“Ժողովուրդ”-ի հետ զրույցում սիրված դերասան ՎԱՐԴԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ պատմեց, թե ինչու հետընտրական թոհուբոհի ժամանակ անմիջապես եկավ Հայաստան ու ինչու հուսահատված հեռացավ:
-Պարո՛ն Պետրոսյան, նախագահական վերջին ընտրություններից հետո, երբ ժողովուրդը համախմբվել էր “Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի շուրջ, Դուք եւս Ֆրանսիայից հատուկ եկաք, կանգնեցիք Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին…
-Այո՛, ես հատուկ եկա: Փարիզում պատրաստում էի իմ նոր ներկայացումը, երբ սկսվեցին հետընտրական իրադարձությունները: Եկա, որովհետեւ տեսա, թե ինչքան հուսահատ են կանգնած մարդիկ Ազատության հրապարակում: Նախորդ անգամներն այդպես չէր, սա շատ տարբեր էր: Երիտասարդներ համարյա չկային, մարդիկ գլուխները կախ էին: Ես նայեցի ու ասացի` ամոթ մեզ, ուրեմն մեր հայրերը, ծնողները, տատիկները, պապիկները վեր են կացել, գնացել են հրապարակ, ընդ որում, նրանց ոչ ոք չէր ասել, չէր պրոպագանդել: Մարդիկ ընտրել էին իրենց առաջնորդին, եկել-կանգնել ու սպասում էին ինչ-որ բանի: Ես եկա ասելու՝ դուք սխալ չեք արել, դուք ճիշտ եք արել: Սա առաջին հերթին մտքի հաղթանակ էր, ներքին հաղթանակ: Ամեն մարդ իր մեջ տարել էր ներքին մեծ հաղթանակ, սա էր կարեւորը, դրա մասին պետք էր ասել: Շատերը կարծեցին, թե ես մտա քաղաքականություն, բայց ոչ. պարզապես ճիշտ չէր լինի, եթե ես գայի ու չբարձրանայի հարթակ: Ես կանգնեցի ու ասացի. “Մի՛ վախեցեք, ես ձեզնով հպարտ եմ ու հպարտ եմ, որ ես հայ եմ: Գլուխդ բարձր, հայ ժողովուրդ”: Այո՛, ես հարթակում Րաֆֆիի կողքին էի, որովհետեւ նա տեր կանգնեց շարժմանը:
-Իսկ հետո ի՞նչ եղավ, որ շատ անսպասելի մեկնեցիք Հայաստանից:
-Շարունակությունն այլ եղավ: Ես այդ երկու ամիսն այստեղ եմ եղել: Գնացի, երբ հուսախաբ եղա: Ես մտածում էի, որ բոլոր քաղաքական ուժերը կմիավորվեն, բայց դա տեղի չունեցավ: Այսօր դրա համար ոչ մեկին չեմ ուզում դատապարտել: Տեղի ունեցավ այն, ինչ որ տեղի ունեցավ: Ես զարմացա, երբ հետընտրական այդ շարժման ընթացքում քաղաքական ուժերն առանձնապես ձայն չէին հանում, իսկ նահախագի երդմնակալության օրվանից հետո՝ քաղաքապետի ընտրություններից անմիջապես առաջ, բոլորը, կարծես, խոսքները մեկ արած՝ սկսեցին իրար վրա ցեխ շպրտել: Բայց ինչո՞ւ դա չարեցին ավելի վաղ: Ինձ մոտ տպավորություն ստեղծվեց, որ այդ ամենը մտածված էր, գուցե այդ մարդիկ ուրիշ բան էին ուզում, ես՝ ուրի՞շ: Ես հազարումի “գուցե”-ի առաջ կանգնեցի եւ հենց նույն օրը, ի զարմանս իմ կնոջ, ով գիտեր, որ ես այստեղ դեռ շատ երկար եմ մնալու, մեկնեցի Փարիզ:
-Այդ իրադարձություններից հետո խոսե՞լ եք Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, գուցե նա պարզաբանե՞լ է, թե ինչու այդպես ստացվեց:
-Ոչ, չեմ խոսել. առիթ չի եղել, ժամանակ չի եղել: Ինքը կարողացավ շարժումը առաջ տանել այնքան, ինչքան կարողացավ, դա իր գործն է: Դա քաղաքական գործչի աշխատանք է, բայց ասել, որ Վարդանը մտավ քաղաքականություն, սխալ է: Րաֆֆիի կողքին կանգնելն այլ կերպ ընկալվեց, բայց նորից եմ ասում՝ ես կանգնած էի ժողովրդի կողքին ու բոլորովին այլ ընթացքի էի սպասում:
-Ի՞նչ էիք ակնկալում, որ չեղավ:
-Ես կարծում էի` մեր քաղաքական ուժերն այս առիթը կօգտագործեն, կմիավորվեն, կստեղծվի մեծ ընդդիմություն, ուժ կդառնան ու լուրջ արդյունքների կհասնեն: Այդպես չեղավ, ժողովուրդը ստացավ հերթական հուսահատության հարվածը, արտագաղթն ուժեղացավ: Տեսեք, ինչ է կատարվում:
-Վերջին շրջանում Ձեզ նկատեցի նաեւ մեր երիտասարդների կողքին, Դուք մասնակցում էիք “Free car” նախաձեռնությանը:
-Հրաշալի երիտասարդներ ունենք: Երբ երթուղային տաքսիների սակագները թանկացրին, բոլորն ըմբոստացան: Երբ ինձ հարցնում էին՝ ի՞նչ գնահատական եք տալիս, ասում էի՝ հրճվանքից քիչ է մնում սիրտս պայթի: Երեւանն ապրեց հրաշալի 5 օր, ինչ ուզում են, թող խոսեն:
-Ասում են՝ պայքարող երիտասարդների մեջքին որոշ մարդիկ, քաղաքական ուժեր են կանգնած:
-Հնարավոր է՝ էդպես լինի, վարկածները շատ են, բայց կարող է նաեւ այդպես չլինի: Անուններ են տալիս, դե, մենք էլ մի բուռ ազգ ենք, քավոր-սանիկ, ոնց պտտվես, նախագահին կհասնես: Ենթադրենք` այդպես է, բայց ես հո տեսել եմ երիտասարդների պայքարը, իրենց կողքին եմ եղել, ապրել եմ այդ լուսավոր պահերը: Ես խղճում եմ այն մարդկանց, որ, վերեւը նստած, չեն ապրում ու չգիտեն, որ աշխարհում կա մի ուրիշ կյանք` լի օդով… Կեցցեն մեր երիտասարդները, մենք իրենց անընդհատ ասում ենք՝ անխելք եք, չեք կարդում՝ մոռանալով, որ մենք ենք իրենց հենց էդպիսին դարձնում: Շատ հեշտ է ուրիշին մեղադրելը, իրականում երեւույթների, սխալների, խնդիրների մեջ մարդ պետք է միշտ իր ներկայությունը տեսնի: Իսկ մենք ինչ ենք անում. առավոտն արթնանում ենք, աչքներս բացում ու սկսում դատապարտել:
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ
Ժողովուրդ” օրաթերթի 598 համար