ՔԵԹՐԻՆԻ ՄԻՀՐԱՆԻ ՇՈՒՐՋ «ՕՂԱԿԸ» ՍԵՂՄՎՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ հայտնի դարձավ, որ հրաժարականի դիմում է նեկայացրել ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պետ Միհրան Պողոսյանը: Ինչպես նկատում ենք՝ Միհրան Պողոսյանի անվան շուրջ օղակը գնալով սեղմվում է, քանի որ մեզ հասած տեղեկություններով, իրավապահները վերջինիս գործունեության մասով գործընթաց են սկսել:

Ապրիլի 17-ին տեղեկություններ տարածվեցին, որ այդ օրը «Զվարթնոց» օդանավակայանից Երեւան-Փարիզ չվերթ իրականացնող «Էյր ֆրանս» ավիաընկերությունով արտերկիր են պատրաստվել մեկնել դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պետ, գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի երեխաները: Տոմսարկղի մոտ հասնելուն պես թիկնապահների եւ օդանավակայանի աշխատակցի միջեւ տեղի է ունեցել վիճաբանություն, ինչի արդյունքում թիկնապահներից մեկը ծեծի է ենթարկել օդանավակայանի աշխատակցին:
2008թ. հունիսի 11-ին Սերժ Սարգսյանի հրամանագրով դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարող նշանակված Միհրան Պողոսյանը մշտապես իրեն պահել է այնպես, ինչպես ցանկացել է: Անպատիժ: Ապրիլի 4-ին «Հետք» պարբերականը հրապարակեց Միհրան Պողոսյանի բիզնեսներին եւ, մասնավորապես, օֆշորային տարածքներում գրանցված ընկերությունների ու դրանց գործունեության վերաբերյալ լրագրողական հետաքննության արդյունքները:
Մասնավորապես, հրապարակված հոդվածում մեկ առ մեկ ներկայացված էին Միհրան Պողոսյանին պատկանող ընկերությունների անունները, որոնց միջոցով գլխավոր հարկադիր կատարողը միլիոնավոր դոլարների եկամուտներ է ստանում՝ իր պաշտոնն օգտագործելով:
Մեզ տեղեկություններ հասան, որ հրապարակումները հիմք են դարձել, որ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր՝ 6-րդ վարչությունը ուսումնասիրի Միհրան Պողոսյանի բիզնեսների վերաբերյալ հրապարակված տվյալները: Ու մինչ իրավապահները ուսումնասիրում էին ԴԱՀԿ պետի մասին հրապարակված տեղեկությունները, Միհրան Պողոսյանի թիկնապահները մի նոր «գլխացավանք» բերեցին իրենց ղեկավարի գլխին` ապրիլի 17-ին ծեծելով օդանավակայանի աշխատակիցներց մեկին: Երեկ «Ժողովուրդ»-ը ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից պարզեց, որ ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանի թիկնապահների կողմից օդանավակայանի աշխատակցին ծեծի ենթարկելու միջադեպով նյութեր են նախապատրաստվում: Ստացվում է, որ ոստիկաններն այս օրերին Միհրան Պողոսյանի անվան շուրջ երկու գործ են քննում:
«Ժողովուրդ»-ը իրավապահ մարմիններին մոտ կանգնած իր աղբյուրներից տեղեկացավ, որ Միհրան Պողոսյանի գործունեության մասով իրավապահներն այս օրերին տարբեր դրվագներով քննություն են սկսել:
Բայց Պողոսյանն իր հրաժարականը որոշեց որպես հայրենասիրական մի մեծ ժեստ մատուցել` դիմումի մեջ գրելով. «Հայկական եւ միջազգային մամուլում վերջերս պանամական օֆշորների մասին հրապարակումներում ի հայտ եկավ նաեւ իմ անունը: Ցավում եմ, որ անունս արծարծվում է միլիարդավոր դոլարներ իրականում սեփականացրած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ընտանիքի կողքին: Անընդունելի եմ համարում, որ իմ անձը պատճառ դառնա իմ երկրի եւ բռնապետական Ադրբեջանի միջեւ քաղաքակրթական որեւէ զուգահեռի, ինչի համար էլ այսօր իմ հրաժարականի դիմումն եմ ներկայացրել զբաղեցրածս պաշտոնից: Օֆշորային հրապարակումներին հրապարակավ կանդրադառնամ արդեն որպես շարքային քաղաքացի՝ առանց պետական լծակներ տիրապետելու»:
Կարդալով այս ուշագրավ տեքտը՝ ամեն դեպքում կասկածներ են առաջանում, որ կա մի այնպիսի պատճառ այս հրաժարականի համար, որն աններելի է: Հիշեցնենք, որ Միհրան Պողոսյանը միշտ էլ աչքի է ընկել հանրության կողմից դատապարտելի վարքաբանությամբ, բայց նրան երբեք չեն հորդորել հրաժարականի դիմում գրել:
Հիշեցնենք նաեւ՝ դեռեւս 2010 թվականի՝ ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի եւ Միհրան Պողոսյանի տարաձայնությունը, ինչի արդյունքում Պողոսյանի փոխարեն Գեւորգ Դանիելյանը հրաժարական տվեց: Ինչպես բազմիցս գրել է մամուլը, Հայաստանում բանանի եւ ցիտրուսային մի շարք այլ մրգերի ներկրման մենաշնորհը պատկանում է ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանին` Քեթրինի Միհրանին:
Ու չնայած այս իրողությանը, Միհրան Պողոսյանը բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին մի համեստ հայտարարագիր է ներկայացրել: Ըստ որի՝ 2015 թվականի սկզբի դրությամբ Պողոսյանն ունեցել է 26 միլիոն դրամ, 250 հազար դոլար եւ 12 հազար եվրո, իսկ տարվա վերջում դրանք դարձել են 22 միլիոն դրամ, 200 հազար դոլար եւ 12 հազար եվրո: Նախկին գլխավոր հարկադիր կատարողի եկամուտները գոյացել են աշխատավարձից եւ վարձակալությամբ տված գույքի դիմաց ստացած վճարումներից: Միհրան Պողոսյանի աշխատավարձը կազմել է 12 միլիոն 359 հազար 309 դրամ, իսկ անշարժ գույքի վարձակալությունից ստացել է 5 միլիոն, 2 միլիոն, 2 միլիոն եւ 1 միլիոն դրամ: Նրա եկամուտներն ընդհանուր առմամբ կազմել են 22 միլիոն 359 հազար 309 դրամ:
Վերջում ընդգծենք, որ ՀՀ իշխանությունները սովորաբար որեւէ պաշտոնյայից ազատվում են այն ժամանակ, երբ ամենաբարձր օղակներին խաբելու փաստ է հայտնաբերվում, ընդ որում, խոսքը ֆինանսական «անճշտությունների» մասին է: Հուսանք` կպարզվի, թե որն է եղել ԴԱՀԿ պետի հրաժարականի իրական պատճառը:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 
ՀԱՅՏՆԻ ԸՆՏՐԱԿԵՂԾԱՐԱՐԸ
Ապրիլի 17-ին Հրազդան քաղաքում քաղաքապետի ընտրություններն այդքան էլ հարթ չանցան. լեզվակռիվ, վիճաբանություն, միմյանց հասցեին կոպիտ արտահայտություններ: armlur.am-ը անդրադարձել էր Կոճոռ թաղամասում տեղակայված 25/01 ընտրատեղամասում տիրող իրավիճակին, թե ինչպես է հանձնաժողովի նախագահ Լյովա Օհանյանը վիճաբանում Սասուն Միքայելյանի, ինչպես նաեւ Արթուր Միսակյանի վստահված անձանց հետ: Լյովա Օհանյանը Արթուր Միսակյանի վստահված անձ Միլենային անգամ սպառնաց «բոքսով» հարվածել: Իսկ հանձնաժողովի նախագահի քարտուղար Անուշ Աֆրիկյանը ամեն կերպ արդարացնում էր հանձնաժողովի նախագահի քայլերը՝ լրագրողներին հորդորելով չմիջամտել գործընթացին: Եթե Կոճոռ համայնքի վերոնշյալ ընտրատեղամասում գրեթե մեծ մասը Արամ Դանիելյանի թիմակիցներն էին եւ ՀՀԿ-ականներ, ապա հանձնաժողովի քարտուղար Անուշ Աֆրիկյանի դեպքում ամեն ինչ այլ էր:
Իսկ ո՞վ էր տիկին Անուշը: armlur.am-ը գրել էր, որ Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը Երեւանից, Արտաշատից եւ Աբովյանից մարդիկ է բերում Հրազդան: Նրանք գալիս են մարզպետարան, այնտեղ հրահանգներ ստանում, որից հետո ցրվում ընտրատարծքներով: Նրանց թվում կային նաեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին եւ ներկա անդամներ:
Պարզեցինք, որ Անուշ Աֆրիկյանը եւս հայտնի ԲՀԿ-ական է եւ աշխատում է Աբովյան քաղաքի 5-րդ թաղամասում որպես համատիրության նախագահ: Վերջինս առաջին անգամ չէ, որ մասնակցում է ընտրություններին: Անուշ Աֆրիկյանին ԲՀԿ-ում ճանաչում են որպես հայտնի ընտրակեղծարար, որը մշտապես հայտնվել է աղմկալի իրավիճակներում:
Տեղեկացանք, որ 2015 թվականին Աբովյանի քաղաքապետի ընտրություններին Անուշ Աֆրիկյանը նշանակված է եղել 28/8 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ: Արդյունքում, «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը հաղորդագրություն էր տարածել, որ 28/8 ընտրատեղամասում վստահված անձը նստել է հանձնաժողովի նախագահ Անուշ Աֆրիկյանի կողքին, ընտրացուցակներում քաղաքացիների անուններն ու անձնագրի համարներն է փնտրել: Բացի այդ՝ ԲՀԿ-ական Անուշ Աֆրիկյանը խոչընդոտել է իրենց պարտականություններն իրականացնող լրագրողների աշխատանքը:
Այսպիսով՝ ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսան իր աներոջ թիմին բերել էր Հրազդան ու իրականացնում էր ընտրակեղծիքների մի ողջ շղթա:
Լուսանկարում Անուշ Աֆրիկյանը զրուցում է Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանի հետ:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 
ԱՆՀԱՆԳԻՍՏ Է
Ապրիլի 17-ի լույս 18-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարեւելյան հատվածում գրանցվել է հրադադարի խախտման 9 միջադեպ: ՀՀ ՊՆ տեղեկացմամբ` ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի հրաձգային եւ դիպուկահար զինատեսակներից անկանոն բնույթի կրակահերթեր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ: ԼՂՀ ՊԲ-ի տեղեկացմամբ էլ ապրիլի 17-ի լույս 18-ի գիշերը հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակի դադարեցման բանավոր պայմանավորվածությունը խախտել է ավելի քան 50 անգամ: Հյուսիսարեւելյան (Մարտակերտ) ուղղությամբ կիրառել է նաեւ 82 մմ-ոց ականանետ (3 արկ): Հյուսիսային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերում հակառակորդի կողմից արձակված կրակոցներից հրազենային վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ, 1991 թվականին ծնված Էրիկ Բորիսի Մաթեւոսյանը եւ 1996 թվականին ծնված Ազատ Տիգրանի Բարսամյանը: Բացի կրակային միջոցների կիրառումից՝ ադրբեջանական կողմը 01:00-ի սահմաններում արեւելյան (Ակնա) ուղղությամբ ձեռնարկել է շուրջ 20 հոգուց բաղկացած դիվերսիոն-հետախուզական խմբի ներթափանցման փորձ, որը ղարաբաղյան ուժերի կողմից ժամանակին հայտնաբերվել եւ հետ է շպրտվել:

 

 

ՈՒՂԱՐԿԵԼ ԵՆ
Հրազդանի քաղաքապետի ընտրությունների վերաբերյալ լրատվամիջոցներում հրապարակված տեղեկություններն ուղարկվել են ոստիկանություն: «Սույն թվականի ապրիլի 17-ին Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում համայնքի ղեկավարի ընտրությունների հետ կապված քաղաքացիների ընտրական իրավունքի սահմանափակման, ընտրական գործընթացի խոչընդոտման վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները եւ քաղաքացիների ահազանգերը ՀՀ դատախազության կողմից ուղարկվել են ըստ ենթակայության (9-ը՝ ՀՀ ՀՔԾ, 6-ը՝ ՀՀ ՔԿ, 9-ը՝ ՀՀ ոստիկանություն) նյութեր նախապատրաստելու եւ ստուգողական գործողություններ իրականացնելու նպատակով»,- ասվում է գլխավոր դատախազության հաղորդագրությունում:

 

 

ԳՈՐԾ Է ՀԱՐՈՒՑՎԵԼ
ՀՔԾ-ում հարուցվել է քրեական գործ Հրազդանի քաղաքապետի ընտրությունների գործընթացը լուսաբանող «Araratnews.am» կայքի գլխավոր խմբագիր Ա. Սիմոնյանի հաղորդման հիման վրա: Հիշեցնենք, որ 2016թ. ապրիլի 17-ին կայանալիք Հրազդանի քաղաքապետի ընտրությունների գործընթացը լուսաբանելու նպատակով Սիմոնյանը 2016թ. ապրիլի 12-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, գնացել էր Հրազդան քաղաքի քաղաքապետի թեկնածու Արամ Դանիելյանի նախընտրական շտաբ, որտեղ, ներկայանալով որպես զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչ, ցանկացել էր լուսաբանել ընտրություններին վերաբերող թեմաներ, սակայն նրան թույլ չէին տվել իրականացնել իր մասնագիտական գործունեությունը եւ հրելով դուրս էին հանել շտաբից:




Լրահոս