Թուրքիան անմիջապես եկավ աջակցելու Ադրբեջանին նոր ագրեսիվ ռազմական գործողություններ իրականացնելու հարցում. ԵԽ անդամ հույն պատգամավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ղարաբաղա-ադրբեջանական «քառօրյա պատերազմի» դրդապատճառների եւ հետեւանքների վերաբերյալ «Ժողովուրդ»-ը շարունակում է զրուցել Եվրախորհրդարանի պատգամավորների հետ:  Այս անգամ հարցի վերաբերյալ իր տեսակետն է ներկայացրել Եվրախորհրդարանի հույն պատգամավոր, ԵՄ արտաքին քաղաքականության, զարգացման, խնդրագրերի, ԵՄ-Թուրքիա միացյալ խորհրդարանական հանձնաժողովների անդամ Էլենի Թեոխարուսը:

-Տիկի՛ն Թեոխարուս, ինչպե՞ս կմեկնաբանեք ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած վերջին իրադարձությունները:

-Անկասկած, կոնֆլիկտի համար իրավական եւ քաղաքական պատասխանատվություն է կրում Ադրբեջանը: Ակնհայտ էր, որ մի շարք պրովոկացիոն ռազմական գործողությունների նպատակը միայն ռազմական թիրախավորումը չէր, այլ հենց անմեղ բնակիչները, որոնց թվում նաեւ երեխաներ էին: Սա անմարդկային է եւ անընդունելի: Ադրբեջանը մտադիր էր ստեղծել ապակայունացնող իրավիճակ, որը ռիսկային է ամբողջ տարածաշրջանի համար: Ակնհայտ է, որ Ադրբեջանը ապրում է մի պատրանքով, որը նրան թույլ է տալիս մտածել Լեռնային Ղարաբաղը վերագրավելու մասին:

-Իսկ ինչո՞ւ հենց այժմ վերսկսվեցին գործողությունները, ըստ Ձեզ՝ որո՞նք են պատճառները:

-Ադրբեջանի կառավարությունը առերեսվում է մի շարք խնդիրների, որոնք կապված են ժողովրդավարության դեֆիցիտի հետ, որը այս դեպքում քաղաքական եւ իրավական իրականության մի մասն է: Այսպիսով, ադրբեջանական ռեժիմը փորձ է անում այրել մարդկանց հոգիները եւ ուղեղները կույր կատաղությամբ եւ շեղել նրանց իրական խնդիրներից: Հայտնի է նաեւ, որ ֆաշիստական ռեժիմը միշտ էլ տանում է իմպերալիստական գործողությունների:

-Այնուամենայնիվ, կա կարծիք, որ այս ամենի հետեւում նաեւ այլ երկրներ են կանգնած: Ի՞նչ եք մտածում այս առնչությամբ:

-Ես չգիտեմ՝ արդյո՞ք դավադրության տեսություն գոյություն ունի, թե չէ, բայց մի բան հստակ է՝ Թուրքիան անմիջապես եկավ աջակցելու Ադրբեջանին նոր ագրեսիվ ռազմական գործողություններ իրականացնելու հարցում:

-Ապրիլի 5-ին Ադրբեջանի առաջարկած հրադադարը իրականում հրադադար չէ, քանի որ հենց Ադրբեջանն է շարունակում այն խախտել, իսկ միջազգային հանրությունն էլ պատշաճ գործնական արձագանք չի տալիս: Ձեր կարծիքով՝ այս դեպքում ի՞նչ քայլեր պետք է գործադրել` կայուն հրադադարի հասնելու համար:

-Այս հրադադարի դրական արդյունքը կախված է ոչ միայն ադրբեջանական կողմից, այլեւ Բաքվի նկատմամբ միջազգային հանրության գործադրած ջանքերից եւ ճնշումներից: Կարծում եմ՝ այս հարցում Ռուսաստանը կարող է ունենալ ճակատագրական դեր, քանի որ Կովկասի տարածաշրջանը գտնվում է հենց իր ազդեցության տակ: Մի՛ սպասեք որեւէ տպավորիչ եւ արդյունավետ նախաձեռնության ԵՄ-ից: Միջազգային հանրությունը կարող է իր սեփական դերն ունենալ, սակայն այն պետք է հիմնված լինի միմիայն համակողմանի համագործակցություն վրա: Ուստի մենք՝ որպես ԵՄ, պետք է այնպես անենք, որ Ադրբեջանի կառավարությունը դառնա կառուցողական քաղաքականության հետեւորդ՝ հետեւում թողնելով ռազմական հարձակումները:  Այս հարցում խաղաղ լուծման կարելի է հասնել միայն ինքնաճանաչման իրավունքի պահպանման դեպքում: Սա այն է, ինչ միջազգային իրավունքն է իրենից ենթադրում եւ այն բաղադրատոմսը, որը պետք է լինի ընդունելի բոլորի համար:

-Տիկի՛ն Թեոխարուս, վերջին իրադարձությունները կարելի՞ է որակել որպես պատերազմ, թե՞ այլ սահմանում կտաք:

-Սա ռազմական ճգնաժամ էր, որում ագրեսորը կա եւ մնում է Ադրբեջանը, որը այսպես նաեւ ցանկանում էր ստուգել մեր արձագանքը: Եթե իրականացվել են հանցագործություններ, ապա միջազգային արդարադատությունը պետք է ձեռնարկի քայլեր: Սա, կարելի է ասել, իրավական գործընթաց է եւ կանխարգելիչ քաղաքականություն:

Եթե տեղյակ եք՝ օրերս Կարմիր խաչի միջազգային կոմիտեի եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ հայկական կողմին հանձնվեց 18 զինծառայողի մարմին, որոնք խոշտանգված էին՝ գլխատումներ, դիակապտություն, նաեւ` խաղաղ բնակիչների նկատմամբ խոշտանգումներ: Ինչպե՞ս կգնահատեք ադրբեջանական կողմի նմանատիպ վայրագությունները:

-Այս վայրագությունները խայտառակություն են միջազգային հանրության համար, եւ պատասխանատուները պետք է անմիջապես ուղարկվեն Հաագայի միջազգային դատարան: Հայկական կողմը պետք է ներկայացնի բոլոր համապատասխան փաստաթղթերը արդարադատության միջազգային հանրությանը՝ պահանջելով պատժել մեղավորներին:

Զրուցեց Սյուզի Մուրադյանը




Լրահոս