւ ոչնչացնել անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ), եթե դրանց մեծ մասն այնքան փոքր է, որ նույնիսկ ռադարները չեն կարողանում տեսնել: Սա ժամանակակից ռազմական գիտության կարեւորագույն հարցերից է: Անօդաչու սարքը կարելի է «գրեթե» ոչնչացնել, եթե թռիչքի ժամանակ հաջողվի խախտել դրա բորտային չափիչների աշխատանքը, կապի ալիքները, տվյալների եւ հսկողության հաղորդիչները, խլեցնել GPS համակարգի ազդանշանները, որից ԱԹՍ-ն «կկուրանա եւ անօգնական» կդառնա: ԱԹՍ-ն կարելի է ոչնչացնել միայն ֆիզիկապես՝ ոչնչացնելով հրթիռով, սովորական հրացանով, իսկ մոտ ապագայում նաեւ՝ լազերային հրացանի ճառագայթով:

 

 

48 ՍՊԱՆՎԱԾ
razm.info-ի տեղեկացմամբ` ապրիլի 5-ին ադրբեջանական բաց աղբյուրների մշտադիտարկման արդյունքում հայտնի է դարձել Ադրբեջանի ԶՈւ եւս մեկ սպանված զինծառայողի` կոչումով գնդապետ, 1976-ին ծնված Յուսիբով Նյուրադդին օղլուի մասին: Սպանված զինծառայողը ապրիլի 6-ին հուղարկավորվել է իր ծննդավայրում` Շամխորի Շիշեթեփե գյուղում: Ընդհանուր առմամբ ներկա պահին հայտնի է Ադրբեջանի զինված ուժերի 48 սպանված զինծառայողի ինքնություն:

 

 

ԵՎՍ 2 ԶՈՀ
Ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը Քարվաճառում 2 հայ զինծառայող է զոհվել: Այս պահին քննություն է տարվում` հասկանալու համար` դեպքը դիվերսիոն ներթափանցմա՞ն հետեւանք է, թե՞ անօդաչու թռչող սարքից արձակված կրակի: ArmLur.am-ին հաջողվել է պարզել, որ զոհվածներից մեկը զինծառայող Գրիգոր Ավետիսյանն է, ով Արտաշատ քաղաքի բնակիչ է: Նրա ծնողներն աշխատում են Արտաշատի սոցիալական ծառայությունում: Մյուս զոհը 1997թ. ծնված Սուրեն Արթուրի Արամյանն է:

 

 

ՀԱՄԱՁԱՅՆ ԵՆ
Արցախը տվել է համաձայնությունը շփման գծում դիտարկում անցկացնելու վերաբերյալ: «Այսօր ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջոցով փոխանցվել է մեր համաձայնությունը՝ ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում դիտարկում անցկացնելու վերաբերյալ»,- ասել է ԼՂՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Անի Սարգսյանը:

 

ԿՈՐՈՒՍՏՆԵՐ ՉՈՒՆԵՆՔ
Երեկ ԱԺ-ում ՀՀ ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը տեղեկացրել է, որ հայկական կողմը կորցրած հենակետեր չունի, եւ ներկայումս սահմանում տիրում է ապրիլի մեկի դիրքային դասավորությունը: «Եթե ձեզ թվում է, թե մենք կարող ենք այսօր թույլ կողմից ներկայանալ, այդպես չէ: Նախաձեռնել ենք ՀՀ եւ ԼՂՀ ռազմաքաղաքական ղեկավարության կողմից միջազգային նորմերի իրականացման պարտավորվածությունը, եւ տարբեր տեղեր որոշումներ են ընդունել: Մեզ համար կարեւորը ինքնորոշման խնդիրն է եւ ուժի չկիրառումը»,- ասել է Օհանյանը:

 

ԿՀԱՆԴԻՊԵՆ
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ու Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կհանդիպեն ապրիլի 8-ին Մոսկվայում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությանը: «Նալբանդյանը ապրիլի 8-ին կմեկնի Մոսկվա, որտեղ նախատեսվում է հանդիպում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ»,- հայտնել են մամուլի ծառայությունից: Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի ԱՊՀ երկրների արտգործնախարարների Խորհրդի նիստին: Ավելի վաղ հայտնի էր դարձել Սերգեյ Լավրովի՝ Բաքու կատարած այցի մասին:




Լրահոս