Այս կիրակի Հրազդանում կայանալիք քաղաքապետի ընտրությունների քարոզարշավի վերջին օրն է այսօր: Կոտայքի մարզկենտրոնում առկա իրավիճակը վկայում է այն մասին, որ վերջին առնվազն տասը տարիների կտրվածքով առաջին անգամ ընդդիմադիր թեկնածուն ռեալ շանս ունի հաղթելու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում: Իհարկե, անցած տարիներին եղել են դեպքեր, երբ ՀՀԿ-ական թեկնածուները ՏԻՄ ընտրություններում պարտվել են, սակայն նրանց մրցակիցներն ընդդիմադիր թեկնածուներ չեն եղել, այլ ընդամենն ունեցել են ընդդիմադիր կուսակցությունների որոշակի աջակցություն: Ինչպես հայտնի է՝ Հրազդանի քաղաքապետի պաշտոնի համար պայքարում են երեք թեկնածուներ` «Սասուն» ջոկատի հրամանատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Սասուն Միքայելյանը, Հրազդանի գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Արամ Դանիելյանը եւ նախկին ՕԵԿ-ական, այժմ «Հայկական վերածնունդ» կուսակցության անդամ Արթուր Միսակյանը: Հիմնական պայքարն ընթանում է երկու թեկնածուների` Սասուն Միքայելյանի եւ Արամ Դանիելյանի միջեւ:
Տեղեկացնենք, որ Միքայելյանի շտաբի կողմից երեկ կազմակերպած նախընտրական հանրահավաքում ելույթ է ունեցել Հրազդանի քաղաքապետարանի կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի բաժնի պետ Անահիտ Նազարյանը: Վերջինս քաղաքապետարանի գործող պաշտոնյա լինելով հանդերձ՝ հրազդանցիներին կոչ է արել չվախենալ ու քվեարկել Սասուն Միքայելյանի օգտին: Քաղաքապետարանի պաշտոնյան փաստել է, որ Արամ Դանիելյանը տարիներ շարունակ մսխել է Հրազդան քաղաքի բյուջեն եւ քաղաքը հասցրել քայքայման եզրին` քաղաքապետարանի աշխատակիցների հետ հաճախ խոսելով սեռական բնույթի հայհոյանքներով:
Տեղեկացնենք, որ երեկ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի առաջնագծից մի քանի ժամով վերադարձել էր նաեւ Սասուն Միքայելյանը` հրազդանցիներին չվախենալու իր վերջին կոչը հնչեցնելու համար: Նա գիշերը կրկին մեկնելու է սահման: Իսկ շտաբի պետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է ղեկավարել նախընտրական շտաբը:
«Ժողովուրդ»-ը փորձեց ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանից հետաքրքրվել, թե ինչպես է նա վերաբերվում իր ընկերոջ` Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի գործելաոճին: Ինչպես հայտնի է՝ ղարաբաղա-ադրբեջանական քառօրյա պատերազմի օրերին Բելառուսը սատարեց Ադրբեջանին: Ի պատասխան՝ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանն ասաց. «Այո՛, իրականում Գագիկ Ծառուկյանը եւ Ալեքսանդր Լուկաշենկոն վաղուց ի վեր ունեն սերտ բարեկամական հարաբերություններ: Եւ միեւնույն ժամանակ պետք է նկատի ունենալ, որ դրանք պարզ մարդկային հարաբերություններ են եւ ոչ թե պաշտոնական կամ առավել եւս պետական: Նման հարցերը քննարկվում են պետական խողովակներով եւ դիվանագիտական խողովակով, կարծում եմ, որ Հայաստանը պատշաճ կերպով ներկայացրել է իր վերաբերմունքը այս հայտարարության վերաբերյալ: Իսկ ինչ վերաբերվում է Գագիկ Ծառուկյանին, ապա մեկ վայրկյան անգամ չկասկածեք, որ նա աշխարհի ցանկացած վայրում ցանկացած միջավայրում մեր պետության շահն ու հեղինակությունը միշտ կարողանում է պատշաճ կերպով պաշտպանել»:
ԱՄՆ պետդեպարտամենտը երեկ հրապարակել է 2015-ի թվականի մարդու իրավունքների վերաբերյալ զեկույցը: Հայաստանին վերաբերող բաժնում ԱՄՆ պետդեպարտամենտը բավական ուշագրավ դիտարկումներ է արել: Մասնավորապես արձանագրել են, որ Հայաստանում մարդու իրավունքների ոլորտում ամենալուրջ խնդիրներից մեկը պետական պաշտոնյաների կողմից կառավարական ռեսուրսները իշխող ՀՀԿ-ի գերակայությունը պահպանելու համար օգտագործելն է, եւ որ իշխանությունները տնտեսական եւ քաղաքական ուժն օգտագործում են իրենց կողմնակիցներին հարստացնելու, դատաիրավական համակարգը կոռումպացնելու համար: «Կառավարությունում կոռուպցիայի առկայության վերաբերյալ բազմաթիվ պնդումներ կան: Թեեւ Սահմանադրությամբ արգելվում է, որ պետական պաշտոնյաները ձեռնարակատիրական գործունեությամբ զբաղվեն, սակայն ընկերությունների ղեկավարներն ու օլիգարխները շարունակել են մնալ պատգամավոր, կառավարության այլ պաշտոնյաները շարունակել են առաջ տանել իրենց բիզնես շահերը»:
Մարտի 30-ին ՀՀ ՊԵԿ աշխատակիցների անունից տարածված անանուն լսանյութը, կարելի է ասել, «ընդմիջվեց» պատերազմական գործողություններով: Անզեն աչքով նկատելի է, որ այն ոչ այնքան կոռուպցիայի դեմ պայքարի նպատակ էր հետապնդում, որքան հարկային ու մաքսային ծառայություններում «իշխանափոխություն» իրականացնելու: Եւ կատարվածը ներիշխանական լուրջ խմորումների թեմա դարձավ: Նկատենք, որ լսանյութի վրա դրված լոգոն հարկային պետական ծառայության խորհրդանիշն էր, մինչդեռ այդպիսի ծառայություն Հայաստանում վաղուց գոյություն չունի: Հայաստանում գործում է պետեկամուտների կոմիտե, եւ ՊԵԿ աշխատակիցներ ներկայացածները մաքսային ծառայության մասին են պատմում՝ չնկատելով այդ «մանրուքը»: Ինչեւէ, «Ժողովուրդ» պարզեց, որ տեսանյութում հիշատակված զննման վարչության նախկին պետ Վահրամ Գուրողլյանը, նախորդ տարվա դեկտեմբերից պաշտոնանկ է արվել: Ճշտվող տեղեկությունների համաձայն՝ նա խոշոր բիզնես ունի Վիեննայում:
ՉՎՆԱՍՈՂԸ
ՌԴ նախագահ Վ. Պուտինը իր ամենամյա «ուղիղ գծի» ժամանակ պատասխանել է նաեւ ԼՂ հակամարտությանը վերաբերող հարցին: «Շատ զգայուն թեմա է, եւ ինձ թվում է, որ պետք է շատ զգույշ մոտենանք այդ թեմային` առաջնորդվելով հայտնի բժշկական սկզբունքով` «մի վնասիր»: Դա վաղեմի հակամարտություն է: Այն սառեցված վիճակում էր: Ցավոք, տեղի ունեցավ բռնության այդ պոռթկումը, եւ մենք կանենք ամեն ինչ, որպեսզի կարգավորենք այն, գտնենք երկու կողմերի համար ընդունելի լուծում։ Իհարկե, այստեղ հարկավոր են Ղարաբաղի վերաբերյալ երկարաժամկետ լուծումներ: Դրանք կարող են ձեռք բերվել, ցանկանում եմ ընդգծել բացառապես քաղաքական միջոցներով: Հարկավոր է գտնել փոխզիջում: Ինձ թվում էր, որ մենք մի քանի տարի առաջ մոտեցել էինք այդ փոխզիջումը գտնելուն, սակայն պարզվեց, որ, ցավոք, դա այդպես չէ»,- ասել է Պուտինը:
Թե ինչքանով եւ ինչպես Ռուսաստանը Ղարաբաղի հարցում առաջնորդվեց «մի վնասիր» բժշկական սկզբունքով` ՀՀ-ում զգացինք հատկապես վերջին օրերին, երբ ռուսական զենքից սպանվեցին տասնյակ հայ զինվորներ: Սակայն Ռուսաստանի այս քաղաքականությունը հատկապես ակտիվացել էր արդեն 2011թ-ից, երբ իր ռազմավարական դաշնակցին «չվնասելու» նպատակով ՌԴ-ը Ադրբեջանի հետ կնքեց ռազմավարական գործընկերության պայմանագիր, որի շրջանակներում էլ հաջորդող 5 տարիների ընթացքում Ադրբեջանին մատակարարեց շուրջ 5 միլիարդ դոլարի սպառազինություն, այդ թվում եւ այնպիսի զանգվածային ոչնչացման համակարգեր, որոնց մեկ հրթիռը կարող է ուղղակի ահռելի ծավալի վնասներ հասցնել: Բարեբախտաբար, այս քառօրյա պատերազմի ընթացքում նման համակարգի` «հՏսվՓպտպՍ»-ի միավորներից մեկը, ըստ ռազմական կանխատեսման կենտրոնի տնօրեն, ռուսաստանցի ռազմական փորձագետ Անատոլի Ցիգանոկի, հայկական զինուժը ոչնչացրել է նախքան այն գործողության մեջ կմտներ: Եվ եթե չլիներ հայկական զինուժի այս գրագետ հակազդեցությունը, մենք հիմա կարող էինք ականատես լինել Պուտինի «չվնասելու» քաղաքականության սահմռկեցուցիչ հետեւանքներին:
Ընդ որում, նկատենք, որ այս գործընթացը սկսվեց հենց Պուտինի նշած փուլում, մի քանի տարի առաջ, երբ նա, իր խոսքով, կարծում էր, որ կողմերը մոտեցել են փոխզիջմանը: Ասել է, թե երբ 2011թ. հունիսին Կազանում Ադրբեջանը տորպեդահարեց բանակցությունները, Ռուսաստանը դրանից անմիջապես հետո փոխանակ համանախագահ երկրների հետ պարտադրեր Ադրբեջանին ընդունել երկարաժամկետ խաղաղություն երաշխավորող փաստաթուղթը, փոխարենը սկսեց զինել վերջինիս:
«Ով ինչ ուզում է, թող ասի, միեւնույն է՝ Ռուսաստանը շահագրգիռ է այս հարցի լուծմամբ, քանի որ մենք ցանկանում ենք լիարժեք կերպով աշխատել թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի հետ»,- եզրափակել է Պուտինը` այդպես էլ ոչինչ չասելով՝ արդյոք պատրաստ է դադարեցնել Ադրբեջանին զենքի վաճառքը` հարցի փոխզիջումային լուծման հնարավորությունը չվտանգելու նպատակով: