Սերժ Սարգսյանի հայտարարության հետքերով. Հայաստանը կպատերազմի՞, թե՞ կրկին պատրաստ է 5 տարածք զիջել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սերժ Սարգսյանը երեկ ամերիկյան Բլումբերգին պատմել է արցախյան հիմնահարցի բանակցային գործընթացից մի դրվագ՝ բացատրելով, թե ինչ փաստաթուղթ են պատրաստ եղել ստորագրելու: Ըստ Սարգսյանի՝ «Կազանի փաստաթուղթը մադրիդյան սկզբունքների վրա արված փաստաթուղթ էր` արդեն շատ ավելի ծավալուն: Այն ենթադրում է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը` ազատ կամարտահայտության միջոցով, եւ ասված է, որ այդ ազատ կամարտահայտությունն անպայման պետք է ունենա իրավաբանական ուժ, եւ այսպես մանրամասներ որոշակի: Բայց ժամկետ նշված չէ, թե երբ պետք է տեղի ունենա այդ ազատ կամարտահայտությունը:

Եվ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ստանում էր ժամանակավոր կարգավիճակ` ժամանակավոր այն հատվածի համար, որ պետք է լիներ, այսինքն՝ այդ փաստաթուղթը ստորագրելուց մինչեւ ազատ կամարտահայտություն անցկացնելու պահը: Ինչքան էլ տեւեր` 5 տարի, 50 տարի, 500 տարի: Այս փաստաթուղթը նաեւ նախատեսում էր, որ Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանության բանակը պետք է դուրս գար 5 տարածքներից եւ պետք է գային խաղաղապահ ուժեր, որպեսզի այլեւս կոնֆլիկտ չլինի: Բայց խաղաղապահ ուժերը պետք է տեղակայվեին ոչ թե այդ ազատագրված ողջ տարածքում, այլ կողմերի միջեւ: Իսկ ազատված տարածքներ պետք է վերադառնար ադրբեջանական բնակչությունը»: Սարգսյանը բացատրել է, որ այս փաստաթղթին Իլհամ Ալիեւը չի համաձայնել: Ստացվում է, որ Հայաստանը կողմ է եղել տարածքների հանձնմանը:

Այս պահին ՀՀ-ն պատրա՞ստ է ստորագրել նույն կազանյան համաձայնագիրը, թե՞ այլեւս այն մեզ համար մերժելի է, «Ժողովուրդ»-ի այս հարցին ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը պատասխանեց. «Նույն հարցազրույցում նախագահը մանրամասն խոսում է խաղաղ կարգավորման հնարավորությունների մասին։ Կարծում եմ՝ ամեն ինչ առավել քան հստակ է։ Նույն հարցին անդրադարձել է ԱԳ նախարարը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում եւ Լավրովի հետ ասուլիսին»: ՀՀ նախագահի մամլո խոսնակ Վլադիմիր Հակոբյանն էլ պարզաբանեց, թե. «Բլումբերգին տրված հարցազրույցում նա խոսում է Կազանի փաստաթղթի մասին: Ձեզ պաշտոնական ոչ մի մեկնաբանություն չեմ կարող տալ»:

Նկատենք, որ նշված հրապարակային բոլոր ելույթներում այդպես էլ հստակ չէ՝ այս պահին կազանյան փաստաթուղթը մեզ համար ընդունելի՞ է, թե՞ ոչ»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս