Մեծ Մերձավոր Արևելքը նախկինի պես գտնվում է հակամարտության իշխանության ներքո: Խոսքը Սիրիայում, Լիբիայում և Եմենում պատերազմների մասին է, որտեղ Իրանը հակամարտում է Սաուդյան Արաբիայի, Կատարի և ԱՄԷ-ի հետ, իսրայելա-սիրիական, թուրք-իրաքյան, թուրք-քրդական և իրանա-քրդական հակամարտությունների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի հետ Ադրբեջանի երկարատև կոնֆլիկտի մասին, գրում է ռուսական «Ռեգնում» գործակալությունը:
Թել Ավիվը ձգտում է մերձենալ Անկարայի հետ, գրում է գործակալությունը: Իսրայելի էներգետիկայի նախարար Յուվալ Շտայնիցը թուրքական Daily Sabah-ի հետ հարցազրույցում հայտնել էր, որ կողմերը հարցերի 90%-ի շուրջ համաձայնության են եկել, որոնք ծառացած էին իսրայելա-թուրքական հարաբերությունների կարգավորման ճանապարհին: Առաջին հերթին, դա պայմանավորված է սիրիական ճգնաժամով, որում Անկարան և Թել Ավիվը «հակաասադյան» դիրքորոշում ունեն: Երկրորդ հերթին, պայմանավորված է Թեհրանի տարածաշրջանային դերի ամրապնդմամբ: Եվ երրորդ՝ «գազային հեռանկարներով»: Ի պատասխան՝ Անկարան ձգտում է հաշտեցնել Թեհրանին և Էր Ռիյադին, որպեսզի թուլացնի Սիրիայում ռուս-իրանական դաշինքը:
Ղարաբաղյան կոնֆլիկտի հարցում Իսրայելը, ինչպես գրում է գործակալությունը, նախընտրում է խուսափել հանրային գնահատականներից: Այդ իսկ պատճառով Ադրբեջանի աջակցության մասին հիմնականում հայտարարում են պաշտոնաթող քաղաքական գործիչները: Օրինակ, երկրի արտաքին գործերի նախկին նախարար Ավիգդոր Լիբերմանը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընկերը: Սակայն բոլորից առաջ է անցնում պաշտոնաթող գեներալ Էֆրաիմ Սնեն, ով Բաքվին «ռազմավարական դաշնակից» է անվանում, ում իսրայելցիները «պետք է դիվանագիտական աջակցություն ցուցաբերեն»:
Պաշտոնաթող գեներալի խոսքով՝ Ադրբեջանը պետք է ղեկավարվի իսրայելական սկզբունքով՝ «հողը՝ հանուն խաղաղության», որը կիրառվեց Կահիրեի հետ Քեմփ-Դևիդի բանակցություններում (1970-ական թթ.), երբ խոսքը Սինայի թերակղզում խաղաղության մասին էր: Իսրայելցիները նախընտրեցին փակել աչքերը, քանի որ Բաքուն Թել Ավիվում զենքի զգալի խմբաքանակ գնեց, այդ թվում նաև անօդաչու թռչող սարքեր, որոնք կիրառվեցին ապրիլյան պատերազմում:
«Ռեգնում»-ն ընդգծում է կոնֆլիկտի գոտում զենքի մատակարարման հարցում Ռուսաստանի դիրքորոշումը: Ռուսաստանն իր դիրքորոշումը հստակ հայտնել էր դեռևս 2008թ. հոկտեմբերի 2-ին` Աբխազիայի և Հարավային Օսիայի նկատմամբ Թբիլիսիի օգոստոսյան ագրեսիայից հետո, գրում է գործակալությունը: Այդ ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր. «Ես արդեն խոսել եմ այն մասին, որ կոնֆլիկտի գոտում զենքի մատակարարումն անշնորհակալ գործ է և շատ վտանգավոր: Մենք դա քննադատում ենք: Մենք չգիտենք, թե ով է հատուկ տեխնիկայի և սպառազինության մատակարարման հարցով որոշում ընդունել: Սակայն ով էլ որ լինի, այդ մարդը մեծ սխալ է թույլ տվել: Դա բացարձակ անթույլատրելի է»:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան