Ադրբեջանը այժմ ասում է՝ եթե չեք ուզում նորից հրադադարը խախտվի, ապա պետք է բանակցենք. Արամ Կարապետյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի` հասարակական-քաղաքական հարցերով խորհրդական Ալի Հասանովը նախօրեին ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին ասել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Ռուսաստանի նախաձեռնությամբ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ մոտակա ժամանակներում նոր, ինտենսիվ բանակցություններ են սկսվելու: Նկատենք, որ  այս հայտարությունից հետո Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնեց ԼՂՀ:

Առաջիկա ինտենսիվ բանակցությունների հնարավորությանն անդրադառնալով՝ ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը նշել է, որ ԼՂՀ հիմնահարցի վերջնական կարգավորումն առանց Ստեփանակերտի հնարավոր չէ: «Ադրբեջանն այս փուլում կփորձի վճռականորեն եւ համառորեն խոչընդոտել Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացում ներգրավմանը, բայց պետք է ասել, որ ստեղծվել է բավականին հետաքրքիր եւ պարադոքսալ իրավիճակ: Մի կողմից Ադրբեջանը պատերազմում է մեզ հետ, բայց մյուս կողմից չի ցանկանում մեզ հետ բանակցություններ վարել եւ փորձում է խոչընդոտել լիարժեք բանակցային ֆորմատի վերականգմանը»,- ասել է Բաբայանը:

Հարցի հետ կապված Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանն էլ «Ժողովուրդ»-ին փոխանցեց հետեւյալը.«Հայկական կողմը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ չի քննարկել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով բարձրագույն մակարդակով հանդիպումների հարցը: Այս պահին բանակցային գործընթացի կողմերը եւ Մինսկի խմբի համանախագահները չեն քննարկել բարձրագույն մակարդակով հանդիպումների ժամկետներն ու հնարավորությունը»:

Նկատենք, որ Սերժ Սարգսյանի մամլո խոսնակը հիշատակում է միայն ԵԱՀԿ ՄԽ համանախագահների շրջանակներում քննարկումների բացակայությունը, իսկ թե արդյոք կա բանակցային գործընթացի մեկնարկի նախապատրաստություն` բացառապես Ռուսաստանի հովանու ներքո, այս մասին որեւէ բան չի ասվում:

«Ժողովուրդ»-ն այս առնչությամբ զրուցել է «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի հետ:

-Պարո՛ն Կարապետյան, Ադրբեջանի նախագահի օգնականի հայտարարության համաձայն` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ առաջիկայում սպասվում է բանակցային ինտենսիվ փուլ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ: Ըստ Ձեզ՝ ինչ կտա մեզ Վ. Պուտինի` «խաղի մեջ մտնելը»:

-Իրավիճակը շատ հստակ է: Այստեղ որեւէ նոր բան չկա: Դա ադրբեջանական կլասիկան է. բավականաչափ լուրջ սրում են ռազմական իրավիճակը, որպեսզի որոշակի խնդիրներ լուծեն, այդ թվում ԵԱՀԿ-ի համանախագահներին տեղից շարժել, եթե կարիք լինի հարց փոխելու եւ այլն: Հիմա մենք եկանք, հասանք իրենց օպերացիայի քաղաքական մասի տրամաբանական ավարտին: Ադրբեջանը այժմ ասում է՝ եթե չեք ուզում նորից հրադադարը խախտվի, նորից սկսենք կռվել, մարդկային զոհեր լինեն, ապա պետք է բանակցենք: Եվ այդ հարցում Ադրբեջանն առաջնային տեղ է տալիս ոչ այնքան մադրիդյան, որքան կազանյան փաստաթղթին:

Հիմա դրա վերջնական վիճակն այն է, որ մենք անվտանագության գոտուց ազատագրված որոշակի տարածքներ զիջում ենք, դրա փոխարեն ստանում ինչ-որ ժամանակավոր կարգավիճակ, դրանից հետո երբ որ ամեն ինչ հանդարտվի, վերջնական կարգավիճակ պետք է որ լինի. ԼՂՀ-ն հանրաքվեով որոշի: Հիմա Պուտինը կմտնի խաղի մեջ, Օբաման կմտնի, Օլանդը կմտնի… ով որ մտնի խաղի մեջ, հարցը դրա մեջ չէ: Հիմա ԴԱՀԿ-ի պետին կհեռացնեն, Հրազդանում ընտրություններ կկեղծեն, չգիտեմ՝ ինչ ուսումնական նռնակներ կնետվեն, չեն նետվի, ինչ ասես, կլսենք, կտեսնենք իրավիճակը շեղելու, խառնելու քայլեր, բայց հարցը մնալու է հստակ. արդյո՞ք ՀՀ իշխանությունը նմանատիպ կոմպրոմիս տեսնում է, թե չի տեսնում: Ինչ կանեն դրսի խաղացողները, ոնց կանեն, դա այդքան էլ դժվար չէ հասկանալ:

-Ձեր կարծիքով՝ մենք ինչի շուրջ պետք է բանակցենք:

-Իմ համար ամենակարեւորը սկզբունքն է, մնացածը տեխնիկայի խնդիր է: Կարծում եմ՝ Էդվարդ Նալբանդյանը եւ ՀՀ ԱԳՆ-ն, նաեւ ազգային անվտանգության խորհուրդը դրա մասին պետք է մտածած լինեն: Բա իրենց գործը ի՞նչ է, նաեւ սցենարներ մշակելը չէ՞: Ինչ կլինի, որ դեպքում ինչպես պահել եւ այլն… հուսամ, որ իրենք պատրաստվել են: Եթե սկզբունքը ընդունելի չէ, դրա շուրջ խոսել էլ պետք չէ:

-Պարո՛ն Կարապետյան, անձամբ Դուք այս խնդրի լուծումը ինչպե՞ս եք տեսնում:

-Ես կարծում եմ, որ եթե բանակցություններն այդ սկզբունքների վրա են գնալու, ոչնչի չեն բերելու: Երբ անալիզ ենք անում այն, ինչ դրված է սեղանին, ինչի մասին գրվում է, մենք տեսնում ենք, որ ոչինչ չտվող բանակցություններ են: Միակ դրական բանն այն է այդ բանակցություններում, որ համեմատաբար լայնամասշտաբ ռազմական գործողությունները դադարի մեջ կլինեն: Դատելով այն պրոցեսից, որը գնում է տարածաշրջանում` տնտեսական, քաղաքական, բիոքաղաքական առումով, հատկապես Ադրբեջանի սոցիալ-տնտեսական վիճակը, նավթի գների վերջին անկումը, այդ ամենը ցույց է տալիս, որ Ադրբեջանը, ցավոք սրտի, ռազմական առումով դժվար թե կանգնի:

ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ




Լրահոս