«Ալիևը հարձակման հրամանը տվել է կա՛մ Վաշինգտոնում, կա՛մ Բաքու վերադառնալու ճանապարհին»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Այս գրոհը հատկանշական էր նրանով, որ ի տարբերություն նախորդ սրացումների ՝ այն տարածքը գրավելու և վերահսկողության տակ վերցնելու նոր ռազմավարություն ուներ: Սա կարևոր շրջադարձ էր ռազմավարության և նպատակային կոնտեքստում: Այն կարելի է դիտարկել որպես լավ համակարգված գրոհ, որը գերազանցեց բոլոր նախորդ հարձակումներին և՛ իր լարվածությամբ, և՛ լայնամասշտաբ գործողություններով: Այն 1994 թվականի մայիսին կնքված հրադադարից հետո ամենալուրջ հարձակումն էր»,- մեզ հետ զրույցում նման դիտարկում կատարեց քաղաքական վերլուծաբան Ռիչարդ Գիրագոսյանը՝ հավելելով, որ վերջին իրադարձությունները ժամանակային կոնտեքստում կարևոր դաս էին՝ հասկանալու, որ խելամիտ ակնկալիքները եւ որոշումները միշտ չէ, որ գործում են Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի հարցում:

«Սա լավագույնս արտահայտվեց ոչ միայն անսպասելի ռազմական գործողությունների պոռթկումով, այլև ընտրված ժամանակահատվածով, երբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները ռազմական գործողություններից ժամեր առաջ Վաշինգտոնում էին՝ Միջուկային անվտանգության գագաթնաժողովին, ինչը լավ հնարավորություն էր երկու նախագահների համար ուժեղացնելու իրենց երկրների ռազմավարական կարևորությունը: Այն Հայաստանի նախագահի համար կարևոր էր Արևմուտքի հետ ավելի ամուր հարաբերություններ հաստատելու տեսանկյունից: Իսկ Ալիևի համար, ինչպես նաև ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների` Բայդենի, Քերիի հանդիպումը լավ հնարավորություն էր Արևմուտքում իր վարկաբեկված պատկերը մի փոքր բարելավելու համար: Սակայն սա սխալ եզրակացություն էր այն պահից ի վեր, երբ Ալիևը հրաման տվեց սկսել ռազմական գործողությունները»:

Ըստ քաղաքական վերլուծաբանի եզրակացության՝ Ալիևը դեռ նախքան Վաշինգտոն մեկնելն էր նախապատրաստվել ռազմական գործողություններին. «Դատելով ընտրված ժամանակահատվածից՝ կարելի է ենթադրել, որ Ալիևը հրամանը տվել էր կա՛մ Վաշինգտոնում, կա՛մ Բաքու վերադառնալու ճանապարհին»: Ռիչարդ Գրիգորյանի գնահատմամբ` վերջին դեպքերը հանգեցնում են երկու եզրակացության. «Այն հնարավորություն է տալիս Ռուսաստանին վերահաստատել և ամրապնդել այն գաղափարը, որ Ռուսաստանը այս կոնֆլիկտում ունի ամենաէական ներգրավվածությունը: Եվ տալով համաձայնություն գոյություն ունեցող հրադադարի խախտմանը, ըստ էության, ղարաբաղյան կոնֆլիկտը Մոսկվայի համար դառնում է ավելի հզոր գործիք՝ ամրապնդելու իր ազդեցությունը և ուժը այս դեպքում, միգուցե, ռուս խաղաղապահների օգնությամբ»:

Ռիչարդ Գիրագոսյանի կարծիքով՝ Արևմուտքի՝ Ադրբեջանի վրա քիչ ազդեցություն ունենալու, ինչպես նաև բանակցությունների սեղանին վերադառնալու քաղաքական կամքի բացակայության պարագայում Բաքուն միանշանակ տեսնում է Ռուսաստանը որպես ելք դեպի ցանկացած փոփոխություն: «Եթե դիտարկենք Ռուսաստանը որպես Ադրբեջանին զենք տրամադրող թիվ մեկ երկիր, միգուցե այդպես մտածելու հիմքեր լինեն: Այս պարագայում Ռուսաստանի միակ դիրքորոշումն է՝ օգտագործել այս կոնֆլիկտը տարածաշրջանում իր ուժն ու ազդեցությունը ավելի խորացնելու համար»:

Անդրադառնալով այս օրերին միջազգային հանրության դերակատարությանը՝ քաղաքական վերլուծաբանը նշեց. «Ընդհանուր առմամբ, միջազգային հանրությունը շատ քիչ բան կարող է անել բացի գործողությունները դադարեցնելու հորդորներից և զգուշացումներից: Այս պարագայում անհրաժեշտ է ավելի պատժիչ, նման վերաբերմունքի նկատմամբ ավելի պակաս հանդուրժող, ագրեսորին հստակ մատնանշող մոտեցում: Պայքարի ավարտին առաջանում է ոչ թե արտաքին ուժերի միջամտության հարց, այլ միջազգային ավելի լայնամասշտաբ ներգրավվածության: Ակնհայտ է, որ Ղարաբաղի կոնֆլիկտին չկա ռազմական լուծում, սակայն Ադրբեջանը, թվում է, չի ցանկանում ընդունել իրականությունը: Ադրբեջանի հիասթափությունը և բարկությունը հասան գագաթնակետին, երբ Ալիևը որոշեց՝ ժամանակն է իրավիճակում ինչ-որ փոփոխություն մտցնելու համար գործադրել ուժ: Չնայած իր հիասթափությունը արդարացված է. ուժի կիրառումը և՛ մահացու է, և՛ ապապակայունացնող»:

Սյուզի Մուրադյան




Լրահոս