2016 թվականի ապրիլի 14-ին ԱՄՆ պետական դեպարտամենտը հրապարակել է 2015 թվականի Մարդու իրավունքների վերաբերյալ տարեկան զեկույցը, որն անդրադառնում է աշխարհի տարբեր երկրներում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա հիմնախնդիրներին: Անդրադարձ կա նաեւ Հայաստանի՝ 2008 թվականի մարտ 1-ի դեպքերին:
Ըստ դեպարտամենտի՝ բազմաթիվ հաղորդումներ կան սպասարկման, շինարարության, հանրային կառավարման, դատական համակարգի, պետական գնումների եւ աճուրդների, առողջապահության, հարկային, իրավապահների ոլորտում կոռուպցիոն երեւույթների վերաբերյալ: Եղել են հաղորդումներ պետական միջոցների յուրացման, պետծառայողների կասկածելի ձեռնարկատիրական գործունեություն կատարելու, հարկերից խուսափելու եւ կառավարության հետ կապ ունեցող ընկերություններին հարկային առավելություններ տալու վերաբերյալ: Անդրադարձ է կատարվում ՀԷՑ-ում բազմաթիվ կոռուպցիոն խնդիրների վերհանմանն ու հունիսի 23-ի ակցիաներին: Նշվում է, որ գլխավոր դատախազն է պատասխանատու եղել քրեական հետապնդում սկսելու, իսկ ՀՀ քննչական կոմիտեն՝ այս գործերով քննություն կատարելու համար: Սակայն, համաձայն հաղորդումների, ո՛չ քննչական կոմիտեն, ո՛չ էլ ոստիկանությունը չեն աշխատել արդյունավետ եւ անկախ, ինչպես նաեւ չունեն բավարար ռեսուրսներ: Նախկին գլխավոր դատախազը նշանակվել է քննչական կոմիտեի նախագահ, ինչն էլ կառույցի անկախությունը կասկածի տակ է դրել՝ համաձայն քաղհասարակության անդամների:
ԱՄՆ պետդեպարտամենի զեկույցի համաձայն՝ Հայաստանում խնդիրներ կան նաեւ կրոնական, սեռական փոքրամասնությունների հանդեպ խտրականություն դրսեւելու, սելեկտիվ աբորտների, մարդու թրաֆիքինգի եւ այլ հարցերի վերաբերյալ: Նշվում է նաեւ, որ կառավարությունը սահմանափակել է աշխատակիցների իրավունքներն ու ոչ բավարար կերպով կիրառել աշխատանքային նորմերը:
Զեկույցի համաձայն, թեեւ, կառավարությունը քայլեր է ձեռնարկել մարդու իրավունքները ոտնահարող պաշտոնյաներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ, որոշ պաշտոնյաներ շարունակել են իրավախախտումներ կատարել: Մինչ այժմ իշխանությունները պատասխանատվության չեն ենթարկել որեւէ մեկի 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի ժամանակ 10 անձի սպանության համար. «Իշխանությունները ոչ մեկին չհրավիրեցին 2008 թվականի հետընտրական բախումների ընթացքում պատասխանատվության 8 քաղաքացու եւ 2 ոստիկանության աշխատակիցների մահվան կապակցությամբ: Նրանք ներկայացնում էին, որ նախաքննությունը շարունակվում է, սակայն, ի վերջո, չտրամադրեցին ոչ մի նոր տեղեկատվություն գործի հետագա զարգացման հարցում»:
Քնար Մանուկյան