1. Լոզանի կոնֆերանսից հետո` 1923-1965 թթ., Հայոց ցեղասպանության խնդիրը Միջազգային ընկերակցությունը վարպետորեն շրջանցեց եւ մոռացության մատնեց:
Մոռացության պատը հնարավոր եղավ քանդել 1965 թ. Մեծ եղեռնի 50-ամյա տարելիցի օրերին Խորհրդային Հայաստանում բռնկված պահանջատիրության ցույցերով, շարժումով եւ, մանավանդ, 1973-1975 թթ. Սփյուռքում ձեւավորված ազգային ազատագրական պայքարի` Գուրգեն Յանիկյանի, Գեւորգ Աճեմյանի, Սիմոն Սիմոնյանի, Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի, Հայոց Ցեղասպանության Արդարության Մարտիկների եւ այլ կազմակերպությունների ու անհատների մեծ ջանքերի ու զոհողությունների գնով: 1983-1985 թթ. արեւմտյան որոշ գերտերությունների գաղտնի ծառայությունների աննախադեպ սադրանքների ու բռնամիջոցների ձեռագրով հայ ազատագրական պայքարը ժամանակավորապես կասեցվեց: Ժամանակավորապես, որովհետեւ 1988-ի Արցախյան շարժումով այն կրկին հառնելու էր:
1965-1985 թվականները Հայոց ցեղասպանության ճանաչման տարիներն են: Այդ ժամանակ էր, որ ազատագրական պայքարի ծավալմանը զուգընթաց` համաշխարհային լրատվամիջոցները բառացիորեն ողողվեցին հայության եւ Հայոց ցեղասպանության վերաբերյալ բազմահատոր տեղեկություններով, հարցազրույցներով, հոդվածներով, գրքերով, հաղորդաշարերով ու ֆիլմերով…
ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում դեռ նախորդ` 2007-ի, լսումների առիթով ասել ենք, որ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացն ավարտվել է (1), ավարտվել է 1985-ով:
1985-ը` Գորբաչովյան պերեստրոյկայի եւ 1987-ը Եվրոպական պառլամենտի “Հայկական հարցի քաղաքական լուծման մասինե Բանաձեւի ընդունման տարեթվերն են, որոնց անմիջապես հաջորդել են Սումգայիթում, Բաքվում, Գանձակում եւ Ադրբեջանի այլ վայրերում բնակվող հայազգի քաղաքացիների կոտորածը, բռնագաղթը եւ ԼՂՀ-ի, ՀՀ-ի դեմ Ադրբեջանի սանձազերծված ռազմական ագրեսիան:
Նոր ժամանակների հայ ազգային ազատագրական պայքարի երկրորդ փուլը Արցախյան ազատամարտն է` 1988-1994 թթ., որի հաղթական ավարտից հետո, իսկապես, որ պետք է գար Հայոց ցեղասպանության դատապարտման ժամանակը, մանավանդ, երբ ազգովին դիմակայել էինք հայերի նոր ցեղասպանություն կազմակերպելու դավադրությանը:
Ու թեեւ թանկարժեք ժամանակը կորսված է, բայց ամեն ինչ կորած չէ:
Պարզապես, պետք է ընդունել, որ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացն ավարտված է եւ պետք է անցում կատարել Հայոց ցեղասպանության միջազգային դատապարտման գործընթացին: ՀՀ-ի կողմից դատապարտումը տեղի է ունեցել 1988-ի նոյեմբերի 22-ին, 1993-ից ՀՀ ԱԺ օրակարգում է այն ժամանակ Հայաստանի Հանրապետական Կուսակցության նախագահ Աշոտ Նավասարդյանի ներկայացրած առաջարկը` Հայոց ցեղասպանության միջազգային դատապարտման գործընթաց սկսելու վերաբերյալ:
Հայոց ցեղասպանության դատապարտման հարցով երեք եւ ավելի կողմեր կարող են դիմել միջազգային դատարան.
ա) Հայաստանի Հանրապետությունը (2), որը սակայն, այս հարցով, այժմ գտնվում է արեւմտյան ճնշումների տակ,
բ) ՄԱԿ-ի անդամ ցանկացած պետություն, որը ՄԱԿ-ի ,Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ դրա համար պատժի մասինե Կոնվենցիայի համաձայն` ստանձնել է այդպիսի պարտավորություն (3):
գ) ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը, բնականաբար, եւ`
դ) Սփյուռքահայությունը, այսինքն` Արեւմտյան Հայաստանի հայությունը, որպես ցեղասպանության ենթարկված ու հայրենիքից բռնագաղթված հավաքականություն, ուղղակի պետք է գտնել դրա ճիշտ տարբերակը…
2. Հայոց ցեղասպանության եւ Հայաստանի բռնազավթված տարածքների կապակցությամբ հնչող ոչ ճիշտ ձեւակերպումները, սխալ մեկնաբանություններն ու վնասակար կարծրատիպերը:
Պետք է ասել, որ եթերից ու մամուլով հաճախ են հնչում ոչ ճիշտ ձեւակերպումներ, սխալ մեկնաբանություններ, որոնք խեղաթյուրում են առկա իրողությունները, առաջացնում վնասակար կարծրատիպեր եւ ապակողմնորոշում հասարակությանը: Մեջբերենք երկու օրինակ, երկուսն էլ հնչել են ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Հայոց ցեղասպանության վերաբերյալ Բանաձեւի ընդունման փաստի առնչությամբ:
ա) Ոչ ճիշտ ձեւակերպված հարցադրումներից մեկը, որն այլ դեպքերում էլ է հնչել հետեւյալն է. “Եթե հողերը վերադարձնեն, ի՞նչ ենք անելու այնտեղ ապրող 6 միլիոն քրդերին”:
Առաջին հայացքից է թվում, թե հարցը բարդ է, իրականում պարզ ու դյուրին պատասխան ունի. “Ներկայիս Հայաստանում եւ վաղվա Հայաստանում գործելու են Հայաստանի Հանրապետության Անկախության Հռչակագիրը, Սահմանադրությունը, օրենքները եւ բոլոր նրանք, ովքեր կապրեն այդ պետության մեջ որպես հանրապետության օրինապահ քաղաքացիներ, կշարունակեն այնտեղ ապրել խաղաղ ու ստեղծագործական կյանքով: Նրանք, ովքեր չեն ընդունի Հայաստանի Հանրապետության Անկախության Հռչակագրի, Սահմանադրության, օրենքների գերակայությունը` կարող են հեռանալ: Դա վերաբերում է եւ 6 միլիոնին, եւ 60 միլիոնին, թվաքանակը այստեղ կարեւոր չէ, կարեւորը պետության կազմակերպման ձեւն է ու բովանդակությունը”:
Նույն հաջողությամբ նույն հարցը, օրինակ, կարելի էր ուղղել Գերմանիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի… ներկայացուցիչներին. ,Իսկ ի՞նչ եք անելու Գերմանիայում ապրող 5 միլիոն թուրքերինե: Պատասխանը կլիներ` ,Թուրքերը Գերմանիայում ինտեգրվում են եւ պարտավոր են ենթարկվել երկրի Սահմանադրությանն ու օրենքներինե:
բ) Հաճախ հանդիպող սխալ մեկնաբանություն է հետեւյալը. ,Եղեռնի ճանաչումը մեկ օրվա, մեկ տարվա հարց չէ… Թուրքիան պետք է փոխվի… ճանաչի ցեղասպանությունըե:
Անշուշտ, կողմերի համար` եւ հայերի, եւ թուրքերի, լավագույն տարբերակ կլիներ, եթե Թուրքիայի Հանրապետությունը ճանաչեր Հայոց ցեղասպանությունը եւ հայության կրած վնասը հատուցեր, այդ թվում` օկուպացված տարածքները վերադարձնելու միջոցով: Բայց, քանի որ հայությունը չի կարող նստել ու սպասել, անհրաժեշտ է գտնել խնդրի հանգուցալուծման այլ տարբերակ:
Այստեղ է, որ պետք է տարբերակել ցեղասպանության ճանաչման եւ ցեղասպանության դատապարտման գործընթացները, որովհետեւ ճանաչումը քաղաքական ակտ է, դատապարտումը` իրավական: Ճանաչումը գերազանցապես քաղաքական ակտ է եւ կարեւոր նշանակություն ունի հարցի իրավական հենքն ամրապնդելու տեսակետից:
Թուրքիան կարող է ճանաչել ցեղասպանությունը, բայց հույսը դնելով Եվրոմիություն-Իսրայել-ԱՄՆ ալյանսի աջակցության վրա` փորձել հրաժարվել վնասի հատուցումից, թեեւ դրա իրավունքը չունի, որովհետեւ Օսմանյան Թուրքիայի իրավահաջորդն է, ժառանգորդը: Ոչ մի հանցագործ ինքնակամ չի ընդունում մեղքը, քանի դեռ չի կանգնում դատարանի առաջ: Ուստի, խնդիրն ուղիղ պետք է դնել, որ “Հայոց ցեղասպանության դատապարտման եւ վնասի հատուցման խնդիրը միջազգային դատարանի իրավասության հարց է, որի վճիռը իրականացման տեսակետից պարտադիր է ցանկացած պետության, այդ թվում` Թուրքիայի Հանրապետության համար”: Այս դեպքում այլեւս կարեւոր չէ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ուղղակի կամ անուղղակի ճանաչումը:
Ինչպես կարող ենք համոզվել, կարիք չկա հասարակության մեջ ձեւավորել այն սխալ տեսակետը, թե` “Եթե Թուրքիան չի ճանաչում ցեղասպանությունը, ուրեմն հարցը փակուղի է մտնում”, կամ` “Որպեսզի հարցը լուծվի, պետք է սպասել մինչեւ Թուրքիան փոխվի”: Ամենեւին: Թուրքիան ընդամենը կարող է խոչընդոտել, ինչը եւ ճգնում է անել` առանց լուրջ հաջողությունների հասնելու, եւ ժամանակ շահելու նպատակով` առաջարկում է խնդիրը հանձնել պատմաբանների քննարկմանը:
Մինչդեռ, եւ Հայոց ցեղասպանության, եւ Հայկական հարցի հանգուցալուծումը միջազգային դատարանի ձեռքում է: Սրանք են այն փաստարկները, որոնք հաստատում են, թե Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը, հիմնականում, պետք է ավարտված համարել: Այժմ պետք է կենտրոնանալ ցեղասպանության դատապարտման գործընթացի վրա եւ դրանից հետո միայն մտածել հարաբերություններ կարգավորելու շատ կարեւոր խնդրի մասին:
“Ուխտ Արարատի”, Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի ազատամարտիկների եւ նախկին քաղբանտարկյալների հասարակական նախաձեռնություն