“Ժողովուրդ”-ի հետ զրույցում ջազմեն, երաժիշտ ՎԱԶԳԵՆ ԱՍԱՏՐՅԱՆԸ խոստովանեց, որ ուրախանում է այսօրվա երիտասարդների` վերջին շրջանում ցուցաբերած ակտիվության ու համարձակության համար. “Ուրախ եմ, որ երիտասարդությունը նման կերպ է իրեն դրսեւորում, այսպես ասած` տեղից իրար եկան ու հասան իրենց նպատակին: Բրավո”:
-Հետեւո՞ւմ էիք, թե ինչ էր կատարվում փողոցներում, կանգառներում:
-Հետեւել եմ, իմ շատ ընկերներ էլ մասնակցում են:
-Իսկ Դուք ինչո՞ւ չէիք մասնակցում:
-Ես մի քիչ վատառողջ էի: Եթե լավ լինեի, անշուշտ ընկերներիս հետ դուրս կգայի ու նրանց կողքին կլինեի: Դժբախտաբար, այդ հնարավորությունը չունեի:
-Պատրա՞ստ էիք սեփական մեքենայով բոլորովին անվճար տեղափոխել մարդկանց:
-Անշուշտ, բայց ցավով պետք է նշեմ, որ սեփական մեքենա էլ չունեմ:
-Իսկ այդ “շարժումից” հետո փոփոխություն նկատո՞ւմ եք քաղաքի մթնոլորտում:
-Երիտասարդությունն ավելի վստահ եղավ իր ուժերին, հիմա նրանք գիտեն, որ ինչ-որ բան կարող են անել: Կառավարության կողմից էլ ճիշտ էր ընդառաջելը: Պատկերացնո՞ւմ եք, եթե սեպտեմբերին լիներ այդ թանկացումը, ինչ կլիներ:
-Կմտաբերե՞ք, Ձեր երիտասարդության տարիներին նման ըմբոստության ալիք եղե՞լ է, թե՞ Դուք ավելի հանդարտ ու հանգիստ երիտասարդություն եք ունեցել:
-Մեր ժամանակ Խորհրդային միություն էր, բոլոր գումարները ֆիքսված էին, թանկացումն էլ հազվագյուտ երեւույթ էր: Միջին խավ կար, ժողովրդի մեծ մասը նորմալ էր ապրում: Շատ աղքատ խավ չկար, ոնց որ հիմա է: Մարդիկ աշխատանք ունեին, նորմալ աշխատավարձ էին ստանում, կային շատ ընտանիքներ, որ տարին մեկ անգամ կարող էին իրենց թույլ տալ անգամ հանգստի գնալ: Սոված ընտանիքներ չկային: Սովետական միությունն իր լավն էլ ուներ, վատն էլ: Լավ կողմն այն էր, որ կարգին ուսում էին տալիս, մարդիկ ավելի պարտաճանաչ էին, սեր կար երկրի ու աշխատանքի հանդեպ, ամեն ինչ ավելի մաքուր էր: Ամեն ինչ չէր վերածվում փողի, ոնց որ այսօր: Հիմա նույնիսկ ընկերությունը, ծանոթությունը, բարեւ ես տալիս, պետք է փող տաս:
-Ինչպես ասում են` ոչ թեթեւ կյանքից է:
-Ճիշտ եք, ժողովրդի ձեռքը փող չկա, ու այդ 50 դրամը, որի համար պայքարում էին, լուրջ գումար էր, հաստատ կազդեր որոշ ընտանիքների վրա, որ չունեին այդ հնարավորությունը:
-Շատ ընտանիքներ հենց հուսահատությունից էլ լքում են երկիրը:
-Բա ինչքա՞ն կարելի է նման ձեւով ապրել:
-Լավ երաժիշտը միշտ էլ պահանջարկ ունի դրսում, Ձեզ մոտ գնալու ցանկություն չկա՞:
-Գիտեք, մեկ-մեկ նման մտքեր գալիս են, քանի որ շատ ընկերներ ունեմ դրսում: Շատ եմ ուզում գնալ, բայց չգիտեմ՝ գնամ, թե ոչ:
-Իսկ ի՞նչն է պահում Հայաստանում:
-Երկիրը, Երեւան քաղաքը, իմ ընկերները… Եթե լավ աշխատանքի հրավեր լինի, գուցե ժամանակավոր գնամ, վերջին շրջանում անընդհատ դա եմ մտածում: Լավ չէ, երբ սկսում ես հուսահատվել:
-Որպես քաղաքացի՝ ի՞նչն է այսօր Ձեզ ամենից շատ ցավ պատճառում:
–Բռիությունը, տգիտությունը, անգրագիտությունը…
–Դրանք այդքան տարածված երեւույթնե՞ր են:
-Այո՛, դժբախտաբար: Մեծերին չհարգելն էլ կա: Անկեղծ մարդկային հարաբերություններ եմ ուզում տեսնել, դա շատ-շատ է պակասում այս քաղաքում, էլեմենտար հարգանք չկա միմյանց նկատմամբ, սառնություն կա:
-Բա ասում են՝ հայերը ջերմ են, հասնող են:
–Ասում են:
–Պարո՛ն Ասատրյան, լսել եմ՝ այլեւս ,Յանսե ակումբում չեք աշխատում, ինչո՞ւ:
–Արդեն երկու ամիս է՝ չեմ աշխատում: Կան պատճառներ, չէի ուզում, որ աշխատանքս խանգարեր իմ ընկերությանը: Ոչ մի կոնֆլիկտ չի եղել, պարզապես ինքս որոշեցի դուրս գալ:
-Հիմա որտե՞ղ եք աշխատում:
-Առայժմ ոչ մի տեղ չեմ աշխատում:
-Իսկ հնարավո՞ր է առանց աշխատանքի ապրել:
-Շատ դժվար է:
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ
“Ժողովուրդ” օրաթերթի 592 համար