Պետության մեջ տեղի ունեցող կարեւոր իրադարձությունները գրեթե պատահական չեն լինում: Ուստի տեղին է վերհիշել վերջին ութ ամիսներին Հայաստանում տեղի ունեցած մի քանի կարեւոր իրադարձություններ, որոնք առնվազն գոնե բացահայտ իրար հետ կապ չունեն: Բայց ապրիլի 2-5-ը տեղի ունեցած ղարաբաղա-ադրբեջանական կարճատեւ պատերազմի ֆոնին բոլորովին այլ երանգներ են ստանում: Իհարկե, ի սկզբանե դավադրություն տեսությունը բացառելով, այնուամենայնիվ, շարադրենք փաստերը:
Անցած տարվա նոյեմբերի 25-ին, երբ հայտնի դարձավ, որ ՀՀ ԱԱԾ-ն «հանցավոր» խումբ է վնասազերծել, եւ որ այդ խմբի անդամների կողմից Նորք-Մարաշում վարձակալած տանը մեծ քանակությամբ զենք է հայտնաբերվել, հանրության շրջանում հավատ չներշնչեց: Ավելին՝ ԱԱԾ-ն այս խմբի վնասազերծման հետ կապված տեղեկություններ տրամադրելու հարցում առավել քան բարեհամբույր էր: Հատուկ տեսագրություն տարածեցին, լրագրողներին թույլատրեցին ազատ նկարահանել տունը, որում ապրել էին խմբի անդամները եւ այսպես շարունակ: Այս ամենը Հայաստանի հանրության շրջանում ընկալվեց որպես շոու, թատերական ներկայացում: Մարդիկ վաղուց համոզվել են, որ որեւէ մեկին կալանավորելու հարցում ՀՀ իշխանություններին երբեւէ հանրության կարծիքը չի հուզել: Ուստի այն փաստը, որ ԱԱԾ-ն փորձում էր հանրությանն ինչ-որ բան համոզել, արդեն իսկ կասկածելի էր: Բայց չի բացառվում, որ ԱԱԾ-ի տեղեկատվական հոսքի հասցեատերը ոչ թե հայ հանրությունն էր, այլ մի երրորդ, Հայաստանից դուրս գտնվող կողմ:
«Հանցավոր» խմբի պատմության մեջ մի ուշագրավ հանգամանք էլ կա. այս գործով անցնող բոլոր հրապարակային գործիչները մի ընդհանրություն ունեն. նրանք երդվյալ ռուսամետներ են: Այս փաստն ի սկզբանե տարակուսանք էր առաջացնում: Ի վերջո, տարիներ շարունակ համոզմունք էր ձեւավորվել, որ ՀՀ ԱԱԾ-ն ընդամենը ՌԴ ազգային անվտանգության մարզային մասնաճյուղն է: Հետեւաբար ինչպես կարող էր այդ կառույցը հետապնդել այն մարդկանց, որոնց համար Հայաստանի շահը սկսվում է այնտեղ, որտեղ այն չի խանգարում ռուսականին:
Մյուս կողմից այդպես էլ անհասկանալի մնաց, թե ինչպես է այդ «հանցավոր» խումբը վեց ամիս շարունակ պլանավորել Հայաստանում զինված հեղաշրջում իրականացնել: Ենթադրվում է, որ ԱԱԾ-ն պետք է խմբին վնասազերծեր առաջին զենքը ձեռք բերելուց հետո: Բայց, պարզվում է, խմբով իրավապահները զբաղվել են վնասազերծմանը նախորդած մեկուկես ամսում: Հնարավոր է, չէ՞, որ մինչ այդ ԱԱԾ-ի որոշ օղակներ խմբի վրա աչք փակած լինեին` թույլ տալով, որ այն անարգել գործի: Սակայն խմբի անդամներն այն աստիճան են «հաբռգել», որ դադարել են զգուշանալ, արդյունքում նրանց ծրագրերի մասին իմացել են մարդիկ, որոնք չպիտի իմանային:
Այս տեսանկյունից Գեորգի Կուտոյանին ՀՀ ԱԱԾ տնօրեն անակնկալ նշանակելու փաստն ուշագրավ է դառնում: Ի վերջո, այդպես էլ անհասկանալի մնաց, թե ինչու Սերժ Սարգսյանը որոշեց երկրի կարեւորագույն կառույցի` ազգային անվտանգության ծառայության ղեկավարի պաշտոնը վստահել մի երիտասարդի, որն այդ գերատեսչության հետ ոչ մի առնչություն չի ունեցել: Կուտոյանի մասին հայտնի է միայն, որ նա մեծացել է ծառայողների ընտանիքում, համեստ կենցաղ է վարում, եւ Սերժ Սարգսյանն անվերապահորեն նրան վստահում է: Համաձայնեք, որ նման պատասխանատու պաշտոն ստանձնելու համար վերը բերվածը բավարար չէ: Ավելին՝ նրա նշանակվելուց հետո լուրեր տարածվեցին, որ ԱԱԾ-ի ղեկավար կազմն ուզում է հեռանալ: Բայց ԱԱԾ-ի առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ այդ կառույցից հեռանալն այդքան էլ հեշտ չէ:
Ինչեւէ, «հանցավոր» խմբի պատմությանը վերադառնալով՝ նկատենք. առկա տվյալները հուշում են, որ այդ կառույցի անդամների առնվազն մեծամասնությունը համոզված է եղել, որ իրենք հանուն վեհ նպատակի` Հայաստանը «փրկելու» համար են եւ պատրաստ են եղել դրա համար զոհվել: Բացառված չէ, որ խմբի ղեկավարից սկսած մինչեւ ամենավերջին անդամը հենց նման համոզմունք են ունեցել, եւ երրորդ կողմի` օտարերկյա հատուկ ծառայությունների մշակած օպերացիայի մաս լինելը նրանց մտքով անգամ չի անցել: Բայց փաստ է, որ աշխարհում առնվազն 3-ից 4 երկրների հատուկ ծառայություններ ի վիճակի են, լիարժեք աննկատ մնալով, մշակել եւ իրականացնել հատուկ օպերացիաներ, որոնց արդյունքում կարող է այս կամ այն տարածաշրջանում իրավիճակը կտրուկ փոխվել:
Եթե «հանցավոր» խմբի ծրագիրը նույնիսկ մասնակի հաջողությամբ պսակվեր, այսինքն՝ հերթական «ռոմանտիկները» կարողանային գնդակահարել կամ առնվազն պատանդ վերցնել Հայաստանի ղեկավար կազմի մի մասին, ապա ներքաղաքական կյանքը քաոսի կվերածվեր: Ըստ ԱԱԾ-ի հրապարակած տվյալների՝ «հանցավոր» խումբը իր գործողությունները ծրագրած է եղել իրականացնել դեկտեմբերի առաջին կեսին, մասնավորապես վարկածներից մեկով Սերժ Սարգսյանի ինքնաթիռը պետք է պայթեցնեին Ալիեւի հետ հանդիպման մեկնելիս, այդ հանդիպումը տեղի ունեցավ դեկտեմբերի 15-ին: Ու երբ այդ իրավիճակը դիտարկում ենք չորսօրյա պատերազմի պրիզմայով, հասկանում ենք, որ մինչ հայ հանրությունն ուշքի կգար, թշնամին կհասներ Ստեփանակերտ եւ իրենց փափագած Սարսանգի ջրամբար, որին տիրանալու համար մոտ 2 հազար զոհ տվեց Ադրբեջանը ու տապալվեց:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
ՀԱՂԹԱՆԱԿԻ ԲԱՆԱՁԵՎԸ
Կյանքը ցույց է տալիս, որ երբ դիվանագիտությունը սկսում է առավել տեսանելի կաղալ, գործադրվում են թնդանոթները: Իհարկե, հուրախություն մեզ, նույնիսկ ժամանակակից զինատեսակների մեծաթիվությունը չի կարողանում հաղթել հայկական բանակին, բայց փաստ է, որ Հայաստանում այսօր նոր իրավիճակ է:
Մինչ այս մեզանում առկա պատրանքները, թե մենք ունենք դաշնակիցներ, պարզվում է` զուր էին: Ե՛ւ Ռուսաստանի Դաշնությունը, ե՛ւ ԱՄՆ-ն, ե՛ւ Գերմանիան ե՛ւ մյուս բոլոր երկրները առաջնորդվում են բացառապես իրենց քաղաքական շահերով: Եւ անհերքելի իրողություն է, որ Հայաստանում ու Արցախում միայն մեզ է անհրաժեշտ խաղաղություն: Ցավոք, խաղաղության հասնելու միակ ճանապարհն էլ պատերազմն է: Մեզ անհրաժեշտ է կոնկրետ տարածքներ նվաճել, որպեսզի պարտադրենք Ադրբեջանին մեր թելադրած պահանջներով զինադադար կնքել:
Նկատենք, որ դրա համար այսօր առկա են ավելի քան նպաստավոր պայմաններ: Նախ Ադրբեջանն իր գործողություններով պարզապես մեզ դրդում է ինքնապաշտպանվել եւ անվտանգության նոր գոտիներ կառուցել մեզ համար: Ինչը նշանակում է նոր տարածքների ազատագրում:
Բացի այդ, այսօր մեր երկրում առկա ոգեւորությունն ու դրական էներգետիկան չպետք է թողնել կորչի. պետք է ճիշտ ուղղորդել, որ հաղթանակի հասնենք:
Եւ ամենակարեւորը, հայկական բանակը բերված է մարտական բարձր պատրաստվածության վիճակի, որն ունակ է ջախջախիչ հաղթանակ տանել: Եւ պետք է սառնասրտորեն իրավիճակը վերլուծելով` առաջ գնալ, ընդ որում` կիրառելով արդեն ոչ միայն 80-ականների զենքերը: Պետք է գործի դնել նաեւ նոր գնված զինատեսակները` մաքսիմում արդյունքի հասնելու համար:
Ինչպես նշել էր տնտեսագետ Թաթուլ Մարգարյանը՝ թիրախավորելով Բաքու-Ջեյհան նավթամուղն ու ադրբեջանական նավթահորերը:
Հընթացս պետք է փոխել նաեւ մեր երկրում մինչեւ ապրիլի 1-ը գործող բարքերը, քանի որ ռազմական ճակատից բացի՝ մենք ունենք նաեւ երկրորդ թիրախը, որը մեր երկրի տնտեսությունն է: Պետք է առանց միմյանց խանգարելու, առանց կոռուպցիայի եւ զոռբայության, առանց թալանի համախմբված ոտքի հանենք նաեւ մեր երկրի տնտեսությունը: Անհրաժեշտ է մանր ու միջին գործարարները երկրում շնչելու հնարավորություն ունենան, որպեսզի արտադրեն, արտահանեն ու ֆինանսական աշխուժություն մտցնեն երկրում: Դրամաշնորհներն ու վարկերը չպետք է դառնան երկրի ֆինանսական հիմնական մուտքերը:
Վստահ կարելի է պնդել, որ միայն մեր հաղթանակից հետո այսօր լղոզված հայտարարություններ տարածող միջազգային հանրության ամենատարբեր խավի ներկայացուցիչները «կնկատեն» մեզ եւ կսկսեն խոսել արդեն խնդրողի դիրքերից, որ դադարեցնենք ռազմական առաջընթացը:
Այնպես որ, Սերժ Սարգսյանի առջեւ այսօր խնդիր է դրված ուղղելու նախկին երկու նախագահների գլխավոր սխալները` մեկ, որ այս, մեզ համար ոչ նպաստավոր պայմաններում հրադադար չկնքվի, ինչպես 1994-ին արեց Լեւոն Տեր-Պետրոսյանը, երկրորդ` բանակցային սեղանի շուրջ վերադառնա Արցախը:
Ինչքանով Ս. Սարգսյանը կցանկանա եւ կհամարձակվի իրագործել վերը նշված հրամայականները, կարճ առաջիկայում կերեւա: Բայց որ անգամ պատերազմի գնով երկարատեւ խաղաղություն ու Արցախի հիմնահարցի լուծում է պետք, աներկբա է: Այսպիսի համախմբում երկրի ներսում եւ դրսում պատմության մեջ դժվար է ասել, թե էլ երբ կլինի: Ուրեմն պետք է օգտագործել պատմական պահը:
ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
ԳԱՌՆԻԻ ԳՅՈՒՂԱՊԵՏԸ ՍՏՈ՞ՒՄ Է
Հանգստյան օրերին ՀՀ Կոտայքի մարզի Գառնի գյուղի բնակիչները բողոքի ակցիա են անցկացրել. նրանք փակել են Գառնի-Գեղարդ ճանապարհը՝ ՀՀ կառավարությունից պահանջելով դադարեցնել Ազատի կիրճում իրականացվող շինարարական աշխատանքներն ու ծառահատումները: Այս մասին ահազանգում են ոչ միայն գառնեցիները, այլեւ բնապահպանները:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը մտադիր է «Քաղցրաշենի ինքնահոս ոռոգան համակարգ» ծրագրով Ազատ գետի ջուրը խողովակներով տեղափոխել Արտաշատի վարչատարածքի Նարեկ եւ Քաղցրաշեն գյուղերը: Սակայն Գառնիի բնակիչները բոլոր հանրային լսումների ժամանակ մերժել են ծրագիրը: Եւ իրենց խոսքն առավել լսելի դարձնելու համար այս պահանջով արդեն մի քանի անգամ փակել են Գառնի գյուղ տանող ճանապարհը: Սակայն ապարդյուն: Հանգստյան օրերին մի շարք բնապահպաններ ահազանգեցին, որ Ազատի կիրճում շինարարական աշխատանքներ են իրականացվում:
Ըստ գառնեցիների՝ կիրճում շինարարական աշխատանքներն իրականացնում էր «Ֆոր Դիրեքշըն» ՍՊԸ-ն: Շինաշխատանքների արդյունքում այդ տարածքում հատվել են ծառեր, հատվածաբար մասնատել էին «Գալակտիկա» ՓԲԸ-ի տարածքի շարունակությամբ գառնեցիներին պատկանող հողերը ոռոգելու համար անցկացված ջրատար խողովակները:
Տեղեկացնենք, որ «Ֆոր Դիրեքշըն» ընկերությունը դեռեւս 2015 թվականին տեղի ունեցած մրցույթին մասնակցել է եւ շահել «Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգ» ծրագրի շինարարական աշխատանքներն իրականացնելու իրավունքը: Ըստ ընկերության՝ իրենք նույնիսկ ունեն «Ջրային տնտեսության ԾԻԳ» պետական հիմնարկի հետ կնքած պայմանագիր, Գառնիի գյուղապետի թույլտվությունը տարածքում աշխատանքներ կատարելու վերաբերյալ եւ տվյալ գործունեությամբ զբաղվելու արտոնագիր:
Խնդրի շուրջ զրուցելու համար «Ժողովուրդ»-ը կապ հաստատեց Գառնիի գյուղապետ Աշոտ Վարդանյանի հետ, ով անմիջապես հայտարարեց. «Այս պահին շինարարական աշխատանքներ Ազատի կիրճում չեն իրականացվում: Չի եղել նման բան: Ես անձամբ գնացել եմ, ձորերը ման եմ եկել, ոչ մի աշխատանք չկա»: Ստացվում է, որ Գառնիի գյուղապետը ստում է, քանի որ անգամ տեսանյութ կա, որտեղ պարզ երեւում են իրականացվող շինաշխատանքները:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ