Ինչո՞վ է զբաղված Բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս օրերին ակտիվ քննարկվում է հարցը, թե հայ պաշտոնյաներն ինչպե՞ս են կարողացել հարստանալ եւ ինչու են նրանք չհիմնավորված աղբյուրներից եկամուտ ստանում: 2012 թվականին Հայաստանում ձեւավորվեց մի կառույց, որը ենթադրյալ զբաղվելու էր այս խնդրի լուծմամբ: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը զբաղվում է բարձրաստիճան պաշտոնյաների գույքի, եկամուտների եւ փոխկապակցված անձանց հայտարարագրերի ռեեստրի վարման, դրանց վերլուծության, հրապարակման, ինչպես նաեւ, օրենքով սահմանված դեպքերում, բարձրաստիճան պաշտոնատար անձանց շահերի բախման եւ էթիկայի կանոնների խախտումների բացահայտման եւ դրանց վերացմանն ու կանխարգելմանն ուղղված առաջարկությունների ներկայացման հարցերով:

ArmLur.am-ը զրուցեց հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խուդավերդյանի հետ՝ պարզելու, թե ինչու վերջին 4 տարիների ընթացքում հայաստանյան իրականության մեջ խնդրի առնչությամբ ոչ մի փոփոխություն չի գրանցվել:

-Դեռեւս ամիսներ առաջ ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին կոչ էր արել ընդլայնել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի լիազորությունները: Սերժ Սարգսյանը ևս վերջերս այդ մասին խոսել է: Այս ուղղությամբ ի՞նչ քայլեր են արվում:

-Այդ քայլերի ուղղությունները պայմանավորված են կոռուպցիայի կանխարգելման գործիքների կիրառման անհրաժեշտությամբ: Մեր հանձնաժողովի գործունեությունը միտված է կոռուպցիայի կանխարգելման խնդրի լուծմանը, այլ ոչ թե կոռուպցիայի դեմ պայքարին: Նախ, ՀՀ վարչապետի որոշմամբ 2015թ. ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ` Հանձնաժողովի լիազորությունների, այդ թվում` վերոնշյալ ուղղություններով մի շարք հրատապ հարցերի լուծման համար:

Առաջնահերթ է բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից հայտարարագրերի չներկայացման, ուշ ներկայացման, ինչպես նաև սահմանված պահանջների խախտումով և հայտարարագրում կեղծ տվյալներ արտացոլելու համար «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը, էթիկայի միասնական նորմերի, վարքագծի կանոնների սահմանումը եւ դրանց տեղայնացումը հանրային ծառայության առանձին ոլորտներում, հանձնաժողովի տվյալների բազաները պետական մարմինների համապատասխան ռեգիստրներին առցանց հասանելիությունն ապահովելու խնդիրը:

Այս ուղղությամբ մշակվել է ԲՊԱ էթիկայի տիպային կանոնագրքի նախագիծ: Եվ ի վերջո հաջորդ քայլը պայմանավորված է բարձրաստիճան պաշտոնատար անձանց գույքի, եկամուտների և փոխակապակցված անձանց գործող հայտարարագրման համակարգը բարելավելու խնդրի հետ: Նախապատրաստվել են Հանձնաժողովի նոր կարգավիճակին համապատասխան աշխատակազմի կառուցվածքի, ըստ կառուցվածքային միավորների խնդիրների ու աշխատանքների ցանկի, հաստիքների թվաքանակի նախագծերը, աշխատանքային պայմանների համար պահանջվող տարածքի, գույքի և սարքավորումների, ինչպես նաև բնականոն գործունեության համար պահանջվող այլ միջոցների գնահատականը:

-Արդյո՞ք նման կոչերը նշանակում են, որ հանձնաժողովն իր աշխատանքները թերի է կատարում:

-Բնականաբար, այս շեշտադրումները պայմանավորված են համակարգի զարգացման միտումներով, ինչպես նաեւ այն խնդիրներով, որոնք անցած տարիների ընթացքում վեր են հանվել հանձնաժողովի գործունեության ընթացքում: Մասնավորապես, դրանք հիմնված են միջազգային այնպիսի հակակոռուպցիոն մասնագիտացված կառույցների գնահատման զեկույցների արդյունքների վրա, ինչպիսիք են, օրինակ, ԳՐԵԿՈ-ի 4-րդ փուլի, ՏՀԶԿ հակակոռուպցիոն ցանցի 2014-2015թթ. մոնիտորինգի, ՏՀԶԿ ՍԻԳՄԱ ծրագրի փորձագետների գնահատման զեկույցները: Կարծում եմ՝ եթե թերացում լիներ, ապա դրանք չէին պարունակի հանձնաժողովի լիազորությունների ընդլայնման կոչ:

-Սվիտալսկին նաեւ կոչ էր արել բացի զեկույցներ ներկայացնելուց անցկացնել նաեւ քննություն: Ի՞նչ կասեք այս առնչությամբ:

-Մեր նման կառույցները, որպես կանոն, օժտված չեն քննչական, հետաքննչական և օպերատիվ-հետախուզական գործողությունների կատարման իրավասությամբ: Նման գործառույթներով զբաղվում են իրավապահ մարմինները:

Եթե նա նկատի է ունեցել տարբեր հայտարարագրերում էթիկայի կամ շահերի բախման խախտումների հետեւանքով անհամապատասխան ռիսկերի դիտարկումը, ապա մենք պետք է իրավունք ունենանք կատարել դրանց արժանահավատության եւ հավաստիության ստուգման գործընթաց:

-Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի առաքելությունը երկրում գործող հանրային ինստիտուտների նկատմամբ հասարակության վստահության բարձրացումն է: Ինչքանո՞վ է այն Ձեզ հաջողվել, ի՞նչ արդյունավետությամբ եք աշխատել:

– Որպես գնահատման մեթոդ` կարող ենք օգտվել, օրինակ, միջազգային հակակոռուպցիոն մասնագիտացված կառույցների զեկույցներից՝ ԳՐԵԿՈ, ՏՀԶԿ Հակակոռուպցիան ցանց, որտեղ հանձնաժոովին վերապահված հանձնառությունների կատարման արդյունքները գնահատված են դրական եւ միաժամանակ ներկայացված են նոր առաջարկություններ՝ ուղղված հանձնաժողովի աշխատանքի արդյունավետության բարձրացմանը:

Որպես հանձնաժողովի գործունեության գնահատման մեթոդ` կարելի է կիրառել նաև ունեցած լիազորությունների եւ ռեսուրսների (աշխատակազմի բացակայություն) շրջանակում իրականացված աշխատանքների արդյունքները: Բնականաբար, չի կարելի ասել, թե փայլուն աշխատանք է իրականացվել, բայց վատ չենք աշխատել, եւ դեռ անելիքներ կան:

-Հետեւե՞լ եք` քանի պաշտոնյա է իր եկամուտները չհիմնավորված աղբյուրներից ներկայացրել:

-Աղբյուրների հավաստիության ստուգման տեսանկյունից անհրաժեշտ է ունենալ ռիսկային իրավիճակ, երբ պաշտոնյայի հայտարարագրված գույքային ձեռքբերումները գերազանցում են նրա եկամուտներն և դրամական միջոցների կամ խնայողությունների աճը:

Գործող համակարգը հնարավորություն չի տալիս տեսնել այս անհամապատասխան ռիսկերը, քանի որ հայտարարագրերը չեն պարունակում պաշտոնատար անձի ընտանիքի բոլոր անդամների դրամական միջոցները (օրինակ անչափահաս զավակների գույքն ու դրամական միջոցները կամ ստացված եկամուտները), կամ պաշտոնյայի հետ համատեղ ապրող ծնողները և չափահաս ու չամուսնացած զավակները դրամական միջոցներ ընդհանրապես չեն հայտարարագրում, իսկ գույքի ձեռքբերման ու օտարման գործարքները հայտարարագրվում են որոշակի արժեքային շեմերը գերազանցելու պայմաններում:

Օրինակ՝ անշարժ գույքի մասով վերջիններս ըստ օրենքի հայտարարագրում են միայն այն գործարքները, որոնց արժեքը գերազանցում է 50 մլն ՀՀ դրամը: Այս պայմաններում, եկամուտների հիմնավորվածության հավաստիության ստուգման գործընթացը դառնում է ոչ արդյունավետ: Այդ իսկ պատճառով, առաջնահերթ փոփոխությունների կարիք ունի գործող հայտարարագրման համակարգը: Եվ վերջապես, եթե, չհիմնավորված եկամտի ներքո պատկերացնում ենք «ապօրինի հարստացումը»-ը, ապա Հայաստանում այն դեռևս օրենսդրորեն սահմանված, քրեականացված չէ:

Զրուցեց Սյուզի Մուրադյանը




Լրահոս