ՄԵՐ ԵՐԿԻՐՆ ԱՅՆՔԱՆ ԹԱՆԿ Է, ՈՐ…

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հյուրանոցային ծառայությունների ու սպասարկման ոլորտի ցնցող գները հայ եւ օտարերկրյա զբոսաշրջիկին ստիպում են հանգիստը կազմակերպել այլ երկրներում:  Ռուսական www. regnum.ru կայքի հաղորդմամբ՝ հայերը գերադասում են հանգստանալ Վրաստանում, Թուրքիայում, Եգիպտոսում, Դուբայում եւ Կիպրոսում: Հայաստանում տուրիզմը «հասու չէ» անգամ օլիգարխներին ու պատգամավորներին, որոնք նախընտրում են իրենց հանգիստը կազմակերպել Եվրոպայում եւ Արեւելքում: Իսկ շարքային քաղաքացիների հանգստի հնարավորությունների մասին խոսում են նրանց հոգնած եւ տրտունջ դեմքերը:

ՀԱՐՑ. Կառավարությունը հաճախ խոսում է մեր երկրում տուրիզմի զարգացման հեռանկարների, ներդրումների, ոլորտի մատչելիության մասին, սակայն, ինչպես նկատում ենք, այն մնում է անհրապույր եւ անկատար: Ի՞նչ եք կարծում, տուրիզմի զարգացման ուղղությամբ կառավարությունն ունի՞ միասնական պետական քաղաքականություն, թե՞ դրանք լոկ խոսքեր են:

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայաստանում տուրիզմը գտնվում է չափազանց ցածր մակարդակի վրա: Դրա մասին է վկայում տարեցտարի նվազող զբոսաշրջիկների այցը Հայաստան: Սրան զուգահեռ ՀՀ-ից դուրս հանգստի է մեկնում հայերի մեծ մասը: Սա շատ տարողունակ թեմա է, սակայն ես կնշեմ մի քանի հանգամանքներ, որոնք խոչընդոտում են ՀՀ-ում տուրիզմի զարգացումը: Առաջին ամենակարեւոր խնդիրը տուրիզմի մասին գիտելիքների, հմտությունների պակասն է, ապա` օրենքների բացակայությունը: Այնուհետեւ առաջ են գալիս պետության նկատմամբ վստահության պակասը, զբոսաշրջության արտոնությունների անկիրառելիությունը: Հայաստանում չկան տուրիզմի ուղղվածություններ, զբոսաշրջիկի նախասիրությունները մղված են հետին պլան, ինչն իր հերթին բերում է տուրիզմի անկման: Գովելի չէ, որ մեր երկրում ոլորտը գտնվում է մասնավոր սեկտորի ձեռքում, քանի որ այն բերում է գների  կամայական  աճ: Կառավարությունը տուրիզմի զարգացման առումով շատ անելիքներ ունի, եւ մինչ չփոխվի նրա մակերեսային, հպանցիկ վերաբերմունքը, զբոսաշրջությունը ՀՀ-ում մնալու է ցածր, սիրողական մակարդակի վրա:

ԷԴՈՒԱՐԴ ԱՍԱՏՐՅԱՆ
տուրիզմի փորձագետ

ՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ կառավարությունը, տուրիզմի զարգացման հետ կապված, ոչ մի ծրագիր էլ չունի: Ես հաճախ եմ հանգստանում Քոբուլեթիում: Գնային քաղաքականության առումով Վրաստանի հետ համեմատության մեջ Հայաստանում հանգստանալը թանկ է նստում, սակայն սպասարկման եւ ծառայությունների առումով մեր մասնավոր հանգստավայրերում ավելի բարձր որակ է: Հայաստանը տուրիստական երկիր է, կան բոլոր նախադրյալները ոլորտի զարգացման համար, սակայն կառավարությունը լիարժեք վերաբերմունք չի ցուցաբերում, ինչի պատճառով այն կաղում է:

ԶՈՐԻԿ ԳԱԼՍՏՅԱՆ
ծրագրավորող

ՊԱՏԱՍԽԱՆ. Ես համամիտ չեմ այն կարծիքին, որ ՀՀ-ում տուրիզմը թանկ հաճույք է: Եղել եմ եվրոպական եւ արտասահմանյան շատ հանգստավայրերում եւ վստահաբար ասում եմ, որ մեր երկրում կարելի է շատ բարձր մակարդակով եւ շատ լավ հանգստանալ: Գների առումով գուցե մի քիչ ավելի ծախսատար է, սակայն այստեղ ծառայությունների որակը չի զիջում եվրոպականին, եւ հենց այս համեմատության մեջ էլ զբոսաշրջությունը մեր երկրում դառնում է արդյունավետ:

ՆԱՆԱ ՎԱՐԴԱՆՅԱՆ
տուրիստական գործակալության պետ
Պատրաստեց ՍՈՒՍԱՆՆԱ
ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ




Լրահոս