1973թ. Յոմ Կիպուրի եւ 2016թ. քառօրյա պատերազմների միջեւ ընդհանրությունները շատ են: Տրամաբանությունը հուշում է, որ ռազմաճակատում դադարեցված կռիվը փոխադրվելու է բանակցային սեղանի շուրջ, որտեղ ՀՀ իսկապես մեծ անելիք ունի: Հաշվի առնելով արաբա-իսրայելական այս պատերազմի արդյունքում խաղաղության հասնելու նախադեպը` փորձենք հասկանալ ԼՂՀ հակամարտության առաջիկա զարգացումների միտումները:
Յոմ Կիպուրի պատերազմի ավարտից հետո ԱՄՆ պետքարտուղար Հենրի Քիսսինջերի անմիջական մասնակցությամբ Եգիպտոսն ու Իսրայելը համաձայնեցին խաղաղության հաստատման ուղղությամբ առարկայական քայլեր ձեռնարկել: 1974 եւ 1975թթ. ստորագրվեցին Սինայի 1-ին եւ 2-րդ համաձայնագրերը, որոնք փուլ առ փուլ դուրս բերեցին իսրայելական զորքերը գրավված շրջաններից: Բայց եւ այնպես տվյալ փուլում Իսրայելը շարունակում էր իր տիրապետության տակ պահել գրավված Սինայի թերակղզու առնվազն 2/3-ը, ինչը կարեւորագույն խաղաքարտ պիտի լիներ բանակցությունների հաջորդ փուլում: Փաստ է, որ պատերազմը տեղից շարժեց քարացած ստատուս-քվոն: Այս առումով Եգիպտոսին հաջողվեց միջազգային շրջանակների ուշադրությունը հրավիրել հակամարտության վրա, հակել Իսրայելին ամուր խաղաղություն հաստատելու ուղղությամբ: Իսրայելը հասկացավ, որ Եգիպտոսը լուրջ պոտենցիալ է կուտակել 1967թ. կրած պարտությունից հետո, մինչդեռ Եգիպտոսն էլ գիտակցեց, որ տեխնիկան ու ուժեղ բանակը դեռ հաղթանակի վերջնական երաշխիք չեն: Պատերազմն ու դրա աղետալի հետեւանքները երկու կողմերին էլ հոգեբանորեն պատրաստեցին զիջումների:
Մերձավոր Արեւելքում քաղաքական գերիշխանություն ունեցող ԱՄՆ-ի դերակատարությունն ընդունելով հանդերձ` հարկ է փաստել, որ առաջին հերթին Իսրայելի ու Եգիպտոսի քաղաքական վերնախավերի պետականամետ կեցվածքն էր, որ բացեց խաղաղության դուռը: Առաջին քայլն արեց Եգիպտոսի նախագահ Անվար Սադաթը 1977թ.: Անձնական նախաձեռնությամբ նա այցելեց Իսրայել եւ ուղերձով հանդես եկավ Կնեսետի առաջ: Սա աննախադեպ քայլ էր` հաշվի առնելով արաբա-իսրայելական հակամարտության ամենասկզբից Եգիպտոսի թշնամական կեցվածքն ու մի քանի արյունահեղ պատերազմները: Իսրայելն էլ, ի հեճուկս կրած բազմաթիվ կորուստների ու զրկանքների, ընդառաջեց Եգիպտոսի փոխզիջումային պահվածքին: Այս ամենը նոր զարկ տվեց բանակցություններին` կանխորոշելով դրանց դրական ելքը:
1978թ. սեպտեմբերի 5-17-ին Քեմփ Դեյվիդում ԱՄՆ-ի նախաձեռնությամբ ընթացած բանակցությունները դրական արդյունք տվեցին: Իսրայելը դուրս բերեց իր զորքերը Սինայի թերակղզուց, որի դիմաց Եգիպտոսը ճանաչեց Իսրայելի անկախությունը: Ըստ էության, կնքված պայմանագրում որեւէ նորություն չկար: Եղավ այն, ինչ առաջարկվում էր դեռ 1967թ.: Ստացվում է, որ Իսրայելն ու Եգիպտոսը կորցրին զարգացման, բարգավաճման ու սեփական քաղաքացիների բարեկեցության ապահովման համար կենսական 12 տարիներ:
Իսկ ԼՂ հակամարտության բանակցություններն ընթանում են շուրջ 22 տարի: 1997թ. մոտ լինելով հանգուցալուծմանը` կողմերը փոխզիջումն ընդունելու ի վիճակի չեղան: 2007թ. նոյեմբերի 29-ին ընդունված «Մադրիդյան սկզբունքները» հիմնականում կրկնում են 97-ի փուլային առաջարկը` հայկական կողմի համար մի քանի լիովին անընդունելի փոփոխություններով: Ո՛չ 1997-ի, ո՛չ 2007-ի, ո՛չ էլ 2011-ի կազանյան առաջարկները լիովին չեն բավարարել հակամարտության կողմերին: Բայց փոխզիջման էությունը հենց այն է, որ կողմերից ոչ մեկն էլ առավելագույնը ստանալ չի կարող: Վերջապես գործ ունենք կոնկրետ հակամարտության հետ, կոնկրետ աշխարհաքաղաքական տարածքում` լուծումների սահմանափակ քանակով: Այսինքն` որքան էլ հակամարտությունը չլուծված մնա, անհնար է բանակցային սեղանի շուրջ նոր հեծանիվ հորինել: Ապրիլյան պատերազմը ապացուցեց, որ Ադրբեջանն ի վիճակի չէ հապճեպորեն գրավել ԼՂ-ն, իսկ երկարաժամկետ պատերազմին վառոդի տակառ դարձած երկիրը գուցե չդիմանա: Հայկական կողմի համար պարզ դարձավ, որ նախորդ տարիներին երկրում իրականացված այլանդակությունները եւ մասնավորապես Մոսկվայից ունեցած ծայրահեղ կախվածությունը ուղղակիորեն արգելակում են Ադրբեջանին կապիտուլյացիա պարտադրելուն: Երկու կողմերն էլ պարտավոր են հանդես բերել պետականամետ կեցվածք եւ գիտակցել, որ փոխզիջման այլընտրանքը որդեկորույս մայրերի քանակի շեշտակի ավելացումն է:
Միեւնույն ժամանակ չենք կարող անտեսել այն իրողությունը, որ թե՛ Ադրբեջանում, թե՛ ՀՀ-ում իշխանությունները մտածում են բացառապես իրենց աթոռը պահելու մասին: Սա ակնհայտ է երկու երկրների հռետորաբանությունից, մատուցվող տեղեկատվության անորոշությունից, ներհասարակական մթնոլորտի առողջացմանն ուղղված հրատապ քայլերի բացակայությունից: Արձանագրելի է, որ երկու պատերազմների միջեւ բազմաթիվ զուգահեռներով հանդերձ` դրական փոխզիջման հասնելու համար մեր պարագայում բացակայում են կենսական մի շարք գործոններ: Եթե Եգիպտոսում Անվար Սադաթը հանդես բերեց պետական գործչի կեցվածք ու գնաց Իսրայելը ճանաչելու ճանապարհով, ապա ի՞նչն է խանգարում Ալիեւին որոշ տարածքային զիջումների դիմաց ճանաչել Լեռնային Ղարաբաղը: Եթե Իսրայելը պատրաստ էր զիջումների, ապա Ս. Սարգսյանը 1997թ-ին վիժեցրել էր առաջարկված լուծումը, սակայն այսօր բանակցում է ոչ ավելի լավ տարբերակների շուրջ: Ի վերջո, երկու երկրների ղեկավարությունները նախորդ տարիները վատնել են բացառապես սեփական հետաքրքրությունների համար: Նկատենք, որ Եգիպտոսի ու Իսրայելի ղեկավարները գաղափարական մարդիկ էին` սեփական շահերը նույնացրած ազգային-պետական մտածողությանը: Այսօր նման շռայլություն աշխարհում ամեն տեղ չես գտնի, առավել եւս` Կովկասում, երբ այդչափ մեծ է խորհրդային ժառանգության բացասական ազդեցությունը: Ի դեպ, ՌԴ-ն էլ չի կարող հավակնել ԱՄՆ-ի պես ադեկվատ ու անշահախնդիր միջնորդ դառնալուն, քանզի կենսական շահեր ունի` ղարաբաղյան հակամարտությունը թեժ պահելով: Այս ամենը թույլ է տալիս եզրակացնելու, որ Քեմփ Դեյվիդի նախադեպից չեն օգտվելու ո՛չ ՌԴ-ն` հանդես բերելով ազնիվ միջնորդի կեցվածք, ոչ էլ ՀՀ-ն ու Ադրբեջանը` գերապատվելով խաղաղությունը: Բացի խաղաղություն տենչող ժողովուրդներից, մեր դեպքում որեւէ մեկը հաշտությամբ շահագրգռված չէ:
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ ԳՈՐԾԵԼԱՈՃ
Ապրիլի սկզբին Արցախում 4 օր տեւած պատերազմի հետ կապված սահմանամերձ Տավուշի մարզի պաշտպանությանն ուղղված միջոցառումներ ձեռնարկվեցին, Ադրբեջանին սահմանակից գյուղերում մարտունակ տղամարդկանց, երկրապահներին զենքեր բաժանվեցին, աշխարհազորային կամավորները միացան սահմանը պաշտպանող ժամկետային զինծառայողներին: Պատերազմի վտանգը օդում կախված է, Տավուշում դա լավ են գիտակցում: Իսկ ՀՀ դատախազությունը կարծես վտանգին անտեղյակ ու անտարբեր լինի, այս կառուցի գործողությունները ոչ միայն օրենքին են հակառակ, այլեւ սահմանագոտու պաշտպանությանը: Ահավասիկ: Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Աչաջուր գյուղի բնակիչ, 1982թ. ծնված Արթուր Մելիքբեկյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի ձեռք է բերել եւ Աչաջուր գյուղում գտնվող իր տանը ապօրինի պահել որսորդական ակոսափող հրազեն հանդիսացող 5.45մմ տրամաչափի «Սայգա ՄԿ» տեսակի կարաբին եւ որսորդական ակոսափող զենքերից կրակելու համար նախատեսված, ռազմամթերք հանդիսացող 11 հատ 5.45մմ տրամաչափի փամփուշտ: Ա. Մելիքբեկյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից եւ դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը), նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանը սույն քրեական գործը քննելով՝ ապացուցված է համարել, որ Արթուր Մելիքբեկյանը իր ընկերոջ՝ Հովհաննես Ղալթախչյանի անվամբ գրանցված օրինական, ինքնալից որսորդական ակոսափող հրազեն հանդիսացող 5.45մմ տրամաչափի «Սայգա ՄԿ» տեսակի կարաբինը Հ. Ղալթախչյանից խնդրել է ժամանակավորապես՝ շնագայլերի վրա կրակելու եւ դրանց իր տան շրջակայքից հեռացնելու նպատակով, այդ փաստը հաստատված է նաեւ քրեական գործով մեղադրական եզրակացության նկարագրական մասի մեջ:
2016թ. փետրվարի 11-ին Բերդ քաղաքում Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը վճռել է ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում Արթուր Մելիքբեկյանին արդարացնել՝ նրա արարքում հանցագործության դեպքի բացակայության պատճառով, եւ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել: Դատավճռում նշված է, որ այն կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան՝ հրապարակման պահից մեկամսյա ժամկետում: Մեկամսյա ժամկետում այն չի բողոքարկվել եւ պետք է օրինական ուժի մեջ մտներ: Սակայն մարտի 18-ին վերաքննիչ քրեական դատարանում ստացվել է ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարեւոր գործերով վարչության դատախազ Արիս Բարսեղյանի վերաքննիչ բողոքը, որով նա խնդրել է բեկանել Արթուր Մելքիբեկյանի արդարացման դատավճիռը եւ 235 հոդվածի 1-ին մասով կայացնել մեղադրական դատավճիռ: Վերաքննիչ դատարանը ուշացումով ստացված բողոքը ընդունել է եւ մակագրել դատավոր Կարինե Ղազարյանի նախագահությամբ դատարանի կազմին:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ