ՀՀ ԱԳ փոխնախարարը Ժնևում բարձրաձայնել է Թալիշում կատարված բարբարոսությունների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանն ապրիլի 8-ին մասնակցել է ՄԱԿ-ի եւ Շվեյցարիայի համատեղ կազմակերպած Բռնի ծայրահեղականության դեմ պայքարին նվիրված համաժողովին եւ այնտեղ բարձրաձայնել է Թալիշում կատարված բարբարոսությունների մասին:

ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ փոխնախարար Հովակիմյանն իր ելույթի սկզբում նշել է, որ, նախքան ահաբեկչության եւ մարդու իրավունքների կոպիտ խախտումների հանգեցնող բռնի ծայրահեղականությանն անդրադառնալը, անհրաժեշտ է հասկանալ այդ երեւույթի էությունը: Հրամայական է դառնում միջազգային հանրության համախմբումը՝ ընդհանուր ռազմավարություն մշակելու նպատակով: Նշվել է, որ թեեւ ակնհայտ է, որ պետք է խուսափել բռնի ծայրահեղականությունը եւ ահաբեկչությունը որեւէ կրոնի կամ էթնիկ խմբի հետ նույնացնելուց, միեւնույն ժամանակ, նույնքան ակնհայտ է, որ բռնի ծայրահեղականության ժամանակակից դրսեւորումների, մասնավորապես, «Իսլամական պետության» եւ «Ալ Նուսրայի» կողմից իրականացվող ցեղասպանության հանգեցնող զանգվածային ոճրագործությունների հիմնական թիրախը կրոնական կամ էթնիկ համայնքներն են:

Ըստ ՀՀ փոխարտգործնախարարի՝ ցեղասպան գործողություններ իրականացնող ահաբեկչական խմբավորումներին որեւէ պետության կողմից տրամադրվող ցանկացած աջակցություն պետք է որակվի որպես հանցակցություն: Բռնի ծայրահեղականությանը հակազդելիս, մարդու իրավունքների համատեքստում, առանցքային նշանակություն ունի զոհերի իրավունքների պաշտպանությունը: Այս առումով պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնել ատելության հողի վրա հանցանքների կանխարգելմանը, քանի որ վերջիններս անմիջական կապ են ստեղծում բռնի ծայրահեղականության ու ահաբեկչության միջեւ եւ հանգեցնում ցեղասպանության, պատերազմական հանցագործությունների ու մարդկության դեմ ոճիրների:

Աշոտ Հովակիմյանն ընդգծել է, որ չլուծված հակամարտությունները կարող են պարարտ հող ստեղծել բռնի ծայրահեղականության համար, առավել եւս, երբ պետական իշխանությունները օգտագործում են հակամարտությունները մարդու իրավունքները սահմանափակելու եւ հակամարտության կողմերի դեմ հասարակության բոլոր մակարդակներում թշնամություն քարոզելու համար: Այս կապը, սակայն, չի գործում միայն մեկ ուղղությամբ, քանզի բռնի ծայրահեղականությունն իր հերթին կարող է բացասական ազդեցությունն ունենալ հակամարտությունների կարգավորման վրա, առավել եւս, երբ հանցագործների հերոսականացումն օգտագործվում է իբրեւ հասարակությանը մոբիլիզացնող ուժ:

Ելույթում անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից շարունակաբար կիրառվող բռնի ծայրահեղականության դրսեւորումներին, ինչի ցայտուն օրինակն էր մարդասպան Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելը եւ հերոսացնելը: Ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից սանձազերծած ռազմական գործողությունների համատեքստում ԱԳ փոխնախարարը առանձնահատուկ կարեւորել է Թալիշ գյուղում «Իսլամական պետության» ոճով խաղաղ բնակիչների նկատմամբ կիրառված բարբարոսությունների միջազգային դատապարտումը՝ որպես մարդու իրավունքների եւ միջազգային հումանիտար իրավունքի ոտնահարման աղաղակող դեպքերի:

Նշենք, որ համաժողովի բարձր մակարդակի հատվածը համանախագահում էին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը եւ Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար Դիդիե Բուրկհալտերը:

Համաժողովին մասնակցում էին մի քանի տասնյակ երկրների արտաքին գործերի նախարարներ եւ փոխնախարարներ, ինչպես նաեւ բռնի ծայրահեղականության եւ ահաբեկչության դեմ պայքարում ներգրավված միջազգային կառույցների համապատասխան պաշտոնյաներ:




Լրահոս