Տարածաշրջանում տեղի են ունենում դարակազմիկ փոփոխություններ, որոնց համատեքստում Հայաստանի 25-ամյա անկախ գոյության ընթացքում կատարված ռազմաքաղաքական բացթողումների հետևանքով առաջացած մարտահրավերներն անմիջականորեն սպառնում են հայ ժողովրդի ֆիզիկական գոյությանը։
Հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում տեղի ունեցած ադրբեջանական ագրեսիայի հետևանքով բոլորի համար ակնհայտ դարձավ, որ Հայաստանի արտաքին և ներքին քաղաքականությունն ամբողջությամբ տապալված է: Միջազգային հանրությունը, այդ թվում՝ Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանը և ՀԱՊԿ-ի անդամ մյուս պետությունները, չճանաչեցին Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան և, ըստ էության, մեր ժողովրդին թողեցին հակահայկական ատելությամբ տոգորված այդ պետության բարի կամքի հույսին:
Այդ պատճառով առաջացել է երկրի անվտանգության վակուում, որը պետք է լրացվի ազգի հավաքական ներուժի հաշվին: Նման արտակարգ իրավիճակից դուրս գալու համար հայ ժողովրդից պահանջվում է խիզախություն, ինքնակազմակերպում և համազգային ուժերի գերլարում:
Հայ ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար հարկավոր է լուծել հետևյալ խնդիրները.
- ապահովել կայուն խաղաղության համար անհրաժեշտ պաշտպանունակություն,
- ձևավորել լեգիտիմ իշխանություն,
- հասնել Արցախի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի միջազգային ճանաչմանը:
Պաշտպանունակության անհրաժեշտ մակարդակ ապահովելու համար անհրաժեշտ է.
- մեծացնել պաշտպանական համակարգի կառավարման արդյունավետությունն ի հաշիվ կտրուկ կադրային փոփոխությունների,
- պետության ձեռքում կենտրոնացնել անհրաժեշտ նյութական միջոցներ,
- ավելացնել Զինված ուժերի թվաքանակը, առաջին հերթին՝ ոստիկանության զորքերի հաշվին:
Լեգիտիմ իշխանություն ձևավորելու համար անհրաժեշտ է.
- անցկացնել նախագահական և խորհրդարանական արտահերթ ընտրություններ,
- մինչ ընտրությունները՝ երկրի անվտանգության ու կայունության և ընտրությունների օրինականության ապահովման համար նշանակել Ժողովրդի վստահության կառավարություն՝ հանրային վստահություն ունեցող քաղաքական և հասարակական միավորումների կողմից առաջադրված թեկնածուներից,
- Ժողովրդի վստահության կառավարության ղեկավար ու Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար նշանակել բանակի և հանրության մեծամասնության վստահությունն ունեցող անձի:
Արցախի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի միջազգային ճանաչման համար անհրաժեշտ է.
- քայլեր ձեռնարկել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Ադրբեջանի ագրեսիան դատապարտող բանաձևի ընդունման ուղղությամբ,
- ԵԽ Խորհրդարանական վեհաժողովում բարձրացնել Ադրբեջանի ագրեսիան դատապարտող բանաձևի ընդունման հարցը,
- ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում բարձրացնել Արցախի անկախության ճանաչման հարցը։
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի դիրքորոշման համաձայն՝ Ժողովրդի վստահության կառավարությունը պետք է ձևավորվի քաղաքական և հասարակական միավորումների լայն մասնակցությամբ և նրանցից յուրաքանչյուրի կողմից անհատական ու կոլեկտիվ պատասխանատվության սկզբունքներով ոլորտային և տարածքային կառավարման համար պատասխանատվության իր մասնաբաժինն ստանձնելու պատրաստակամությամբ։
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը երկրի անվտանգության ապահովման համար պատասխանատվություն ստանձնելու պատրաստ բոլոր ուժերին առաջարկում է դիտարկել Ժողովրդի վստահության կառավարության ձևավորման նպատակով բանակցություններ սկսելու հարցը։