«168 Ժամ» թերթը գրում է. «Ռուսաստանը կշարունակի Ադրբեջանին զենք մատակարարել՝ իր ռազմավարական գործընկերոջ հետ ունեցած պայմանագրային պարտավորություններին համապատասխան»,- երեկ Բաքվում հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը:
«Ամեն ինչ իրականացվում է պայմանագրերի համաձայն: Երկու երկրներն էլ մեր ռազմավարական գործընկերներն են»,- ասել է Ռոգոզինը: Այսինքն` փոխվարչապետի շուրթերով Ռուսաստանը երեկ պաշտոնապես հայտարարել է, որ շարունակելու է Ադրբեջանին այն զենքի վաճառքը, որն Ադրբեջանը կիրառելու է հայ զինվորներին ու խաղաղ բնակիչներին սպանելու համար: Ռուսաստանն առանց այլևայլությունների՝ խոստովանել է, որ ինքն է մեր հակառակորդին զինողը ու շարունակելու է զինել, ու դա խոստովանելով` խոստովանել է նաև, որ ինքը հավասարապես պատասխանատու է այն տասնյակ զինվորների ու խաղաղ բնակիչների համար, ովքեր վերջին օրերին զոհեցին իրենց կյանքը` հանուն հայրենիքի: Իսկ դա Ռուսաստանի համար ավելացրեց Ադրբեջանին ավելի շատ զենք վաճառելու հնարավորությունները:
Որքան էլ տարօրինակ հնչի, իրականում Ռուսաստանին պետք է շնորհակալություն հայտնել վերջին օրերին իր ցուցաբերած աննախադեպ ազնվության համար, ու դրանով, հուսանք` հայ ռուսասերների գոնե մի մասի աչքերը բացելու համար: Բայց շնորհակալ լինելով՝ պետք է նաև հնարավորինս արագ օրակարգ բերել հայ-ռուսական հարաբերությունների վերանայման, Հայաստանում ռուսական ռազմաբազաների տեղակայման, Հայաստանի` ՀԱՊԿ-ին ու ԵՏՄ-ին անդամակցության նպատակահարմարության հարցերը:
Ռուսաստանը, ինչպես Ռոգոզինն է ասել, կատարելով Ադրբեջանի հետ «ռազմավարական գործընկերության» իր պարտավորությունները, չի կատարում Հայաստանի հանդեպ ունեցած պարտավորությունները, որոնք բխում են հայ-ռուսական բարեկամության պայմանագրից, ինչպես նաև՝ վերը նշված կառույցներին Հայաստանի անդամակցության ակտերից:
Ու խնդիրը պետք է դիտարկել և ներկայացնել ոչ թե՝ էմոցիոնալ «հայ-ռուսական դարավոր բարեկամության, ռուսի` ավագ եղբայր լինելու», այլ բացառապես՝ պետական, քաղաքական հարթությունում: Վերջին` քաղաքական հարթությունում այդ ուղղությամբ որոշակի քայլեր արվել են` գուցե ոչ այնպիսի ձևակերպումներով, ինչպես կցանկանային նաև էմոցիոնալ հարթությունում Ռուսաստանին մեղադրողները, այդուհանդերձ արվել են:
Բայց այդ քայլերը պետք է ունենան շարունակություն և ստանան քաղաքական ձևակերպումներ: Այլապես դրանք դառնալու են Հայաստանի ինքնիշխանության ստորացմանն ու նվաստացմանը ծառայող հերթական գործիքները ռուսական քաղաքական ու քարոզչական շրջանակների ձեռքում: Իրականում բավական բարդ ու վտանգավոր խնդիրը, միևնույն ժամանակ, շատ պարզ է. Ռուսաստանը չի կատարում իր դաշնակցային պարտավորությունները, Հայաստանը ևս պետք է հետևի դրան ու Ռուսաստանի հետ հարաբերությունները տեղափոխի միանգամայն այլ հարթություն:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: