ԻՆՉՈՎ Է ԶԲԱՂՎԱԾ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻ ԷԹԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս օրերին ակտիվ քննարկվում է հարցը, թե հայրենի պաշտոնյաներն ինչպե՞ս են կարողացել հարստանալ եւ ինչու են նրանք չհիմնավորված աղբյուրներից եկամուտ ստանում: Ինչպես հայտնի է՝ 2012 թվականին Հայաստանում ձեւավորվեց բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով, որը զբաղվում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց գույքի, եկամուտների եւ փոխկապակցված անձանց հայտարարագրերի ռեեստրի վարման, դրանց վերլուծության, հրապարակման, ինչպես նաեւ, օրենքով սահմանված դեպքերում, բարձրաստիճան պաշտոնատար անձանց շահերի բախման եւ էթիկայի կանոնների խախտումների բացահայտման հարցերով: Սակայն 4 տարիների ընթացքում հայրենի իրականության մեջ ոչինչ չի փոխվել: Ձախ եկամուտներով հարստացող պաշտոնյաները շարունակում են նույն լկտիությամբ պաշտոնավարել:

-Հետեւե՞լ եք՝ քանի պաշտոնյա է իր եկամուտները չհիմնավորված աղբյուրներից ներկայացրել,- «Ժողովուրդ»-ը այս հարցն ուղղեց հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խուդավերդյանին:
-Աղբյուրների հավաստիության ստուգման տեսանկյունից անհրաժեշտ է ունենալ ռիսկային իրավիճակ, երբ պաշտոնյայի հայտարարագրված գույքային ձեռքբերումները գերազանցում են նրա եկամուտները եւ դրամական միջոցների կամ խնայողությունների աճը: Գործող համակարգը հնարավորություն չի տալիս տեսնել այս անհամապատասխան ռիսկերը, քանի որ հայտարարագրերը չեն պարունակում պաշտոնատար անձի` օրինակ՝ անչափահաս զավակների գույքն ու դրամական միջոցները, ինչպես նաեւ պաշտոնյայի հետ համատեղ ապրող ծնողները եւ չափահաս ու չամուսնացած զավակները դրամական միջոցները ընդհանրապես չեն հայտարարագրում, իսկ գույքի ձեռքբերման ու օտարման գործարքները հայտարարագրվում են որոշակի արժեքային շեմերը գերազանցելու պայմաններում: Օրինակ՝ անշարժ գույքի մասով վերջիններս, ըստ օրենքի, հայտարարագրում են միայն այն գործարքները, որոնց արժեքը գերազանցում է 50 մլն ՀՀ դրամը: Այս պայմաններում եկամուտների հիմնավորվածության հավաստիության ստուգման գործընթացը դառնում է ոչ արդյունավետ: Այդ իսկ պատճառով պետք է փոխվի գործող հայտարարագրման համակարգը:
-Հանձնաժողովի առաքելությունը երկրում գործող հանրային ինստիտուտների նկատմամբ հասարակության վստահության բարձրացումն է: Ինչքանո՞վ է դա Ձեզ հաջողվել:
-Որպես գնահատման մեթոդ կարող ենք օգտվել, օրինակ, միջազգային հակակոռուպցիոն մասնագիտացված կառույցների զեկույցներից՝ ԳՐԵԿՈ, ՏՀԶԿ հակակոռուպցիոն ցանց, որտեղ հանձնաժողովի աշխատանքը գնահատված է դրական, եւ միաժամանակ ներկայացված են նոր առաջարկություններ՝ ուղղված հանձնաժողովի աշխատանքի արդյունավետության բարձրացմանը: Որպես հանձնաժողովի գործունեության գնահատման մեթոդ կարելի է կիրառել նաեւ ունեցած լիազորությունների եւ ռեսուրսների (աշխատակազմի բացակայություն) շրջանակում իրականացված աշխատանքների արդյունքները: Բնականաբար, չի կարելի ասել, թե փայլուն աշխատանք է իրականացվել, բայց վատ չենք աշխատել, եւ դեռ անելիքներ կան:
-Կարող ե՞ք ներկայացնել հանձնաժողովի ուշադրության կենտրոնում հայտնված 10 պաշտոնյաների անունները, որոնք թերացել են իրենց եկամուտները հայտարարագրելու հարցում:
-Հայտարարագիր չներկայացնող ոչ մի պաշտոնյա դուրս չի մնում հանձնաժողովի եւ քաղաքացիական հասարակության ուշադրությունից: 2014թ.-ից հանձնաժողովը անցում կատարեց հայտարարագրերի լրացման ու ներկայացման էլեկտրոնային համակարգին, որով պարզեցվեց ու առավել մատչելի դարձվեց, ինչպես նաեւ արագացվեց հայտարարագրերի լրացման գործընթացն ու ներկայացման կարգը: Հայտարարագրերի չներկայացման, ուշ ներկայացման, հայտարարագրի լրացման ուղեցույցի պահանջների խախտումներով լրացված հայտարարագրերի տվյալների հիման վրա համակարգը հնարավորություն է ներկայացնելու համապատասխան պաշտոնյաների ցուցակները: Հանձնաժողովը միշտ էլ հետամուտ է եղել եւ սկսած հայտարարագրերի լրացման գործընթացի սկզբից ծանուցող նամակներ է առաքում բարձրաստիճան բոլոր պաշտոնատար անձանց՝ հիշեցնելով օրենսդրորեն սահմանված պարտականության մասին:
-Օրինակ՝ հատուկ քննչական ծառայության եւ քննչական կոմիտեի ղեկավար կազմի հայտարարագրերը չկան կայքում, ինչո՞ւ: Ինչո՞վ են արտոնյալ նրանք:
-Հանրային ծառայության մասին օրենքի 5-րդ հոդվածի 15-րդ կետը կոնկրետ պաշտոններով սահմանում է այն անձանց, ովքեր հանդիսանում են բարձրաստիճան պաշտոնյաներ: Անկեղծ ասած, դա մեր իրավասությունը չէ, մենք չենք կարող որոշել՝ ում ներառել: Մենք այն հանձնաժողովն ենք, որը իրականացնում է օրենքների դրույթները: Իհարկե, հակակոռուպցիոն ռազմավարության մեջ կա նման կետ, որտեղ խոսվում է հայտարարատուների շրջանակի հստակեցման խնդրի մասին, եւ կոռուպցիոն ռիսկերի տեսանկյունից միգուցե հետագայում արծարծվի այն հարցը, որով օրենքը կտարածվի ոչ միայն բարձրաստիճան պաշտոնյաների, այլեւ կոռուպցիոն ռիսկեր պարունակող այլ պաշտոնների վրա:
-Ինչո՞ւ է հանձնաժողովի նախագահ Սիրանուշ Սահակյանը աչքի ընկնում պասիվությամբ: Նա անգամ խուսափում է լրագրողների հետ շփվել, օրինակ՝ մեզ հետ խուսափեց հանդիպել՝ Ձեզ առաջարկելով՝ որպես զրուցակից: Ինչի՞ց է նա կաշկանդվում:
-Կարծում եմ՝ նման խնդիր չկա, որովհետեւ վերջերս մեկ այլ լրատվամիջոցին ենք հարցազրույց տվել: Վաղը, մյուս օրն էլ մեկ այլ հանձնաժողովի անդամ կներկայանա: Չեմ կարող ասել՝ խուսափել է, թե ոչ, չնայած կասկածում եմ, բայց եթե իմ պարզաբանումները չեն բավարարում, կարող ենք խնդրել, որ նույն հարցերով տիկին Սահակյանն էլ պատասխանի:

 

 

 

 
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՐՑԸ՝ ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Ապրիլի 12-ին Եվրախորհրդարանի լիագումար նիստում քննարկվեց Լեռնային Ղարաբաղի հարցը: Խորհրդարանի շուրջ 15 պատգամավորներ իրենց տեսակետը արտահայտեցին խնդրի լուծման վերաբերյալ: ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին նշեց, որ ղարաբաղա-ադրբեջական սահմանին տեղի ունեցած վերջին իրադարձությունները եւս մեկ անգամ հիշեցնում են, թե որքան վտանգավոր կարող են լինել նման հակամարտությունները, իսկ կոնկրետ այս հակամարտությունը նա որակեց որպես սպառնալիք ոչ միայն Հայաստանի եւ Ադրբեջանի, այլեւ ամբողջ տարածաշրջանի զարգացման համար: ԵՄ գերագույն հանձնակատարը հանդես եկավ հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու կոչով:

Եվրախորհրդարանում բազմիցս արծարծվեց Ռուսաստանի գործոնը: Պատգամավորները ուշադրություն էին հրավիրում այս հարցում Ռուսաստանի դերակատարության վրա՝ նշելով, որ այն երկակի խաղ է տանում՝ մի կողմից խոստումներ տալով դաշնակից Հայաստանին, մյուս կողմից՝ զինամթերք մատակարարելով Ադրբեջանին, որի արդյունքում Ռուսաստանին են ուղղվում միլիարդավոր արյունոտ դոլարներ:
Պատգամավորներից մեկը նույնիսկ հիշատակեց ԵՏՄ-ին անդամակցելու հարցում Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի կիրառած ճնշումները:
Կոչեր հնչեցին վերջին իրադարձությունների կապակցությամբ Բաքվի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ, նշվեց, որ այդ ռազմական գործողությունների իրականացման հարցում Ադրբեջանին միանշանակ աջակցում է Թուրքիան, ով նաեւ աջակցում է Եվրոպային սպառնացող ահաբեկչական խմբավորումներին:
Ամենաուշագրավը Եվրախորհրդարանում Լյուքսեմբուրգը ներկայացնող պատգամավորներից Ֆրանկ Էնգելի ելույթն էր, որը նշեց, որ Ադրբեջանը, ինչպես 24 տարի առաջ, այնպես էլ այսօր մնում է նույն ագրեսորը: Նա հիշատակեց Ռամիլ Սաֆարովին, ում Ադրբեջանը ազգային հերոսի կոչում է շնորհել հայազգի լեյտենանտ Գուրգեն Մարգարյանին կացնահարելու համար:
Բրիտանացի պատգամավոր Չարլզ Թանոքը, ով նմանատիպ տեսակետ էր արտահայտել նաեւ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, նիստի ընթացքում կրկին դատապարտեց Ադրբեջանին՝ նշելով, որ նավթի գների անկման պարագայում ներքին խնդիրներից շեղման նպատակով Ադրբեջանի միակ ելքը նման ռազմական գործողություններն էին:
Համադրելով հնչած ելույթները` կարելի է ասել, որ Եվրախորհրդարանը հարցի լուծումը տեսնում է բացառապես քաղաքական հարթությունում` կոչ անելով վերադառնալ բանակցությունների սեղանին, միեւնույն ժամանակ` արձանագրում է, որ այդ հարցում խոչընդոտում են Ռուսաստանը եւ Թուրքիան:

Նյութերը՝ ՍՅՈՒԶԻ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ

 

 

 
13-Ի ՓՈԽԱՐԵՆ 23 ՏՈՒՆ
«Ժողովուրդ»-ը տեղեկացրել էր լուսանկարիչ Հայկ Բարսեղյանի եւ նրա ընկերների նախաձեռնած դրամահավաքի մասին, որի նպատակը Գյումրու անօթեւանների համար բնակարաններ գնելն էր, միացել էին մի շարք հանրաճանաչ անձինք, այդ թվում նաեւ պետական պաշտոնյաներ: Դրամահավաքին արտերկրից արձագանքեցին նաեւ «System of a Down» խմբի մենակատար Սերժ Թանկյանը եւ ֆրանսահայ շանսոնիե Շառլ Ազնավուրը: Վերջերս արդեն մեկնարկել է բնակարանների գնման եւ հանձնման պրոցեսը: Հայկ Բարսեղյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ այսօր հանձնվելու է արդեն 15-րդ բնակարանը: Ըստ Բարսեղյանի՝ բրիտանական http://www.crowdfunder.co.uk/ կայքի միջոցով արդեն հավաքվել է 28 հազար ֆունտ: Սակայն անհրաժեշտ է, որ նվիրաբերողները վերափոխանցեն գումարը: Ներկայումս այդ գումարից վերափոխանցվել է 15 հազար եվրոն: Հայկ Բարսեղյանն ասաց, որ իրենց դրամահավաքի արդյունքում մինչեւ մայիսի վերջ բնակարաններ կունենան 23 անօթեւան ընտանիքներ: Սակայն նա չբացառեց նաեւ, որ հետագայում բնակարանների թիվը կարող է եւս 5-ով ավելանալ: Հիշեցնենք, որ ի սկզբանե այս բարեգործական ծրագրով նախատեսվում էր բնակարանով ապահովել 13 ընտանիքների:

 

 

ՑՈՒՅՑՆ ՈՒ ԲԱԼԵՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ
Երեկ Ազատության հրապարակից մեկնարկեց երթ դեպի Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատուն: Երթի մասնակիցները պահանջում էին, որ Ռուսաստանը դադարեցնի Ադրբեջանին զենք վաճառել: Սակայն մինչ Ազատության հրապարակում հավաքված ակցիայի մասնակից մի խումբ երիտասարդներ լռությամբ հարգում էին քառօրյա պատերազմի արդյունքում զոհված զինծառայողների եւ խաղաղ բնակչության հիշատակը, մարդկանց մեկ այլ խումբ էլ շտապում էր Օպերայի դահլիճ՝ համերգ ունկնդրելու: Ավելին՝ համերգին շտապողները Ռուսաստանի դեմ կազմակերպված ակցիան որակում էին ոչ ճիշտ ակցիա: Սակայն ամենազազրելին այն էր, որ նրանք դեմ էին ակցիային՝ առանց պարզելու, թե ինչի դեմ են բողոքում:

 

 

ԴԵՌ ԿՈՐՈՇԵՆ
Ինչպես հայտնի է՝ Լեռնային Ղարաբաղի կառավարության կողմից անցկացվող դրամահավաքի արդյունքում արդեն մոտ երեք միլիոն դոլար է հավաքվել: Ղարաբաղի փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը ասել է, որ այդ միջոցներն ամբողջովին ուղղվելու են ԼՂՀ պաշտպանության բանակի սպառազինության արդիականացմանը: Երեկ «Ժողովուրդ»-ը ԼՂՀ փոխվարչապետից փորձեց պարզել, թե արդյո՞ք քննարկվել է՝ երբ են սկսելու զենք գնել, ումից եւ ինչ զենքեր են գնելու: Արթուր Աղաբեկյանն ասաց. «Վերջին երեք-չորս օրվա մարտական գործողությունները շատ նոր բացահայտումներ արեցին պաշտպանության բնագավառում, եւ պատկան մարմինները կտան համապատասխան գնահատականներ հետագա սպառազինման եւ, ինչու չէ, նաեւ մարտական պատրաստվածության ամբողջ ընթացքի վերաբերյալ»:




Լրահոս