Ինչ կասեք մի երկրի մասին, որը չի զիջում «Իսլամական պետության» ահաբեկիչներին. Սերժ Սարգսյանը` Ադրբեջանի վայրագությունների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Միջազգային հանրությունը պետք է արագ ու վճռականորեն ամրատախիլ անի ցեղասպանածին երևույթները, այլատյացությունը, որոնք անմիջականորեն դրսևորվում են միջազգային իրավունքի սուբյեկտ հանդիսացող երկրի լուռ խրախուսմամբ: «Արմենպրես»-­ի փոխանցմամբ` «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի ժամանակ հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` անդրադառնալով ապրիլի առաջին օրերին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին ու դրանց ժամանակ իրականացված հանցագործություններին: «Ինչպես ցույց տվեցին վերջին տարիներին Մերձավոր Արևելքում ընթացող հակամարտությունները, մեր օրերում ցեղասպանությունների կանխարգելման հարցը մնում է արդիական և հրատապ:

Վերջին շրջանում աշխարհը սարսափած հետևում է, թե ինչպես են Մերձավոր Արևելքում Իսլամական պետության ահաբեկիչները տանջամահ անում, գլխատում ու անդամահատում անմեղ մարդկանց, այդ թվում՝ կանանց, երեխաների ու ծերերի։ Աշխարհը վրդովված է այս բարբարոսություններից այն դեպքում, երբ դա կատարողն ընդամենը մի ավազակախումբ է, որին դժվար է պատասխանատվության ենթարկել և որի դեմ կարելի է պայքարել միայն հրթիռներով: Սակայն, եթե ավազակախմբի կողմից իրականացված հանցանքների պարագայում նրանց դեմ պայքարում են հրթիռներով, ապա հարց է առաջանում թե ի՞նչ պատասխանատվություն են կրում միջազգային իրավունքի սուբյեկտ հանդիսացող պետությունները համանման հանցագործություններ խրախուսելու և իրականացնելու համար:

Ի՞նչ կասեք մի երկրի մասին, որը լինելով միջազգային իրավունքի լիարժեք սուբյեկտ, ՄԱԿ­-ի, ԵԽ-­ի և բազմաթիվ այլ կառույցների անդամ, մարդասիրական կոնվենցիաների ստորագրող կողմ, իր ձեռագրով ոչնչով չի զիջում «Իսլամական պետության» ահաբեկիչներին»,­ասաց Սերժ Սարգսյանը: Նախագահի խոսքով` ընդամենը մի քանի շաբաթ առաջ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ նախաձեռնված լայնածավալ հարձակման օրերին ադրբեջանցի զինվորները չբավարարվեցին միայն կրակելով․ նրանք անդամախեղեց տարեց մարդկանց, հայ զինվորին, կտրեցին նրանց գլուխներն ու ականջները՝ սոցիալական ցանցերում այդ ամենը որպես հերոսության դրսևորում ցուցադրելով ։ Եվ այս ամենը Ադրբեջանի իշխանությունների բացահայտ խրախուսմամբ: «Տարօրինակ չէ, արդյոք, որ նման բարբարոսական քաղաքականություն իրականացնող երկիրն այս օրերին հյուրընկալում է «Քաղաքակրթությունների դաշինք» խորագրով համաժողովը: Մի՞թե սա հանդուրժելի կեցվածք է»,­ նշեց ՀՀ նախագահը` հավելելով, քաղաքակիրթ մարդկությունը պետք է հասնի նրան, որ ատելության այս տեսակ սերմանումները տեղ չունենան ներկայի ժամանակներում:

Երևանում մեկնարկել է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումը: Այն հիմնականում կենտրոնացված կլինի ցեղասպանություն վերապրած կենդանի անձանց և փախստականների խնդիրների վրա: Գլոբալ ֆորումն ունենալու է 4 հիմնական բաժիններ: Տեղի կունենան նիստեր, իսկ յուրաքանչյուր նիստի ավարտին կլինի հարցուպատասխան, որի ընթացքում մասնակիցները կկարողանան իրենց հուզող հարցեըը տալ զեկուցողներին: Փակման բաժնում էլ նախատեսված են մասնակիցների ելույթները: Գլոբալ ֆորումը լուսաբանելու համար 70-­ից ավել արտասահմանյան լրատվամիջոցներ են հավատարմագրվել:




Լրահոս