ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Քիչ չեն դեպքերը, երբ իրենց տերերի ուղեկցությամբ զբոսնող շներն անհանգստացնում են զբոսայգիներում հանգստացող քաղաքացիներին, մանավանդ` երեխաներին: Նրանք «օգտվում են» ցայտաղբյուրներից եւ իրենց բնական պահանջները բավարարում` որտեղ պատահի: Ի՞նչ օրենք է գործում այս երեւույթի դեմ:

Արսեն Սարգսյան (29 տարեկան, դիզայներ)


ՊԱՏԱՍԽԱՆ.
Ի պատասխան Երեւանի քաղաքապետարանին ուղղված մեր հարցման` աշխատակազմի առեւտրի եւ սպասարկումների վարչությունից տեղեկացնում են, որ ընտանի կենդանիների հետ կապված հարաբերությունները կարգավորվում են ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 113 եւ 114-րդ հոդվածներով, Երեւան քաղաքի ավագանու 2011թ. հոկտեմբերի 24-ի` «Երեւան քաղաքում ընտանի կենդանիներ պահելու եւ հաշվառելու կանոնները հաստատելու մասին» N 312-Ն եւ Երեւանի քաղաքապետի 2012թ. մարտի 30-ի` «Ագրեսիվ շների ցանկը սահմանելու մասին» N 2912-Ն որոշումներով, որոնցում տրված են հարցի մանրամասն պատասխանները:
Մասնավորապես, Երեւան քաղաքի ավագանու վերոհիշյալ որոշման մեջ նշված է.
Արգելվում է` կենդանուն թողնել առանց հսկողության, շանը զբոսանքի տանելը մանկական հրապարակներում, առողջապահական, կրթական, մշակույթի, սպորտի հիմնարկների եւ շուկաների տարածքներում:
Շների զբոսանքն իրականացնելու ժամանակ տիրապետողը պետք է ապահովի շրջապատող անձանց անվտանգությունը։
Շների զբոսանքի ժամանակ տիրապետողը պարտավոր է՝
1) շանը տարածքից դուրս բերել կամ ներս տանել կապով, որի երկարությունը թույլ է տալիս հսկել շան վարքը: Մարդկանց եւ ուրիշ կենդանիներին սպառնացող շները (մարտական, ծառայողական, պարեկային եւ այլ ցեղատեսակի շներ, որոնք կարող են լինել ագրեսիվ եւ վտանգավոր մարդու կամ այլ կենդանու կյանքի կամ առողջության համար, այսուհետ` ագրեսիվ շուն) պետք է ունենան դնչկալներ։
2) ագրեսիվ շանը պահել դնչկալով մայթերով շարժման ժամանակ, հետիոտնի ճանապարհին, մարդաշատ վայրերում եւ երթեւեկության հատման մասերում։
Բնակելի թաղամասերում ագրեսիվ շների զբոսանքը թույլատրվում է իրականացնել միայն դնչկալի եւ կապի առկայության դեպքում: Հասարակական վայրերում տիրապետողը պետք է ագրեսիվ շանը պահի կարճ կապի վրա եւ դնչկալով։
Ագրեսիվ շների ցանկը սահմանված է Երեւանի քաղաքապետի վերոհիշյալ որոշմամբ:
Ճանապարհը կամ երթեւելի մասն անցնելիս, ինչպես նաեւ մայրուղիների մոտ` ճանապարհային պատահարների կանխման նպատակով տիրապետողը պարտավոր է կենդանուն պահել կարճ կապի վրա։

Երեւանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Չնայած ներկայացված կարգին, կարծում ենք, Երեւանի զբոսայգիներում շատերն են ականատես լինում շնատերերի հակառակ պահվածքին: Եվ այդ տգեղ երեւույթի դեմ պայքարելու համար, բացի միանգամայն ընդունելի որոշումներ եւ օրենսդրություն սահմանելուց, անհրաժեշտ է նաեւ քայլեր ձեռնարկել դրանք կիրառելու ու, հարկ եղած դեպքում, շնատերերին տուգանելու ուղղությամբ:




Լրահոս