«Այսօր ակնհայտ է դառնում, որ Ղարաբաղում նոր պատերազմ ծավալելու՝ Ադրբեջանի փորձերը ձախողվեցին: Քչերը ուշադրություն կդարձնեն, որ Հայաստանի և Ադրբեջանի բնակչության հարաբերակցությունը գրեթե նման է Ռուսաստանի և Ուկրաինայի բնակչության հարաբերակցությանը. Ադրբեջանի բնակչությունը 3 անգամ մեծ է Հայաստանի բնակչությունից: Ինչպես և Ռուսաստանը, Ադրբեջանը հարուստ է նավթով, իսկ Հայաստանում այդ օգտակար հանածոներից գրեթե չկա»,-գրում է էստոնացի բլոգերը:
Եվ շնորհիվ դրա, գրում է բլոգերը, Ադրբեջանի ՀՆԱ-ն 7 անգամ մեծ է Հայաստանի ՀՆԱ-ից, իսկ Ադրբեջանի ոսկու պահուստները ավելի քան 25 անգամ մեծ են հայկականից:
Համենայնդեպս, Հայաստանի կառավարությունում (ի տարբերություն Ուկրաինայի) ոչ մեկի մտքով չի անցնում, որ հակառակորդից պետք է վախենալ և համաձայնության գալ նրա հետ տարածքային զիջումների հասնելու համար: Բացի այդ, Հայաստանը վերահսկում է ոչ միայն Լեռնային Ղարաբաղը, այլև բուֆերային գոտին, որի վրա գտնվում են պաշտպանական բարձունքները՝ Ադրբեջանի տարածքի մոտ 20%-ը:
Ինչպես և Ուկրաինայում, խնդիրը փորձում են լուծել ԵԱՀԿ Մինսկի խմբի օգնությամբ: Տարբերությունն այն է, որ Մինսկի խմբի «անգործությունը» ձեռնտու է Հայաստանին:
«Ադրբեջանցիները սիրում են ասել, որ Հայաստանի բոլոր հաղթանակները կապված են Ռուսաստանի աջակցության հետ: Սակայն դա, մեղմ ասած, խորամանկություն է: Առաջին հերթին, Մոսկվան միշտ հակասական խաղ է խաղացել տարածաշրջանում և եղել է կոնֆլիկտների խթանիչը: Միայն միամիտ մարդը կարող է մտածել, որ Ռուսաստանը Հայաստանի հուսալի բարեկամն է: Իրականում Կրեմլը սրացնում է իրավիճակը՝ զենք վաճառելով երկու կողմերին: Եվ միշտ էլ ակնհայտ է եղել, թե ում դեմ է զինվում Ադրբեջանը: Ընդ որում, Ադրբեջանում ռուսական զենքը նորագույն է: Երկրորդ հերթին, ադրբեջանցիները «համեստորեն» լռում են այն մասին, որ իրենց մշտապես աջակցում է Թուրքիան»,-հավելում է բլոգերը: