ՀՀ Գեղարքունիքի մարզի Դրախտիկ գյուղի 150 աշակերտ ունեցող դպրոցը մոտ 2 տարի է, ինչ տնօրեն չունի: Հավաստագիր ունեցող, մրցույթին ներկայացող հավակնորդներից որեւէ մեկն անցյալ եւ այս տարի չի անցել: Հաջորդ մրցույթը տեղի կունենա մայիսի 25-ին:
Հանրակրթական դպրոցի կառավարման խորհուրդը երկու տարի է արդեն՝ առանց որեւէ հիմնավորման տնօրեն չի ընտրում: Այս պահի դրությամբ դպրոցն ունի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար՝ Նազիկ Բաբաքյոխյանը: Ըստ որոշ տեղեկությունների՝ վերջինս առաջիկայում կմասնակցի հավաստագրման քննության:
Ի դեպ, այս խնդրի շուրջ բազմաթիվ անգամ բարձրաձայնել է նաեւ «Բարեւ Երեւան» ավագանու անդամ, կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը: Նա այս մասին օրեր առաջ նույնիսկ հայտարարություն էր տարածել, որում ասված էր. «Գեղարքունիքի մարզի Դրախտիկ գյուղի դպրոցի` տնօրեն չունենալու մասին ահազանգել եմ մի քանի անգամ, որովհետեւ երկար ժամանակ է՝ դպրոցն անտնօրեն է: Հարց կտաք՝ ինչո՞ւ: Պատասխանում եմ, որովհետեւ, ամենայն հավանականությամբ, գյուղապետը, մարզպետը, մարզի աշխատակազմի կրթության վարչության պետը համաձայնության չեն գալիս տնօրենի թեկնածուի հարցում: Առաջին թեկնածուն այդ գյուղում միակ հավաստագիր ունեցող ուսուցիչն էր, ով անցյալ տարի այդպես էլ չընտրվեց, հետո մեկ այլ թեկնածուի ուղարկեցին հավաստագրման քննության, որը մի քանի անգամ չհաջողելուց հետո, վերջապես ստացավ հավաստագիր ու մասնակցեց դպրոցի կառավարման խորհրդի հայտարարած մրցույթին, որը տեղի է ունեցել մարտի 29-ին ու լինելով միակ թեկնածուն՝ չի ընտրվել, որովհետեւ գյուղապետը, ասացեք խնդրեմ, «հավան» չի նրան»:
«Ժողովուրդ»-ը դպրոցի նախկին տնօրեն Կարինե Դանիելյանից տեղեկացավ, որ իր հավաստագիրը մինչեւ 2016 թվականի հոկտեմբերը ուժի մեջ է, սակայն տարիքի պատճառով նա չի կարող տնօրեն աշխատել. «Ես թոշակառու եմ, տարիքս լրացել է, դրա համար էլ դուրս եմ եկել, բայց հիմա դպրոցում որպես ուսուցիչ եմ աշխատում»:
Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց Դրախտիկի գյուղապետի տեղակալ Արա Երիցյանի հետ, ով անդրադառնալով խնդրին՝ ասաց. «Մրցույթ է հայտարարված դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար: Անցած եւ այս տարի նույնպես մրցույթ է անցկացվել, երկու թեկնածուներ են եղել, բայց, ցավոք, նրանցից եւ ոչ ոք չանցավ: Մրցույթի հանձնաժողով կա, որի կառավարման խորհուրդի անդամները դեմ են քվեարկել: Ճիշտ է՝ եղել են անդամներ, ովքեր անվավեր կամ կողմ են քվեարկել, բայց հիմնական արդյունքը դեմ էր»:
Իսկ դպրոցի տնօրենի թեկնածուներին գյուղապետի «հավան» լինելու կամ չլինելու հետ կապված էլ մեր զրուցակիցը շտապեց հայտարարել, որ գյուղապետը ընդհանրապես չի խառնվում այս հարցին: «Ի վերջո, որեւէ մեկը պետք է դպրոցի զարգացման վերաբերյալ ծրագիր ներկայացնի: Կոնկրետ ես հանձնաժողովի կառավարման խորհրդի անդամ եմ, բայց արդեն հոգնել եմ այս իրավիճակից: Անընդհատ ձգձգվում է: Մեկի չանցնելը այլ պատճառ ունի, մյուսինն՝ այլ: Պատճառները տարբեր են: Վերջին թեկնածուն առաջին անգամ էր հայտ ներկայացրել, իսկ նախկինը՝ մի քանի: Բայց նրանցից եւ ոչ ոք չանցավ»,- նկատեց Երիցյանը:
Գյուղապետի տեղակալից տեղեկացանք, որ դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար նախատեսված նոր մրցույթը տեղի կունենա մայիսի 25-ին: Արա Երիցյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հույս հայտնեց, որ սա վերջինը կլինի, եւ Դրախտիկի 150 աշակերտ ունեցող դպրոցը, ի վերջո, կունենա երկար սպասված տնօրեն:
«Ժողովուրդ»-ը գյուղապետարանի աշխատակցից հետաքրքրվեց՝ դպրոցի տնօրենի համար թվով որերո՞րդ մրցույթն է անցկացվելու: Այս հարցին պատասխանելու համար Երիցյանը երկար մտածեց, ապա ասաց. «Եթե չեմ սխալվում՝ հինգերորդն է անցկացվելու»:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ԼՂՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Ս.թ. ապրիլի 2-ի լուսադեմին ղարաբաղա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսելով` Ադրբեջանը կոպտորեն խախտել է 1994թ. մայիսին ստորագրված զինադադարի մասին եռակողմ պայմանագիրը: Նախորդ տարիներին պաշտոնական Բաքվի կողմից հրադադարի ռեժիմի պարբերաբար խախտումների հանդեպ միջազգային կառույցների անհամարժեք վերաբերմունքը հանգեցրել է ադրբեջանական կողմի աննախադեպ հարձակողական գործողությունների ծավալմանը, որի ընթացքում կիրառվել են բազմաթիվ արգելված զինատեսակներ, հրետակոծվել ու հրթիռակոծվել են սահմանամերձ մի շարք գյուղեր ու քաղաքներ, գրանցվել վայրագ սպանությունների եւ հակամարդկային բռնարարքների դեպքեր:
Մենք՝ ԼՂՀ Ազգային ժողովի բոլոր խմբակցությունների պատգամավորներս, որպես ժողովրդի ընտրյալ ներկայացուցիչներ, դատապարտելով Ադրբեջանի սանձազերծած նոր ագրեսիան Արցախի խաղաղ բնակչության դեմ՝
-վերահաստատում ենք, որ կողմնակից լինելով ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը՝ Արցախի Հանրապետության համար գերագույն խնդիրը եղել եւ մնում է իր ժողովրդի անվտանգության ապահովումը, որը վտանգված էր վերջին օրերի ադրբեջանական ահաբեկչության հետեւանքով,
– գտնում ենք, որ ձեռնարկելով ռազմական գործողությունների նոր փուլ Արցախի ժողովրդի հանդեպ՝ Ադրբեջանը եւ նրան հովանավորողները փորձում են Հարավային Կովկասը դարձնել միջազգային ահաբեկչության նոր օջախ, որը լուրջ սպառնալիք է տարածաշրջանի անվտանգային համակարգին,
-բարձր ենք գնահատում երկրի ու ժողովրդի անվտանգության ապահովման համար ԼՂՀ պաշտպանության բանակի վստահ ու վճռական գործողությունները,
-կոչ ենք անում միջազգային կառույցներին եւ առաջին հերթին ղարաբաղյան հակամարտության կարգավորման միակ ճանաչված մանդատ ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը, հստակ իրավական ու քաղաքական գնահատական տալ վերջին օրերին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանդեպ իրականացված ահաբեկչական գործողություններին եւ կոնկրետ քայլեր ձեռնարկել Ադրբեջանի ագրեսիան զսպելու ուղղությամբ:
Ստեղծված իրավիճակի հանգուցալուծման ամենակարճ ու միակ ողջամիտ ճանապարհը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավական ճանաչումն է, որը թույլ կտա լիարժեք ու միջազգայնորեն ընդունված երաշխիքներով ապահովել նրա ժողովրդի անվտանգությունն ու տարածաշրջանի կայունությունը:
ԲՐՅՈՒՍՈՎՑԻՆԵՐԸ ՆՈՒՅՆՊԵՍ ԱՋԱԿՑՈՒՄ ԵՆ
Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին ադրբեջանական կողմից սահմանային լարվածության սրմանը զուգընթաց շատ կազմակերպություններ, անհատներ սկսեցին օգնություն ուղարկել Արցախ: Այս ամենին անմասն չի մնացել նաեւ Երեւանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանը: Բրյուսովցիները նույնպես օգնություն են ուղարկել Արցախ:
Հիշեցնենք, որ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը եւ առավոտյան Ադրբեջանը ղարաբաղա֊ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվել ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլեւ խաղաղ բնակավայրերը: