ՊԵՏՔ Է ՄԱԿ-Ի, ԵԱՀԿ-Ի ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՐԱՎԻՐԵԼ ԱՅԴ ՎԱՅՐԱԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես ղարաբաղա-ադրբեջանական քառօրյա պատերազմի օրերին, այնպես էլ դրանից հետո միջազգային հանրության կողմից չհնչեցին հասցեական կոչեր, թեեւ դժվար է պատկերացնել, որ միջազգային քաղաքական կենտրոնները տեղեկացված չեն, թե որ կողմն է նախահարձակ եղել: Ուշագրավ է, որ չի հնչում անգամ առաջարկ` կատարվածի շուրջ միջազգային հետաքննություն սկսելու մասին, այնպես, ինչպես որ դա արվեց 2008 թ. ռուս-վրացական օգոստոսյան պատերազմից հետո, երբ կազմվեց միջազգային հանձնաժողով` Գերմանիայի ներկայացուցչի գլխավորությամբ, որի եզրակացությունից, ի դեպ, պարզվեց, որ նախահարձակ կողմը Վրաստանն էր եղել: Ոչ պակաս տարակուսելի է միջազգային հանրության իներտ արձագանքը` խաղաղ հայ բնակչության եւ զինվորների նկատմամբ գործադրված վայրագությունների, գլխատումների եւ խոշտանգումների կապակցությամբ: Անցնող օրերին այս հարցերի շուրջ արդեն իսկ ներկայացրել ենք տարբեր միջազգային կառույցների ներկայացուցիչների եւ փորձագետների տեսակետները:

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում կատարվածի շուրջ իր գնահատականներն է ներկայացնում Չեխիայի Հանրապետության առաջին փոխվարչապետ, նախկին արտգործնախարար, խորհրդարանի անդամ Կարել Շվարցենբերգը:
-Պարո՛ն Շվարցենբերգ, ինչ կասե՞ք ղարաբաղա-ադրբեջանական սահմանում ապրիլի 1-ից 4-ն ընկած ժամանակահատվածում իրականացված ռազմական գործողությունների վերաբերյալ:
-Սա, իհարկե, ողբերգություն է, սակայն անընդմեջ կրնկվող երեւույթ է, երկու կողմերը դեռ վաղուց են ունեցել խնդիրներ, եւ սա կանխատեսելի էր: Իրականում, գիտենք, որ այս դեպքում ոչ մի խաղաղության համաձայնագիր էլ չի գործում, քանի որ ինչ-որ մեկը դեռ հետաքրքված է այս կոնֆլիկտի շարունակականությամբ:
-Այս օրերին ԵՄ կողմից չեղան հասցեական հայտարարություններ, որոնք հնարավոր է՝ զսպեին ագրեսոր Ադրբեջանին: Ո՞րն է այս լռության հիմնական պատճառը:
-Ես այս պահին չեմ կարող ասել, թե կոնկրետ ով նախաձեռնեց ռազմական գործողությունները, ես անձամբ այնտեղ չեմ եղել: Երկու կողմերը միմյանց են մեղադրում. Ադրբեջանը ասում է՝ Հայաստանն է, Հայաստանը՝ Ադրբեջանը, այդ իսկ պատճառով կարծում եմ նաեւ՝ դժվար է ԵՄ-ի համար հստակ կարծիք ներկայացնել, քանի որ ԵՄ հատուկ դիտորդներ չունի սահմանին, չունի հստակ փաստեր:
-Պարո՛ն Շվարցենբերգ, ըստ Ձեզ՝ այս քառօրյա պատերազմում ի՞նչ դերակատարություն ունեն Ռուսաստանը եւ Թուրքիան:
-Կարծում եմ՝ երկուսից եւ ոչ մի կողմը լավ դերակատարություն չունի: Այստեղ թերեւս Ռուսաստանի դերը ավելի հատուկ է: Դե, իսկ Թուրքիայի եւ Հայաստանի հարաբերությունները պարզ էին դեռ 1915 թվականից՝ ցեղասպանությունից ի վեր, իսկ ազերիներն էլ նույն թուրքերն են:
-Ի վերջո, Դուք ինչպիսի՞ հանգուցալուծում եք տեսնում այս իրավիճակում:
-Միայն փոխզիջում: Տեսնում ենք, որ երկու կողմն էլ չի ցանկանում գնալ փոխզիջման, իսկ եթե դա չլինի, ապա խաղաղության հասնել հնարավոր չի լինի: Ինչպես նաեւ կարեւոր է, որ Ռուսաստանը եւ Թուրքիան հնարավորինս հեռու մնան այս կոնֆլիկտից:
-Պարո՛ն Շվարցենբերգ, Դուք անձամբ ինչպե՞ս եք գնահատում հայ զինվորների խոշտանգումների, դիակապտության, գլխատումների, խաղաղ բնակիչների նկատմամբ ադրբեջանական զինվորների վայրագությունների փաստերը: Ձեր կարծիքով՝ ի՞նչ պետք է անել այս իրավիճակում:
-Նման դեպքում պետք է անհապաղ դիմել ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի համապատասխան մարմիններին եւ լրջորեն հրավիրել նրանց ուշադրությունը այդ վայրագություններին:

 

 

 
ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՈՉ ԹԵ ԽԱԽՏՎՈՒՄ ԵՆ, ԱՅԼ ՊԱՐԶԱՊԵՍ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՆ

Օրերս ԱՄՆ պետդեպարտամենտը հրապարակեց աշխարհի տարբեր երկրներում մարդու իրավունքների վիճակի մասին 2015 թվականի զեկույցը: Երեկ ներկայացրել ենք զեկույցի` Հայաստանին վերաբերող ամրագրումները, այսօր էլ կանդրադառնանք Ադրբեջանի վերաբերյալ զեկույցում տեղ գտած մտահոգություններին:

ԱՄՆ Պետդեպի զեկույցում նշվում է, որ Ադրբեջանում համակարգային կոռուպցիան առկա է կառավարության բոլոր մակարդակներում:
Երկրում մարդու իրավունքների ամենաուշագրավ խախտումները առնչվում են կառավարության կողմից խոսքի ազատության սահմանափակմանը, ինչպես նաեւ քաղաքացիների՝ ազատ եւ արդար ընտրությունների եւ իշխանափոխության իրավունքին: Խախտումները հիմնականում արտահայտվում են մարդկանց ահաբեկելով, ազատազրկելով կասկածելի մեղադրանքների հիման վրա, ուժ գործադրելով իրավապաշտպանների, ակտիվիստների, լրագրողների եւ ընդհուպ մինչեւ նրանց հարազատների նկատմամբ:
Զեկույցում արձանագրված է, որ ԵԱՀԿ ժողովրդավարական կառույցների եւ մարդու իրավունքների գրասենյակը նոյեմբերի 1-ին չեղյալ հայտարարեց Ադրբեջանի խորհրդարանական ընտրությունների վերահսկողությունը, քանի որ Ադրբեջանի կառավարությունը հրաժարվեց ընդունել գրասենյակի կողմից առաջարկվող դիտորդներին: «Առանց գրասենյակի դիտարկման հնարավոր չէր ամբողջական գնահատական տալ խորհրդարանական ընտրություններին: 2013 թվականի նախագահական ընտրությունները եւս չէին համապատասխանում ԵԱՀԿ-ի հիմնական սկզբունքներին՝ ըստ այդմ որակվելով որպես ոչ ժողովրդավարական ընտրություններ»:
Ըստ զեկույցի՝ Ադրբեջանի կառավարությունը խստորեն սահմանափակում է ակտիվիստների եւ ոչ քաղաքական կազմակերպությունների, ինչպես նաեւ լրատվադաշտի գործունեությունը: «2014 թվականի սկզբից կառավարությունը արգելեց թերթերի վաճառքը մետրոներում եւ փողոցներում՝ այն թույլ տալով միայն կառավարության կողմից հաստատված կրպակներում: Սահմանափակումները վերաբերում են նաեւ արտասահմանյան հեռարձակումներին՝ «Ամերիկայի ձայն», «Ազատ Եվրոպա», «Բի Բի Սի», իսկ, ահա, ռուսական «Սպուտնիկ» ռադիոկայանը ազատորեն հեռարձակվել է տեղական ռադիոցանցերում»: Զեկույցում ընդգծված է, որ նախորդ տարվա ընթացքում գրանցվել է լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության 64 դեպք: «Ըստ տարբեր աղբյուրների՝ շարունակական են ճնշումները, հետապնդումները քաղհասարակության նկատմամբ՝ ահաբեկություն, բանկային հաշիվների սառեցում, ձերբակալություն` հիմնականում քաղաքական հայացքների վրա հիմնված մեղադրանքներով»:
Զեկույցում նաեւ անդրադարձ է կատարվել ադրբեջանական կառավարության եւ դատական համակարգի փոխհարաբերությանը՝ ներկայացնելով, որ կառավարությունը օգտագործում է դատական համակարգին` խաղաղ անհնազանդությունը զսպելու համար:
Պակաս չեն խախտումները նաեւ ռազմական ոլորտում, ինչպես, օրինակ, ֆիզիկական բռնությունները բանակում: Դեկտեմբերի 6-ի դրությամբ տեղական իրավապաշտպան կազմակերպությունները զեկուցել են բանակում ոչ մարտական պայմաններում մահվան 37 դեպքի մասին:
Ադրբեջանում ֆիզիկական բռնություններ եւ խոշտանգումներ իրականացվում են նաեւ հարցաքննությունների ընթացքում կալանավորների նկատմամբ, նաեւ սահմանափակումներ են կիրառվում կրոնավորների, որոշ չգրանցված մուսուլմանական եւ քրիստոնեական խմբերի նկատմամբ:
2009-2013 թվականներին խոշտանգումներ իրականացնելու մեղադրանքով Ադրբեջանում բանտի աշխատակիցների դեմ ներկայացվել է 334 բողոք:
Հատկանշական է, որ ինչպես Հայաստանի վերաբերյալ զեկույցում, այնպես էլ այստեղ ԱՄՆ պետական դեպարտամենտը նույնաբովանդակ անդրադարձ է կատարել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությանը՝ նշելով, որ Հայաստանի օգնությամբ անջատողականներն իրենց վերահսկողության տակ են վերցրել Լեռնային Ղարաբաղը եւ ադրբեջանական յոթ տարածքներ: Չլուծված հակամարտության հետեւանքով 2014 թվականի դեկտեմբերի դրությամբ ներքին տեղահանվածների թիվը կազմել է 622.892:

Նյութերը՝ ՍՅՈՒԶԻ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ

 

 

 
ԱԶԱՏՎԵԼ ԵՆ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ
Համացանցում ընդամենը մեկ օրով տարածված եւ մեծ աղմուկ հանած ձայնագրության մեջ հիշատակվող մաքսային մարմինների աշխատակիցներն աշխատանքից ազատվել են: Դա տեղի է ունեցել ձայնագրության տարածվելուց երկու օր անց` ապրիլի 1-ին: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեից: Ըստ ՊԵԿ-ի՝ ձայնագրությունում հիշատակված Ռոբերտ Կայֆաջյանը եւ Կարեն Գրիգորյանը ապրիլի 1-ին ազատվել են աշխատանքից: «Ժողովուրդ»-ը ՊԵԿ-ից փորձեց պարզել, թե արդյոք ՊԵԿ-ում ձայնագրությանը որեւէ ընթացք տվել են: Ի պատասխան՝ ՊԵԿ-ից ասացին. «ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի վերաբերյալ 2016թ. մարտի 30-ին համացանցում հրապարակված ձայնագրության մեջ հայտնված ենթադրյալ հանցագործությունների բացահայտման ուղղությամբ ՊԵԿ-ն իրավասու չէ միջոցներ ձեռնարկել. խնդիրը վերաբերում է իրավասու պատկան մարմիններին` հաշվի առնելով այն հանգամանքը, որ ձայնագրությունում նշված անձինք հանդիսացել են պետական հատուկ ծառայության պաշտոններ զբաղեցնողներ` մաքսային ծառայողներ»:

 

 

ՉԱԽԿԱԼ ԱՐԹՈՒՐԸ ԱՂՔԱՏԱՆՈ՞ՒՄ Է
ՀՀ ԱԺ պատգամավոր Արթուր Ստեփանյանի՝ Չախկալ Արթուրի գործերը, կարծես, այնքան էլ լավ չեն: Նա անցած տարի վաճառել է 101.5 մլն դրամ արժողությամբ անհատական բնակելի տուն: Մեկ անհատական բնակելի տուն էլ վաճառել էր 2014թ.՝ 55 մլն դրամ արժողությամբ: Ըստ պատգամավորի պաշտոնական հայտարարագրի՝ այդքան գույք վաճառելուց հետո անգամ նա դրամական միջոցներ չունի: Որպես եկամուտ հայտարարագրել է վաճառած բնակարանը եւ պատգամավորական աշխատավարձը՝ ամսական 548 հազար դրամ: Պատգամավորի հայրը՝ Արսեն Ստեփանյանը, չունենալով դրամական միջոցներ, անցյալ տարի գնել է 13 մլն դրամ արժողությամբ «Lexus LX 570» մակնիշի ավտոմեքենա: Հիշեցնենք, որ Ա. Ստեփանյանը պատգամավոր է դարձել Քանաքեռ-Զեյթուն համայնքն ընդգրկող թիվ 3 ընտրատարածքից: Նա համարվում է ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանի` Քեթրինի Միհրանի հովանավորյալը:

 

 

ԳՈՒՄԱՐՍ ԳԱՂՏՆԻ ԹՈՂ ՄՆԱ
Շարունակելով պարզել, թե հայ պաշտոնյաներից ո՞վ որքան գումար է փոխանցել Արցախին, «Ժողովուրդ»-ն այս անգամ հետաքրքրվեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանի ներդրման չափով: Վերջինս 2015թ. հայտարարագրել է 9.5 մլն դրամ դրամական միջոց եւ 3 հզ. 221 եվրո: Ինչեւէ, փոխնախարարը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ ընտանիքի բոլոր անդամների հետ գումարային օգնություն է տրամադրել Արցախին, սակայն հրաժարվեց չափն ասել:

 

 

ՀՀԿ ՆԻՍՏ
Այսօր տեղի է ունենալու ՀՀԿ ԳՄ հերթական նիստը, որի ընթացքում հավանաբար քննարկվելու են ղարաբաղա-ադրբեջանական սահմանում ապրիլի 1-ից 4-ն ընկած ժամանակահատվածում իրականացված ռազմական գործողությունները, դրանց պատճառները եւ հետեւանքները:




Լրահոս