100 ՏԱՐՎԱ ԱՆԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ընդամենը մեկուկես տարուց լրանալու է Հայոց ցեղասպանության  100-րդ տարելիցը: Այդ իրադարձությանը Թուրքիան նախապատրաստվում է վաղուց եւ խիստ համակարգված ձեւով: Աշխարհի բոլոր կարեւոր կենտրոններում  մշտապես գործող թուրքական լոբբիստական  խմբերին թուրքական իշխանություններն արդեն իսկ տվել են համապատասխան հանձնարարականները` ոչ միայն  կասեցնելու Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը, այլեւ նախահարձակ լինելու` դրա համար օգտագործելով հնարավոր բոլոր հարթակները` սկսած քաղաքականից, ավարտած մշակութային եւ գիտական ասպարեզներով: Իսկ ի՞նչ է անում հայկական կողմը: Բնականաբար, ռեսուրսների առումով մենք չենք կարող մրցակցել Թուրքիայի հետ, սակայն, եթե  զուտ ֆինանսական միջոցները մի կողմ դնենք, ապա սա այն հարցն է, որտեղ մենք կարեւոր հաղթաքարտեր ունենք: Բայց  Ցեղասպանության հարյուրամյա տարելիցից մեկուկես տարի առաջ արդեն իսկ պարզ է, որ դրանցից ոչ մեկը լիարժեք չենք օգտագործել: Եվ այս հարցում առաջնային մեղքը, իհարկե, Հայաստանի Հանրապետությանն է` իր իշխանություններով, հասարակական, քաղաքացիական եւ մշակութային օղակներով հանդերձ: Իսկ Ցեղասպանության ճանաչման գործընթացում մինչ օրս գրանցված հաջողությունների համար էլ մենք պարտական ենք բացառապես Սփյուռքի մեր կառույցներին, որոնք, սակայն, վերջին տարիներին եւս  մի տեսակ  հիասթափվել ու թեւաթափ են եղել: Դրա համար, իհարկե, նրանք պատճառներ շատ ունեին, եւ առաջնայիններից մեկը հենց նույն հայ-թուրքական տխրահռչակ արձանագրություններն էին, որոնց հետ կապված լրջագույն խզում առաջացավ Հայաստան-Սփյուռք հարաբերություններում: Բայց  Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացում հայկական կողմի ամենամեծ թերացումն այն է, որ այդպես էլ չստեղծվեց  գործընթացը համակարգող մի հզորագույն քարոզչական մարմին, որտեղ ներառված կլինեին բոլոր ոլորտներում առաջնային դիրքեր զբաղեցնող հայազգի մեր հայրենակիցները: Իսկ ստեղծված հանձնաժողովը, ներկայացուցչական լինելով հանդերձ, բոլորովին այլ` առավել գիտական խնդիրների լուծմամբ է զբաղված: Մինչդեռ` գիտությունը գիտություն, բայց զանգվածային տեխնոլոգիաների դերն այսօր առավել կարեւոր է: Օրինակ, տասը ամենաարժեքավոր հաստափոր գիտական աշխատություններն այնպիսի ազդեցություն չեն կարող ունենալ, ինչպես գեթ մեկ հոլիվուդյան  ֆիլմը` համաշխարհային աստղերի մասնակցությամբ: Անցած տարիներին  Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ նկարելու պատրաստակամություն հայտնեցին այնպիսի համաշխահային մեծություններ, ինչպես Մել Գիբսոնն ու Սիլվեստր Ստալոնեն են, սակայն դա այդպես էլ իրականություն չդարձավ: Թե ինչու` դժվար չէ ենթադրելը. թուրքական լոբբին, ինչպես միշտ, աչալուրջ էր: Իսկ թե ուր էր ԱՄՆ հայկական լոբբին, կամ ինչու  հենց այդ նույն դերասանների հետ որոշակի աշխատանք չտարան ՀՀ  համապատասխան շրջանակները, այլեւս կարեւոր չէ. պահը` ամբողջ հարյուր տարի տեւողությամբ, այլեւս բաց է թողնված:




Լրահոս