Հուլիսի 28-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում մեծ աղմուկ բարձրացրած ձերբակալության փորձը եւ խուզարկության դեպքը կարծես թե կամաց-կամաց կորցնում են հետաքրքրությունն իրավապահների մոտ, ինչը նշանակում է, որ կա՛մ Մալաթիայի միրգ-բանջարեղենի շուկայի սեփականատեր Սիմոն Հակոբյանն իրավապահների հետ կարգավորել է իր հարցերը, կա՛մ իրավապահները թերանում են իրենց գործողություններում եւ աղմուկ չեն բարձրացնում հետագա բարդություններից խուսափելու համար:
ՄԱԼԱԹԻԱՅՈՒՄ
Եվ այսպես, ի՞նչ էր տեղի ունեցել Մալաթիա-Սեբաստիայի Մեծարենցի փողոցում, որտեղ գտնվում է առավել հայտնի «Բազազ Արտեմ» մականվամբ, «Մալաթիա» տոնավաճառի տնօրեն Սիմոն Հակոբյանի առանձնատունը: Պարզվում է՝ նշված օրը՝ ժամը 11:00-ի սահմաններում, «BMW X5» մակնիշի սեւ գույնի 77 DD 707 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Մալաթիայի փողոցում հարվածել էր «LADA» 20 010 մակնիշի 700 LO 07 համարանիշի, «Mitsubishi IO» մակնիշի 22 LT 791 համարանիշի, «Wolkswagen Tuareg» մակնիշի, «Biora» մակնիշի 10 OQ 022 համարանիշի ավտոմեքենաներին: Մեծ վթար ստեղծած մեքենան պատկանում է Ս. Հակոբյանի որդուն՝ Վրթանես (Վարդանիկ) Հակոբյանին, որը, նշված փողոցում իրարանցում ստեղծելով, դիմել էր փախուստի:
Դեպքից անմիջապես հետո խուզարկություններ են կատարվել Ս. Հակոբյանին պատկանող գրասենյակային տարածքում, ինչպես նաեւ Վ. Հակոբյանի տանն ու աշխատավայրում: Արդյունքում՝ հայտնաբերվել էին ընդամենը ՏՕԶ տեսակի փամփուշտներ եւ, ըստ լուրերի, «մեշոկով» փող՝ մոտ 2 մլն դոլար:
«Ժողովուրդ»-ը փորձեց պարզել, թե ինչն է իրականում իրավապահներին դրդել հիշել տարաբնույթ սկանդալներով հայտնի Ս. Հակոբյանին, «դիմակներով հյուրընկալվել» նրան, եւ, առհասարակ, ինչո՞ւ է նրա որդին դիմել փախուստի, եթե անմեղ էր եւ վախենալու ոչինչ չուներ:
ՏԱՆԸ ՉԷՐ
Նախ այցելեցինք Հակոբյանի բնակարան, եւ տան աշխատակցուհին ասաց, թե ինքը ոչնչից տեղյակ չէ, ու մեր հարցերին միայն կարող է պատասխանել Ս. Հակոբյանը, որն այդ պահին տանը չէր: Նույն պահին մենք զանգահարեցինք Ս. Հակոբյանին, որը սիրահոժար պատրաստակամություն հայտնեց զրուցել մեզ հետ: Եվ երկու օր տանել-բերելուց հետո վերջապես երկար սպասված հանդիպումը Ս. Հակոբյանի հետ կայացավ: Սակայն նկատելի էր, որ այդ երկու օրվա մեջ ինչ-որ բան էր փոխվել. նա իր գործերը կարծես թե կամաց-կամաց կարգավորել էր: Դրա համար էլ կտրականապես հրաժարվեց մեզ որեւէ մեկնաբանություն տալ: Ու մեզ համար այդպես էլ անհասկանալի մնաց, թե ինչ են ուզում ոստիկանները Ս. Հակոբյանից, ինչու է նրա որդին փախուստի մեջ:
Թերեւս մեր այս հարցերի պատասխանն այդպես էլ չենք կարող ստանալ, քանի որ ոստիկանությունը պնդում է, որ իրենք ընդամենը քրեական գործի շրջանակներում իրենց փոխանցված դատական վճռի հիման վրա բնակարանում խուզարկություն են իրականացրել: Թե որ քրեական գործի մասին է խոսքը, խնամքով թաքցնում են:
Իսկ Հակոբյանի որդու մասով մայրաքաղաքում համառ լուրեր են պտտվում, որ նրա ավտոմեքենայի մեջ մեծ քանակությամբ թմրանյութ է եղել, դրա համար էլ կյանքի գնով ճողոպրել է: Բանն այն է, որ նույն Վրթանես Հակոբյանը 2010թ. դարձյալ թմրանյութ պահելու համար կալանավորվել էր:
Հավելենք, որ Ս. Հակոբյանի ընտանիքը մշտապես հայտնվել է այսպիսի քրեածին պատմությունների մեջ: Նրա որդին՝ Ստեփան Հակոբյանը, մինչ օրս անազատության մեջ է՝ Մալաթիա-Սեբաստիայի նախկին թաղապետ Վահան Զատիկյանի որդու` Սեդրակ Զատիկյանի սպանության կազմակերպման մեղադրանքով:
Հիշեցնենք, որ Ս. Հակոբյանը «Ոգու փորձություն» կամավորական միավորման նախագահ Հակոբ Հակոբյանի եղբայրն է, եւ նրանց հարաբերությունները 2008թ. նախագահական ընտրությունների շրջանում, մեղմ ասած, լարված էին: Ու գաղտնիք չէ, որ Հակոբ Հակոբյանի կալանավորման գործընթացին լրջագույն մասնակցություն էր ցուցաբերել հենց նրա եղբայր Սիմոն Հակոբյանը: Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հենց Սիմոնի տոնավաճառի աշխատակիցները Հակոբ Հակոբյանի դեմ ցուցմունքներ տվեցին, ինչի արդյունքում նա դատապարտվեց 5 տարվա ազատազրկման, սակայն համաներման կիրառման արդյունքում մեկ տարի անց ազատ արձակվեց: Եվ Սիմոնի այդ քայլն իշխանությունների կողմից ժամանակին բարձր գնահատականի արժանացավ:
Ինչեւէ, եթե ամփոփելու լինենք այս թեման, պետք է արձանագրենք, որ ինչ-որ տեղ ինչ-որ հարցում Սիմոն Հակոբյանը սխալվել է: Եվ ինչ-որ շրջանակներ փորձեցին նրա սխալի մասին հիշեցնել՝ իրավապահներին գործի դնելով: Ըստ այդմ, տեղեկություններ են շրջանառվում, որ իշխանական էլիտայի որոշ ներկայացուցիչներ որոշել են Ս. Հակոբյանի՝ Մալաթիայի միրգ-բանջարեղենի շուկայի բիզնեսում «փայ մտնել», եւ այդ պատճառով բարձրացվեց այս մեծ աղմուկը: Թեեւ տեղեկություններ են շրջանառվում նաեւ, որ Ս. Հակոբյանի «գլխավոր հովանավորը» Սերժ Սարգսյանի եղբայրներից մեկն է. պարզապես նա իր գործունեության ընթացքում «անուշադրության է մատնել» ոստիկանությանը:
Նշենք, որ Ս. Հակոբյանի հովանավորը ոստիկանությունում մշտապես եղել է Երեւան քաղաքի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանը (այս մասին էլի է խոսվել), որն այլեւս չի աշխատում ոստիկանությունում: Ու ենթադրվում է, որ Ն. Նազարյանի պաշտոնանկությունից հետո ինչ-որ մարդիկ ցանկանում են «տիրություն անել» Ս. Հակոբյանին, ինչի համար էլ բարձրացվեց այս մեծ աղմուկը:
Չմոռանանք նշել, որ Ս. Հակոբյանը մշտապես ոչ միայն ոստիկանության, այլեւ դատախազության, ազգային անվտանգության եւ այլ իրավապահ համակարգի ներկայացուցիչներին պարբերաբար շռայլորեն հյուրասիրել է` իրեն եւ իր ընտանիքին ապահովագրելով անցանկալի իրողություններից: Թերեւս միակ բացառությունը Սեդրակ Զատիկյանի սպանության գործն է. Սիմոնին առայժմ չի հաջողվում «մաքրել» իր որդուն, քանի որ բարձրացված աղմուկը շատ ավելին էր: Բայց, ինչպես ասում են, սա էլ է ժամանակի հարց: «Ժողովուրդ»-ը դեռ կանդրադառնա Սիմոն Հակոբյանի գործունեությանը:
ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ