ԳՆՈՒՄ ԵՔ ՄՈՍԿՎԱ, ՈՐ ԻՆՉ ԱՆԵՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչեւ երեկ բոլորը կարծում էին, որ ՀՀ իշխանություններն իրենց մեջ համարձակություն կունենան գեթ մեկ անգամ Հայաստանի պատիվը պահել եւ գլուխ չխոնարհել հյուսիսային դաշնակիցների առաջ: Բանն այն է, որ երբ Ղազախստանի առաջարկով Երեւանում նախատեսված ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստը Երեւանից Մոսկվա տեղափոխվեց, գրեթե վստահություն կար, որ ՀՀ իշխանություններն առնվազն ձեռնպահ կմնան այդ միջոցառմանը ամենաբարձր մակարդակով մասնակցելուց: Ի վերջո, ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստը Երեւանից տեղափոխվել էր Ադրբեջանին չնեղացնելու պաշտոնական պատճառաբանությամբ: Սակայն երեկ առավոտյան հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, այնուամենայնիվ, մեկնել է Մոսկվա` ակամա ընդունելով Ադրբեջանին չնեղացնելու մասին հնչած մտահոգությունը: Մինչ այդ առավել իրատեսական էր համարվում այն տարբերակը, որ Մոսկվա կմեկնի ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը:
Ի դեպ, նկատենք, որ այսօր լրանում է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի պաշտոնավարման երկու տարին: Ու թեեւ նրան ապրիլի 7-ին Դմիտրի Մեդվեւդեւը հրապարակավ հրավիրեց Մոսկվա, այնուամենայնիվ, թերեւս միակ պաշտոնական այցն է, որը բացասաբար ընդունվեց երկրի ներսում` որպես անսկզբունքայնության դրսեւորում:
Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել՝ արդյոք Հովիկ Աբրահամյանը սեփական նախաձեռնությամբ է վճռել Մոսկվա գնալ, թե Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ է գործել, սակայն երեկվա դրությամբ կառավարությունից մեր հարցմանը չպատասխանեցին:

 

 
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նախօրեին՝ ապրիլի 11-ին, Սերժ Սարգսյանը առավոտյան ացելել է ՀՀ պաշտպանության նախարարություն եւ ողջ օրն անցկացրել է այս գերատեսչությունում: Նույն տեղեկությունների համաձայն՝ Սերժ Սարգսյանը ՊՆ-ից մեկնել է միայն ուշ երեկոյան: Ակնհայտ է, որ այդ այցելությունը սովորական չի եղել: Միամտություն կլինի կարծել, որ Սերժ Սարգսյանը ողջ օրը ՊՆ-ում է անցկացրել զուտ այդ գերատեսչության ղեկավար կազմի հետ խորհրդակցություն անցկացնելու նպատակով: Իհարկե, հայ հանրությունը եւս ՊՆ-ի ղեկավար կազմից բազմաթիվ հարցերի պատասխաններ է ակնկալում, բայց դրանք ապագայում, երբ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի ներկա լարվածությունը ետեւում մնացած կլինի: Եւ այս ֆոնին հետաքրքիր էր, որ երեկ երեկոյան Սերժ Սարգսյանը ՀՀ ազգային անվտանգության խորհրդի նիստ հրավիրեց, որը նվիրված էր ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող լարված վիճակին:

 

 

 
Ղարաբաղա-ադրբեջանական քառօրյա պատերազմից հետո թվում էր, թե Հայաստանի իշխանությունները եւ հատկապես ՀՀԿ-ի ընտրակեղծարար զանգվածի ներկայացուցիչները սկսել են գիտակցել, որ մեր երկիրը գլորվում է դեպի անդունդ, եւ առաջիկայում ձեռնպահ կմնան ընտրակեղծարարության դիմելու գործելաոճից: Սակայն երեկ Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանն ապացուցեց, որ ՀՀԿ-ն ամենեւին էլ չի սթափվել: Ապրիլի 17-ին կայանալիք քաղաքապետի ընտրություններում առաջադրված ՀՀԿ-ական թեկնածու Արամ Դանիելյանի նախընտրական շտաբներից մեկում երեկ բացահայտ գումար են բաժանել ընտրողներին: Երբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Արայիկ Հարությունյանը եւ Araratnews.am կայքի խմբագիր Ալեն Սիմոնյանը ահազանգի հետքերով գնացել են Դանիելյանի շտաբ, այստեղ հարձակվել են նրանց վրա: Այս միջադեպից հետո, ովքեր եկել էին Դանիելյանի շտաբ` գումար ստանալու, ստիպված են եղել վերադառնալ առանց ընտրակաշառք ստանալու, որից հետո արդեն բակում արտահայտել են իրենց դժգոհությունը` պահանջելով խոստացված գումարը:

 

 

 
Վերջին օրերին Հայաստանի ներքաղաքական կյանքում ամենաարդիական թեմաներից մեկը դարձել է «գումարների որոնման» խնդիրը: Լրատվամիջոցները մատնացույց են անում բարձրաստիճան պաշտոնյաների տասնյակ, երբեմն հարյուրավոր միլիոն դոլարների հասնող կարողությունները, որը նրանք կուտակել են պաշտոնավարելիս: Սակայն, իրականությունն այն է, որ պետությունից գողացված միջոցները վերադարձնելն այդքան էլ հեշտ եւ արագ իրագործելի չէ, առավել եւս, որ այդ պաշտոնյաները շարունակում են մնալ իրենց տեղերում: Ուստի այս տեսանկյունից առավել կարեւոր է, որ այսուհետ պետական միջոցները չվատնվեն: Մասնավորապես, ինչպես հայտնի է՝ տասնյակ միլիարդ դրամներ են ծախսվել եւ շարունակում են ծախսվելԴիլիջանում այսպես կոչված, ուսումնական կենտրոն կառուցելու համար, որը երկու շաբաթ առաջ ՀՀ Ֆինանսների նախարարության հաշվեկշռից հանվեց եւ տրվեց ՊԵԿ-ին: Հիշեցնենք, որ այս տարվա ընթացքում ժամանցի այդ օբյեկտի շինարարության համար արդեն իսկ հատկացվել է շուրջ մեկ միլիարդ դրամ:

 

 

 
ՎԱՏ ՍՊԱՍՈՒՄՆԵՐ
Թեեւ վերջին օրերին Ղարաբաղի հարցով կարծես թե տեսանելի զարգացումներ չկան, իրականում ընթանում են որոշակի ստորջրյա գործընթացներ, որոնց խորհրդապահական բնույթն արդեն իսկ դրական սպասումների տեղիք չի տալիս: Նախ` ինչպես գիտենք, հանդիպեցին Սերժ Սարգսյանը եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ինչից հետո Տեր-Պետրոսյանը հանդես եկավ հարցազրույցով` ըստ էության, Ղարաբաղի ներկայիս բոլոր խնդիրների համար մեղադրելով Ռոբերտ Քոչարյանին եւ հակառակ դրա` խոսելով Սերժ Սարգսյանին բանակցային սեղանի շուրջ ուժեղացնելու համազգային հրամայականի մասին: «Քոչարյանն է Ղարաբաղին զրկել հակամարտության իրավահավասար կողմի միջազգայնորեն ճանաչված կարգավիճակից։ Ի դեպ, նա է ընդառաջել նաեւ Ցեղասպանության փաստի ուսումնասիրության նպատակով հայ եւ թուրք պատմաբանների հանձնաժողովի ստեղծման թուրքական առաջարկին։ Սերժ Սարգսյանը, ըստ այդմ, այս ամենը ժառանգել է Քոչարյանից, եւ նրա պատասխանատվության չափը թվարկված հարցերում ավելին չէ, քան վերջինիս վարչախմբի մասը հանդիսացած մյուս դերակատարներինը»-արձանագրեց ՀՀ առաջին նախագահը: Իհարկե, այս բոլոր պնդումներին երեկ մեկ առ մեկ հակադարձեց ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը, սակայն այստեղ ոչ այնքան կարեւոր է Տեր-Պետրոսյանի հայտարարությունների իրավացիությունը, որքան այն, թե ինչու է նա հիմա այդպիսի աջակցություն ցուցաբերում Սարգսյանին: Մյուս կողմից էլ նույնքան կարեւոր է, թե ինչու նախորդ տարի Տեր-Պետրոսյանի` հանդիպելու առաջարկը բավականին ցինիկորեն մերժած Ս. Սարգսյանն ինքը շտապեց ՀՀ առաջին նախագահի առանձնատուն:
Ոչ պակաս ուշագրավ էր նաեւ երեկ նախագահականում Ս. Սարգսյանի հանդիպումը Հայ Առաքելական եկեղեցու երկու առաջնորդների` Գարեգին Բ-ի եւ Արամ Ա-ի հետ, ապա դրանից քիչ անց` ազգային անվտանգության խորհրդի նիստի անցկացումը: Այնպիսի տպավորություն է, որ Սերժ Սարգսյանը այս օրերին փորձում է տնտղել բոլոր կարեւոր դերակատարների տեսակետը` քննարկելով ստեղծված ծանր իրավիճակից հնարավոր ելքերն ու խնդրելով նրանց աջակցությունը: Ինքնին հասկանալի է, որ Սարգսյանը միայն մի բանի համար կարող է աջակցություն խնդրել. տարածքների վերադարձի: Ընդ որում, այս ամենի ֆոնին` Սարգսյանի հետ հանդիպելու Ռոբերտ Քոչարյանի կտրուկ մերժումը էլ ավելի է խորացնում կասկածները, որ ներկայումս քննարկվում է ոչ հայանպաստ զարգացումների հնարավորությունը: Ինչ-ինչ, բայց Ռոբերտ Քոչարյանի ամենամոլի ընդդիմախոսներն էլ վստահ են, որ նա երբեք չի համաձայնի թեկուզ մեկ մետր տարածք զիջել թշնամուն: Մի բան, որը որպես քաղաքական քայլ` միշտ էլ ընդունելի է եղել Ս. Սարգսյանի համար: Հիշեցնենք թեկուզ 2005թ. Աժ-ում Սարգսյանի արած հայտնի հայտարարությունը.«Ինչ է, Աղդամը մեր հայրենի՞քն է»:
Անկախ այն հանգամանքից, թե որքանով են հիմնավոր այս կասկածները, փաստ է մի բան. որ ապրիլի 2-ից հետո Սերժ Սարգսյանը ՀՀ միակ նախագահն է, որի օրոք մենք տարածքային կորուստ ունեցանք:




Լրահոս